«Ունենք սահմանադրական նորմերի այնպիսի մեկնաբանություն, որ հրաժարական տալը հրաժարական տալը չի». Արամ Վարդևանյան

Ապրիլի 23-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց  վարչապետի պաշտոնից իր հրաժարականի, ապա նաև՝   վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները ստանձնելու մասին, իրավաբանական հանրության շրջանում լուրջ քննարկումներ սկսվեցին և առ այսօր շարունակվում են: Իրավաբանների մի մասի պնդմամբ՝ հրաժարականից հետո Փաշինյանը չէր կարող ստանձնել վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները: Առավելապես իշխանության ներկայացուցիչ կամ մերձիշխանական իրավաբաններն էլ պնդում են, թե Փաշինյանի վարչապետի պաշտոնակատարի պարտականությունների ստանձնումը շատ էլ նորմալ երևույթ է:

«Հրաժարականով պայմանավորված վարչապետի ժամանակավոր պաշտոնավարման միջազգային և ներպետական կարգավորումը» թեմայով քննարկման ժամանակ փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ սա հետևանքն է նրա, որ վերջին շրջանում նույնիսկ մարդիկ, որոնք իրավաբանության հետ նշույլ, անգամ աղերս չունեն, շատ լուրջ մեկնաբանում են Սահմանադրական նորմերը:

«Եվ այդ մթնոլորտը, բնականաբար, ձևավորվեց վերջին 3 տարիների ընթացքում: Այդ մարդիկ, նույնիսկ կարելի է ասել՝ սահմանադրական իրավունքին վերաբերող մեկ գիտական հոդված անգամ չեն կարդացել, բայց շատ լուրջ դեմքի արտահայտությամբ սկսում են համակարգային մեկնաբանություններ կատարել սահմանադրական կարգի կամ հիմունքների վերաբերյալ»,- ասաց փաստաբանը:

Արամ Վարդևանյանի խոսքով՝ այժմ որոշ մարդիկ Սահմանադրության 158-րդ հոդվածը մեկնաբանում են այնպես, որ տպավորություն է ստեղծվում, թե հեռուստացույցի վահանակի ու այդ վահանակին կից հաստափոր թղթերի հետ գործ ունեն, որում ըստ հերթականության գրված են այն գործողությունները, որոնք պետք է արվեն: Ըստ փաստաբանի՝ տպավորություն է, որ ոմանք մտածում են, թե պետք է լինեն այդպիսի կարգավորումներ, նշվեն, թե վարչապետի հրաժարականի դեպքում քայլ առ քայլ ինչ պետք է անել, իսկ եթե դա չկա, կա Սահմանադրության մեջ գրված՝ «կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը», հետևաբար՝ դրանով ամբողջ դիսկուրսը լուծվեց:

Արամ Վարդևանյանի խոսքով՝ հրաժարական տալը կամքի արտահայտություն է ու տարբերվում է Սահմանադրության 158-րդ հոդվածով նախատեսված հրաժարականի մյուս հիմքերից, որոնցում կառավարության կամարտահայտությունը չկա (Կառավարությանը վստահություն չհայտնելը, Կառավարության ծրագրին հավանություն չտալը):

«Վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելը կտրականապես տարբերվում է այդ հիմքերից մի պարզ պատճառով՝ մարդը կամք է հայտնել, մարդը հայտնել է, որ ուզում է հրաժարական տա: Այսինքն՝ մենք Հայաստանում ունենք սահմանադրական նորմերի այնպիսի մեկնաբանություն, որ հրաժարական տալը հրաժարական տալը չի, որ հրաժարական տալը ոչ մի հետևանք չունի… Նման դեպքում, օրինակ, կառավարության մյուս անդամները, ի տարբերություն վարչապետի, նման կամք չեն արտահայտել: Օրինակ՝ փոխվարչապետները, նախարարները հրաժարական չեն տվել: Իրենք պարզապես իրավունքի ուժով ձեռք են բերել պարտականությունները կատարողի կարգավիճակ: Բայց վարչապետը միակ անձն է, որ ասել է՝ «ես էլ չեմ ուզում պարտականություն կատարեմ»: Հասկանո՞ւմ եք՝ չի կարող լինել նորմի՝ այս աստիճան խեղված մեկնաբանություն, ուղղակի չի կարող»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս