Չեխիայում զանգվածային բողոքներ են անցկացվել երկրի նախագահի դեմ
Ապրիլի 29-ին մի քանի հազար մարդ մասնակցել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի դեմ բողոքի ակցիաներին: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը: Բողոքողները հավաքվել են կենտրոնական Վացլավսկե հրապարակում:
Նրանք պահպանել են սոցիալական հեռավորությունը և դիմակներ կրել:
Ակցիայի մասնակիցները Զեմանին մեղադրում են պետական դավաճանության մեջ և պահանջում, որպեսզի խորհրդարանը համապատասխան մեղադրանք առաջադրի նախագահին՝ կապված 2014 թվականին Չեխիայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի պահին Վրբետիցայում «ռուսաստանյան գործակալների» ներկայության մասին տվյալների բացակայության վերաբերյալ վերջերս արած նրա հայտարարությունների հետ:
Երկրի նախագահի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Չեխիայի այլ քաղաքներում:
Ապրիլի 17-ին Չեխիայի իշխանություները հաղորդել էին Ռուսաստանի 18 դիվանագետների արտաքսելու որոշման մասին:
Պրահայի վարկածով, խոսքը հետախուզության աշխատակիցների մասին է, որոնք աշխատում էին դիվանագիտական քողարկման ներքո: Չեխիայի իշխանություններն այդ քայլին են գնացել, քանի որ, իրենց վարկածով, Ռուսաստանի հատուկ ծառայությունները, պարզվել է, մասնակից են 2014 թվականին Վրբետիցա չեխական բնակավայրում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունին: Այդ ժամանակ զոհվել է երկու մարդ:
ՌԴ ԱԳՆ-ն, ի պատասխան, Մոսկվայում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակիցների հայտարարել է «անցանկալի անձ»: Դրա հետ մեկտեղ ապրիլի 25-ին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ անվտանգության տեղեկատու ծառայությունը (Չեխիայի հակահետախուզություն) ոչ մի ապացույց չունի այն բանի կապակցությամբ, որ «ռուսաստանյան գործակալներն» իբր պայթյունի պահին այցելել են Վրբետիցա գյուղի շրջան: «Եկեք սպասենք հետաքննության արդյունքներին և միայն դրանից հետո որոշում կայացնենք»,-ընդգծել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: