«Ստեղծված պայմաններում փրկության ճանապարհը մեկն էր…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուղիղ 30 տարի առաջ այս օրերին ադրբեջանական հրոսակախմբերը՝ նախկին խորհրդային բանակի գործուն աջակցությամբ Արցախի մի շարք հատվածներում և Գետաշենի ենթաշրջանում իրականացրին «Օղակ» («Кольцо») գործողությունը: Շուրջ մեկ ամիս տևած օպերացիայի արդյունքում հայաթափվեց 24 հայկական բնակավայր, բռնատեղահանվեց ավելի քան 5000 բնակիչ, սպանվեց 41 մարդ, շուրջ 70-ը վիրավորվեց, 335-ը՝ պատանդ տարվեց անհայտ ուղղությամբ, որից հետագայում փրկագնով կամ փոխանակմամբ ազատ արձակվեց ընդամենը 189 հոգի: Թե ով էր գործողության նախաձեռնողը և ինչպիսի ընթացք ունեցավ այն, հետաքրքրվողները կարող եք իմանալ ստորև ներկայացվող անդրադարձից…

«ՕՂԱԿ«» («КОЛЬЦО») ՕՊԵՐԱՑԻԱ

…Դեռևս 1989թ. «անօրեն գործող ռազմական կազմավորումների կազմալուծմանն ու անձնագրային ռեժիմի ստուգման ուղղված գործողությունների» անվան տակ, Մոսկվայում մշակվեց համապատասխան պլան, որն, ինչպես վկայում է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը, Բաքվի պնդմամբ գործողության մեջ դրվեց միայն 1991-ին: Օպերացիան, որը ստացավ «Кольцо» («ղա») պայմանական անվանումը և կատարման ընթացքն անձամբ համակարգվեց ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Յու. Շատալինի կողմից, ըստ ադրբեջանական ղեկավարության հիմնավորման, իբր «նպատակ ուներ հայկական զինված ջոկատներից ազատել Չայքենդ (Գետաշեն), Գարաբուլաղ (Լեռնաղբյուր), Կամո, Ազատ, Մարտունաշեն, Թոդան և այլ գյուղերը, որոնցից հարձակման էին ենթարկվում շրջակա բնակավայրերն ու Բաքու-Գյանջա ուղերթով աշխատող ավտոբուսները»:

Հարկ է նշել, որ նախքան այդ օպերացիայի մշակումը, Հյուսիսային Արցախի հայաթափման ուղղությամբ ադրբեջանական իշխանություններն արդեն իսկ ձեռնարկել էին որոշ քայլեր: Մասնավորապես, 1991թ. հունվարի 14-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ լուծարվել էր Շահումյանի շրջանը և այն միացվել Կասում Իսմայիլովի (Գերանբոյ) շրջանին: Նույն ժամանակ Բաքվի քաղաքական ղեկավարության ցուցումով Արցախում, Շահումյանում և Գետաշենում տեղակայված ադրբեջանական օմոնականների թվաքանակը, ինպես վկայում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ՆԳՆ նախկին ներկայացուցիչ Էլդար Մուրադովը, ի հաշիվ հիմնականում Աֆղանստանում ծառայություն անցած միլիցիայի աշխատակիցների, կրկնապատկվեց:

Գործողությանը նախատեսվում էր ներգրավել նաև ժողճակատային զինված բանդաներն ու ԽՍՀՄ ներքին զորքերի և նախկին խորհրդային բանակի որոշ ուժեր: Համաձայն օպերացիայի պլանի, որոշվել էր առաջին հարվածը հասցնել Գետաշենին և Մարտունաշենին, ինչի համար այդ ուղղությամբ կենտրոնացվել էին ոչ միայն բազմաքանակ հրոսակախմբեր, այլև զրահատեխնիկա և հրետանային ուժեր:

Հայկական ենթաշրջանի ինքնապաշտպանները, որոնց աջակցում էին Շահումյանից, Արցախից և Հայաստանից օգնության հասած կամավորականները, ամիսներ շարունակ դիմագրավելով խաշնարածների գրոհները, այդ օրերին հայտնվել էին անելանելի կացության մեջ: Նրանց վիճակված էր ոչ միայն դիմանալ խորհրդային կանոնավոր ստորաբաժանումների, օմոնականների և ժողճակատային կազմավորումների ճնշմանը, այլև ինքնապաշտպանական մարտերին զուգահեռ քայլեր ձեռնարկել հազարավոր խաղաղ բնակիչների, որոնք հիմնականում կանայք, երեխաներ ու ծերեր էին, մարտական գործողությունների գոտուց անվտանգ դուրս բերելու մասին:

Ապրիլի 29-ի գիշերը Ղուշչի-Արմավիր և Սարիսու գյուղերում տեղակայված ադրբեջանական ռազմահենակետերից աննախադեպ հրթիռակոծության ենթարկվեցին Գետաշենն ու Մարտունաշենը, իսկ առավոտյան՝ տասնյակ զրահամեքենաների և 6 գրոհային ուղղաթիռների աջակցությամբ, խորհրդային զորքերն ու ազերի ավազակախմբերն անցան գրոհի: Հայկական բնակավայրերի պաշտպանները հիմնականում զինված էին որսորդական հրացաններով, մի քանի ինքնաձիգերով, որոնց մի մասը ինքնաշեն, Մարտունաշենում կար մեկ գնդացիր և երկու հակատանկային ական: Չնայած ուժերի և միջոցների բացարձակ առավելությանը, այդուհանդերձ մարտական գործողությունների առաջին օրվա ընթացքում հակառակորդն անզոր եղավ հասնել շոշափելի հաջողության:

Հաջորդ օրը՝ ապրիլի 30-ին վերսկսվեց գրոհը: Նախքան հարձակման անցնելը, հեռահար հրետանուց և զրահատեխնիկայից հզոր արկակոծման ենթարկվեցին Մարտունաշենն ու Գետաշենը, որին հաջորդեց խորհրդային բանակի ստորաբաժանումների և դրանց կրնկակոխ հետևող ադրբեջանական զինյալների առաջխաղացումը:-«Բանակը կոտրեց ինքնապաշտպանական ուժերի դիմադրությունը և մտավ Գետաշեն,-վկայում է ականատեսը:-Հետո եկան թուրք հրոսակախմբերը՝ թալանելու, ավերելու, կոտորածը շարունակելու: Ամենավերջում մեքենաներով, սայլերով գյուղ մտավ թուրք խուժանը՝ հայերի վաստակը թալանելու…»:

Գետաշենում սկսված ջարդը կանխելու համար հայ ազատամարտիկները ստիպված էին դիմելու ծայրահեղ ու, թերևս, բավականին հանդուգն քայլերի: Դրանցից մեկը Գետաշենի ինքնապաշտպանության ոգի Թաթուլ Կրպեյանի անձնազոհ գործողությունն էր: Պատանդ վերցնելով խորհրդային բանակի գնդապետին, նա պահանջեց դադարեցնել գյուղում իրականացվող վայրագությունները: Թաթուլը սպառնաց, որ իր պահանջը չկատարելու դեպքում կպայթեցնի մարտական վիճակի բերված ձեռքի նռնակը ու դրանով վերջ կտա և՛ իր, և՛ ռուս հրամանատարի կյանքին: Սակայն, րոպեներ անց, երբ կարծես թե բանակցություններ էին գնում փոխզիջման միջոցով ստեղծված վիճակից դուրս գալու համար, դարանից արձակված դիպուկահար կրակոցից սպանվում է հերոս հայորդին… Թաթուլի քայլը, եթե անգամ դաժան ոսոխին հետ չպահեց իր հետագա գործողություններից, այդուհանդերձ նրան զգացնել տվեց, որ գործ ունի ոչ թե խեղճ մահկանացուների, այլև իր իրավունքների պաշտպանության համար ինքնազոհողության պատրաստ նվիրյալների հետ:

Ապրիլի 30-ին տեղի ունեցած հարձակման արդյունքում սպանվեց 17 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, շուրջ 100 հոգի վիրավորվեց, 40-ը՝ պատանդ վերցվեց: Հաջորդ օրը Խանլարի շրջկոմի նախագահի ստորագրությամբ հայ բնակչությանը ներկայացվեց հետևյալ բովանդակությամբ վերջնագիր-կարգադրություն.

«…Ընդառաջելով Չայքենդ (Գետաշեն.-Ս.Հ.) և Մարտունաշեն գյուղերի բնակիչների կողմից այլ տարածքներում մշտական վերաբնակություն հաստատելու վերաբերյալ բազմիցս մեզ ներկայացված դիմումներին, Խանլարի շրջգործկոմը երաշխավորում է.

1.Օրենքի պահանջներին խստորեն հետևելով՝ ապահովել անձնական տների ու սեփականության վաճառքի փաստաթղթերի ձևակերպումը և դրամական գումարների վճարումը առաջիկա երեք օրերի ընթացքում:

2.ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի միջոցով ապահովել քաղաքացիների անվտանգ տարհանումը Ադրբեջանի տարածքով:

3.Վերը շարադրվածը համաձայնեցված է հանրապետության և ԽՍՀՄ ՆԳՆ ղեկավարության հետ»:

Բնականաբար տեղի հայությունը չէր կարող ընդունել այդ շինծու և նվաստացուցիչ փաստաթղթի պահանջները: Բայց միևնույն դեպքում պարզից էլ պարզ էր, որ ներկայացված պահանջների չկատարումը նշանակում էր գնալ ոչ միայն Բաքվի, այլև միութենական իշխանությունների որոշման դեմ: Այդուհանդերձ, գետաշենցիներն ու մարտունաշենցիները որոշեցին մերժել վերջնագիրը…

Մայիսի 1-ին՝ համայնավարական իշխանապետության տարիներին այնքան փառաբանված «աշխատավորների միջազգային համերաշխության օրը», Ադրբեջանում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի զրահատանկային ստորաբաժանումներն ու ռազմաօդային ուժերը աներևակայելի դաժանությամբ սկսեցին արկակոծել Գետաշենն ու Մարտունաշենը պաշտպանող ազատամարտիկների դիրքերը, իսկ այուհետև հարձակման անցավ հետևակը: Առաջին հարվածը հասցվեց Մարտունաշենին: Չդիմանալով մինչև ատամները սպառազինված խորհրդային բազմաքանակ կանոնավոր զինուժի ճնշմանը, գյուղի բնակչությունը ստիպված էր թողնել տուն ու տեղ և երկու մասի բաժանվելով, բռնել Գետաշենի և Շահումյանի ճանապարհը:

Մարտունաշենը զավթելուց հետո հարձակման թիրախ դարձավ Գետաշենը: Գտնվելով պաշարման մեջ, գյուղի պաշտպանները չորս օր շարունակ դիմակայեցին խորհրդային զորքերի և ադրբեջանական գրոհայինների ճնշմանը: Սակայն մարտերն ընթանում էին անհավասար պայմաններում: Զոհերից խուսափելու և խաղաղ բնակչության անվտանգ դուրս բերումն ապահովելու համար, մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը գյուղի պաշտպանները ճեղքեցին շրջափակման օղակը և անցան Շահումյանի տարածք: Մինչև մայիսի 8-ը Գետաշենի ենթաշրջանն ամբողջությամբ բռնատեղահանված էր: Շուրջ 3500 բնակիչների մի մասը, անտառապատ տարածքները հաղթահարելով, իր փրկությունը գտավ Շահումյանի շրջանի Մանաշիդ գյուղում, իսկ մի մասն էլ՝ խորհրդային զորքերի սվինների ներքո, ուղղաթիռներով տեղափոխվեց Ստեփանակերտ:

«Օղակ» օպերացիայի անվան տակ իրականացված Գետաշենի ենթաշրջանի գյուղերի բռնատեղահանման գործընթացն իր շարունակությունն ունեցավ նաև Հադրութի և Շուշիի շրջաններում: Դեռևս ապրիլի 25-ից 28-ը խորհրդային ներքին զորքերի ստորաբաժանումները, իրենց դատախազության աշխատակիցներ ներկայացնող քաղաքացիական հագուստով ադրբեջանցիների ուղեկցությամբ, անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով, գործողություններ ծավալեցին Հադրութի հյուսիսային ենթաշրջանի համարյա բոլոր գյուղերում և ձերբակալելով տեղաբնակ հայ բնակիչներից մի քանիսին, տեղափոխեցին Ֆիզուլիի մեկուսարան: Չնայած Ստեփանակերտում նստած ադրբեջանական իշխանությունների դրածո Վ. Պոլյանիչկոն փորձում էր ձեռնարկվող միջոցառումները ներկայացնել որպես անձնագրային ռեժիմի ստուգում է և ոչ ավելին, այդուհանդերձ՝ դեպքերի ընթացքից պարզ երևում էր, որ դա զանգվածային տեղահանության նախապատրաստություն է: Իսկ դրանում համոզվելու համար երկար սպասել պետք չեղավ:

Մայիսի 13-ին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերն ու ադրբեջանական օմոնականները ներխուժեցին Առաքել և շրջակա մի շարք գյուղեր ու սկսեցին կատարել խուզարկություններ և զանգվածային ձերբակալություններ: Հարակից Բանաձոր և Ցոր գյուղերի բնակիչները կանխազգալով, որ նույնը սպասվում է նաև իրենց, որոշեցին կանանց և երեխաներին տեղափոխել Հադրութ: Հաջորդ օրը վայրագություններով ուղեկցվող ստուգումները շարունակվեցին հարևան բնակավայրերում: Մարդկանց ստիպում էին դիմումներ գրել մարզի տարածքը «ինքնակամ» թողնելու մասին: Բնակչության շրջանում սարսափ տարածելու նպատակով երեկոյան Ջիլան գյուղում հրի մատնվեց երկու տուն, իսկ մայիսի 15-ին Արփագյադուկում սպանվեց չորս ծերունի՝ երկու կին և երկու տղամարդ: Այս և մյուս բարբարոսություններն ուղեկցվում էին հայ բնակչության ունեցվածքի թալանով, իսկ որոշ գյուղերում՝ տները սեփականացնելով:

Ստեղծված պայմաններում փրկության ճանապարհը մեկն էր՝ դիմել ինքնապաշտպանության: Այդ ուղղությամբ առաջին գործնական քայլը կատարվեց մայիսի 16-ին՝ Էդիլլուի ենթաշրջանի գյուղերում: Այդ օրը խորհրդային զորքերն ու ադրբեջանական օմոնականները հերթական «ստուգումներ» իրականացնելու նպատակով մտան գյուղ, սակայն «աղ ու հացով» դիմավորելու փոխարեն, այս անգամ ձորակի բնակչությունը նրանց դիմավորեց հարազատ օջախը պաշտպանելու վճռականությամբ: Հաջորդ օրը Խանձաձոր և Ցոր գյուղերին օգնության հասան արդեն բացահայտ գործող առաջին կամավորական ջոկատները և կանգնեցրին ազերի խաշնարածների կողմից սկսված թալանը:

Հայ ինքնապաշտպանների այս հանդուգն գործողությունից գոտեպնդված, օրեր առաջ իրենց օախները թողած խանձաձորցիները վերադարձան գյուղ: Սակայն, այս ամենով հանդերձ, շրջանի որոշ հատվածներում իրավիճակը շարունակում էր մնալ ծայրահեղ ծանր: Առաքյուլում, Բանաձորում, Քարագլխում, Մուլքուդարայում և Դոլանլարում դեռևս թալանը շարունակվում էր: Կամավորական ջոկատների կողմից այդ գյուղերում դժվար էր որևէ կանխարգելիչ գործողություն իրականացնել, քանի որ դրանցում առկա էր զինվորականների ու օմոնականների խոշոր խմբաքանակ, իսկ վերևից տարածքն անընդհատ հսկում էին ռազմական ուղղաթիռները:

Չնայած այս դժվարություններին, այդուամենայնիվ, մայիսի 20-ին կամավորականների առաջին խմբին հաջողվեց մտնել Քարագլուխ, իսկ երեք օր անց՝ հայ ինքնապաշտպաններն արդեն Միլքուդարա գյուղում էին: Նույն ժամանակ Հին Թաղերի և Սպիտակաշենի կամավորականների օժանդակությամբ Խանձաձորի ջոկատը ազերի ավազակախմբերին դուրս շպրտեց գյուղից և հնարավորություն ստեղծեց բնակիչներին վերադառնալ իրենց օջախները:

Հադրութում օր-օրի աճող դիմադրությունը Բաքվի իշխանություններն ընդունեցին սվիններով: Հունիսի սկզբին շրջանում տեղակայված խորհրդային զորքերն աստիճանաբար սկսեցին դուրս բերվել, իսկ ադրբեջանական օմոնականները համալրվել հավելյալ ուժերով: Դրան զուգահեռ, այդ օրերին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց հայաթափված բնակավայրերը ադրբեջանցիներով բնակեցնելու մասին: Տվյալ որոշումը կյանքի կոչելու համար առաջին քայլը կատարվեց հունիսի 3-ին՝ Քարագլուխ և Դոլանլար գյուղերում, որն այնուհետև շարունակվեց Բանաձորում, Առաքելում և Ծամձորում: Գործողություններն իրականացվում էին մարտական ուղղաթիռների և ադրբեջանական զինված խմբավորումների ներգրավմամբ, որը խուճապ առաջացրեց ոչ միայն նշված գյուղերում, այլև Խծաբերդ, Հին Թաղեր, Խանձաձոր և հարակից այլ բնակավայրերում: Մինչև հունիսի 10-ը Հադրութի շրջանում լրիվությամբ հայաթափվեց 14 գյուղ: Բնակչության մի մասը պատսպարվեց շրջկենտրոնում, իսկ մի մասը տեղափոխվեց Հայաստանի Գորիսի շրջան:

Նույն ծանր վիճակն էր տիրում նաև Շուշիի շրջանի հայկական գյուղերում: Մայիսի 18-ին տեղահանվեց շրջանի հինգ հայկական բնակավայրերից չորսը՝ Մեծ շենը, Հին շենը, Եղծահողը և Ծաղկաձորը: Քարին տակը միակ հայկական բնակավայրն էր, որ կանգնեց մինչև ատամները զինված ոսոխի դեմ և շարունակց պայքարը հանուն իր հողի և ազատության:

«Օղակ» գործողության արդյունքում հայաթափվեց 24 բնակավայր: Ըստ «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի տվյալների, միայն 1991թ. մայիսից մինչև հունիսի սկիզբն ընկած ժամանակահատվածում այդ գյուղերից բռնատեղահանվեց ավելի քան 5000 բնակիչ, սպանվեց 41 մարդ, շուրջ 70-ը վիրավորվեց, 335-ը՝ պատանդ տարվեց անհայտ ուղղությամբ, որից հետագայում փրկագնով կամ փոխանակմամբ ազատ արձակվեց ընդամենը 189 հոգի:

Գործողությունից օրեր անց արցախա-ադրբեջանական սահմանային շրջաններ այցելեցին ակադեմիկոս Ա. Դ. Սախարովի հիշատակին Մոսկվայում անցկացված «Խաղաղություն, առաջադիմություն. մարդու իրավունքներ» միջազգային կոնգրեսի մասնակից մի շարք հայտնի փորձագետներ: Սեփական աչքերով տեսնելով ստեղծված իրավիճակը, նրանք արձանագրեցին հետևյալը. «Մենք համոզվեցինք, որ վերջին ամսվա ընթացքում տեղի է ունեցել մի ամբողջ շարք գյուղերի բռնի տեղահանությաուն, որի հետևանքով տուժել են հազարավոր հայեր… Այդ տեղահանությունների իրականացման միջոցները միատեսակ են եղել: Գյուղերի բնակիչներին շրջապատել են տանկերով, ողղաթիռներով և զրահափոխադրիչներով զինված խորհրդային ներքին զորքերը: Ըստ ականատեսների և տուժածների հաղորդումների, օմոնականների ջոկատները կոտորել, տանջանքների և տեռորի են ենթարկել հայերին: Օմոնը և ադրբեջանական ազգության տեղական բնակիչները զբաղվել են տների, մեքենաների, անասունների և այլ անձնական ունեցվածքի ապօրինի բռնագրավմամբ: Նրանք հաճախ նաև բեռնատարներ են բերել կողոպտածը բարձելու համար…»։

Հայկական բնակավայրերի բռնատեղահանման գործողությունները շարունակվեցին նաև ամառվա ընթացքում: Հարվածի թիրախն արդեն Շահումյանի և Մարտակերտի շրջանների գյուղերն էին: Ադրբեջանական գրոհայինները, տակավին խորհրդային կաշառված զորքերի գործուն աջակցությամբ, ասպատակեցին Էրքեջ, Բոզլուխ, Մանաշիդ բնակավայրերը, շրջափակման մեջ առան Հաթերքն ու Վերին Հոռաթաղը:

Դեպքերի զարգացման ընթացքը պարզորոշ կերպով ցույց էր տալիս, որ հակամարտությունը տեղային բնույթի գործողություններից աստիճանաբար վեր է ածվում լայնածավալ պատերազմի: Արցախահայությունը դրանում վերջնականապես համոզվեց 1991-ի սեպտեմբերի 25-ին, երբ ադրբեջանական կողմը Շուշիից առաջին անգամ «Ալազան» տեսակի հրթիռահրետանային կայանքից արկակոծության ենթարկեց Ստեփանակերտը, իսկ այնուհետև սկսեց բացեիբաց զինել Արցախում որջավորված ադրբեջանաբնակ գյուղերը՝ դրանք դարձնելով տարատեսակ սպառազինություններով համալրված ռազմահենակետեր»:

Տեսանյութեր

Լրահոս