«Հրաժարական է տվել վարչապետը, չկա այդ մարդը, վե՛րջ, ինքը գործ չունի վարչապետի լիազորությունների հետ»․ Արթուր Հովհաննիսյան
Ապրիլի 23-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, դրան անմիջապես հետևեց, որ ստանձնելու է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: Դրանից հետո իրավաբանական հանրության շրջանում սկսեց քննարկվել, թե արդյո՞ք պաշտոնավարումը, թեկուզ ժամանակավորապես, շարունակելու իրավունք ունի վարչապետը, թե՞ ոչ:
«Հրաժարականով պայմանավորված վարչապետի ժամանակավոր պաշտոնավարման միջազգային և ներպետական կարգավորումը» թեմայով քննարկման ժամանակ արդարադատության նախկին փոխնախարար, «Կոնցեռն Դիալոգ» ընկերության գործընկեր-փաստաբան Արթուր Հովհաննիսյանը ուշադրություն հրավիրեց այն հարցին, թե արդյո՞ք վարչապետի հրաժարականը բերում է իր պաշտոնի թափուր մնալուն, թե՞ չէ:
Իրավաբանի խոսքով՝ այս հարցի պատասխանը դրված է Սահմանադրության 149-րդ հոդվածում, որը վերաբերում է վարչապետի հրաժարականի դեպքում Ազգային ժողովի վարքագծին, և որում ասված է «վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում…» արտահայտությունը:
«Այսինքն՝ մեր Սահմանադրությունը հստակ վարչապետի հրաժարական տալը դիտում է վարչապետի պաշտոնի թափուր մնալու դեպքերից մեկը: Հետևաբար, եթե մենք նայում ենք հերթականությունը գործողությունների՝ ինչ է տեղի ունենում, վարչապետը հրաժարական է տալիս, առաջանում է վարչապետի պաշտոնի թափուր տեղ: Դրանից հետո նույն օրվա մեջ Սահմանադրությունը պարտադրում է կառավարությանը՝ դիմելու իր հրաժարականով նախագահին, նույն օրը, մի քանի ժամ հետո, 20 ժամ հետո, կարևորն այդ պահն է: Այդ պահին, երբ կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը, մենք ունենք վարչապետի թափուր պաշտոն: Նշանակում է՝ չկա էլ վարչապետ, չկա ինչ-որ խոսակցություն՝ վարչապետը այդ կառավարության անդամն է այդ պահին, թե այդ պահին կառավարության անդամ չէ:
Նախագահը, բնականաբար, անհապաղ կառավարության հրաժարականը ընդունում է, և այստեղ է այդ շան գլուխը՝ «կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել»: Ո՞ր անդամները: Եթե, օրինակ, վարչապետի հետ հրաժարական տար նախարարներից մեկը, ի՞նչ էր տեղի ունենալու: Կառավարության անդամները շարունակելու էին պաշտոնավարել, այդ թվում՝ նաև ա՞յդ նախարարը: Իհարկե ոչ, որովհետև և՛ նախկին վարչապետը, և՛ այդ նախկին նախարարը, որոնք երկուսն էլ հրաժարական են տվել, այլևս կառավարության անդամ չեն կարող հանդես գալ»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Իրավաբանի խոսքով՝ անգամ «Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին» օրենքը մշակելիս բոլորն ընկալել են՝ «Հրաժարական է տվել վարչապետը, չկա այդ մարդը, վե՛րջ, ինքը գործ չունի վարչապետի լիազորությունների հետ», և շարժվել են այդ կանխավարկածով:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում