Պաշտոնատար անձանց պարագայում կիրառելի չէ «այն, ինչ արգելված չէ, թույլատրվում է» սկզբունքը. Գևորգ Դանիելյան

Ապրիլի 23-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց  վարչապետի պաշտոնից իր հրաժարականի, ապա նաև՝   վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների ստանձնելու մասին, իրավաբանական հանրության շրջանում լուրջ քննարկումներ սկսվեցին և առ այսօր շարունակվում են: Իրավաբանների մի մասի պնդմամբ՝ հրաժարականից հետո Փաշինյանը չէր կարող ստանձնել վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները: Առավելապես իշխանության ներկայացուցիչ կամ մերձիշխանական իրավաբաններն էլ պնդում են, թե Փաշինյանի վարչապետի պաշտոնակատարի պարտականությունների ստանձնումը շատ էլ նորմալ երևույթ է:

«Հրաժարականով պայմանավորված վարչապետի ժամանակավոր պաշտոնավարման միջազգային և ներպետական կարգավորումը» թեմայով քննարկման ժամանակ արդարադատության նախկին նախարար, սահմանադրական իրավունքի մասնագետ Գևորգ Դանիելյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարականից հետո պաշտոնավարումն արդարացնող պնդումներին:

Մոտեցումներից մեկի համաձայն՝ հղում է արվում Սահմանադրության 158-րդ հոդվածին, ըստ որի՝ վարչապետի հրաժարականի արդյունքում կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել: Ըստ Դանիելյանի՝ սա ենթադրում է, որ վարչապետը համարվում է կառավարության անդամ, հետևաբար՝ ինքը ևս կարող է պաշտոնավարել, ու ըստ էության չկա որևէ տարանջատում նախարարների, փոխվարչապետների ու վարչապետի միջև:

Երկրորդ մոտեցման կողմնակիցները հիմնավորում են, որ Սահմանադրությունը չի արգելում վարչապետի հրաժարականից հետո նրա ժամանակավոր պաշտոնավարումը, և եթե չի արգելում, ապա պաշտոնյան կարող է կատարել մի գործողություն, որն  արգելված չէ Սահմանադրությամբ կամ որևէ այլ օրենքով:

Երրորդ մոտեցման համաձայն՝ Փաշինյանի՝ որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնավարումը պետք է քննարկել բարոյական հարթության մեջ, վարչապետը բարոյական իրավունք ունի՞ շարունակելու պաշտոնավարումը, թե՞ ոչ:

Ըստ Դանիելյանի՝ այս հարցերի քննարկման համար նախ անհրաժեշտ է բնորոշել «Կառավարության անդամ» եզրույթը: Իրավաբանի խոսքով՝ հստակ կարգավորված է, թե ինչպես պետք է մեկնաբանվեն եզրույթները, ու ոչ մեկը չի կարող իր հայեցողությամբ, իր գիտելիքներին համահունչ փորձի մեկնաբանություններ անել: Իրավական եզրույթների մեկնաբանման մեթոդաբանությունն էլ կարգավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով:

«Որպեսզի կարողանանք համարժեք ընկալել իրավական եզրույթների բովանդակությունը, շատ հաճախ, այո, մենք պետք է նկատի ունենանք, թե դրանք ինչպես են ընկալվել և կիրառվել պրակտիկայում… 2005թ.-ի Սահմանադրության փոփոխությունները նույնությամբ կրկնում են այն դրույթը, ինչ որ ամրագրված է 158-րդ հոդվածում: Խոսքը 55-րդ հոդվածի 4-րդ կետին է  վերաբերում… Երկու անգամ մենք ունեցել ենք հրաժարականի դեպքեր և երկու անգամ էլ հենց հաջորդ պահին՝ հրաժարականից հետո պաշտոնավարումը դադարել է: Հիմա, եթե մենք 2015թ.-ին ընդունում էինք Սահմանադրության փոփոխություններ և գտնեինք, որ իրավակիրառ ընկալումը, իրավական մշակույթը համահունչ չէ մեր նպատակների հետ, մենք կփոխեինք Սահմանադրությունը, կասեինք, որ «կարծես թե համարժեք չի ընկալվում Սահմանադրությունը, վարչապետներն անմիջապես դադարեցնում են իրենց պաշտոնավարումը, մինչդեռ մենք նպատակ ունենք, որ իրենք շարունակեն, ոչ միայն՝ կազմը, բացառությամբ վարչապետի, այլև հենց ինքը՝ վարչապետը»: Բայց, գնահատելով իրավակիրառ պրակտիկան, այն, որ համարժեք է ընկալվել այդ հիմնադրույթը, այդ իրավական նորմը, հետևաբար՝ կարիք չկա որևէ փոփոխության, մենք թողել ենք նույն ձևակերպումը»,- ասաց Գևորգ Դանիելյանը:

Իրավաբանի խոսքով՝ քանի որ արդեն իսկ ամրագրված նորմն ընկալվել է, որևէ խնդիր չի առաջացել, հետևաբար՝ դա անպայման վերանայելու պահանջ չկար: Ըստ նրա՝ եթե կա քաղաքական կամք արդեն իսկ կիրառման փորձ ունեցող իրավական նորմն այլ կերպ ընկալելու, դա բոլորովին այլ խնդիր է, ու դրա դեմն իրավական նորմերի խմբագրական մեթոդաբանությամբ առնել հնարավոր չէ:

Անդրադառնալով 2018թ.-ի ապրիլի 23-ի Սերժ Սարգսյանի հրաժարականին, Գևորգ Դանիելյանը նշեց.

«Եթե մենք զուտ ձևական, իրավական տեսանկյունից ենք խնդրին մոտենում, այստեղ, դասական իմաստով, օրենսդրությամբ սահմանված իմաստով հրաժարական չի եղել: Եղել է ընդամենը հայտարարություն ամսի 23-ին: Հայտարարությամբ պարզապես հանրապետության վարչապետն արձանագրել է, որ ինքը դադարեցնում է իր պաշտոնավարումը»:

Ըստ իրավաբանի՝ Փաշինյանի 2018թ.-ի ապրիլի 25-ի հայտարարությունը, թե իրեն իրավաբանները խորհուրդ են տվել ու պնդել են, որ հրաժարականի դեպքում չի կարող պաշտոնավարում լինել, արդեն 3-րդ անգամ գալիս է հաստատելու, որ եղել է ընկալում, որ հրաժարականի դեպքում պաշտոնավարում նախատեսված չէ:

Մյուս պրակտիկ օրինակը 2018թ.-ի աշնան դեպքն էր, այս անգամ արդեն՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ մասնակցությամբ: Այսօր որոշները նշում են, թե երբ 2018-ի աշնանը Փաշինյանը հրաժարական էր տվել ու շարունակել վարչապետի պաշտոնում ժամանակավորապես պաշտոնավարելը, որևէ մեկն այդ խնդիրը չի բարձրացրել: Գևորգ Դանիելյանի խոսքով՝ այդ ընթացքում քաղաքական գործընթացներն ու օրակարգն այնքան հագեցած էր, որ առավել կարևոր խնդիրներ կային, ինքն էլ չէր կարող դրան անդրադառնալ, քանի որ այդ ընթացքում հանդիսանում էր ԲԴԽ անդամ:

Անդրադառնալով այն մոտեցմանը, որ եթե հրաժարականից հետո պաշտոնավարումը արգելված չէ, հետևաբար՝ թույլատրվում է, իրավաբանը նշեց.

«Այստեղ խոսել այն մասին, որ «այն, ինչ որ արգելված չէ, թույլատրվում է», սա ուղղակի պաշտոնատար անձանց պարագայում կիրառելի չէ: Սա այնքան պարզունակ հարց է, որ անգամ քննարկման նյութ չէ: Որևէ իրավաբանի ես դեռ չեմ հանդիպել, որ հակառակը պնդի, ասի՝ «գիտեք, կարող են նաև պաշտոնատար անձինք կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված չեն, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ կամ օրենքներով»»:

Ըստ Դանիելյանի՝ այս դեպքում առնվազն տեղին չէ նաև խոսել ծայրահեղ անհրաժեշտության ինստիտուտի մասին:

«Եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է  սա գնահատել՝ որպես ծայրահեղ անհրաժեշտություն, սա ուղղակի ես համարում եմ ոչ իրավաչափ, անհիմն»,- ասաց Գևորգ Դանիելյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս