Բաժիններ՝

Շուրջ 20 ոստիկան ու ժամկետային զինծառայող կարողանում են դուրս գալ թշնամու շրջափակումից. փոխգնդապետ Արման Հակոբյանը նրանց մեջ չէր…

Ոստիկանության զորքերի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արման Հակոբյանը ծնվել է 1989 թվականին, Երևանում։ Ունի երեք դուստր՝ Էլիզաբեթը, Ամելիան և Կատրինը։
Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ոստիկան հոր՝ Գագիկ Հակոբյանի օրինակով Արման Հակոբյանն ընտրեց իրավապահի մասնագիտությունը։ 2006-2010 թթ. սովորեց ոստիկանության ակադեմիայի ոստիկանության զորքերի հրամանատարական ֆակուլտետում։

Ուսումն ավարտելուց հետո ծառայության անցավ ոստիկանության զորքերում։ Լեյտենանտից հասել էր մայորի կոչման, դասակի հրամանատարից՝ գումարտակի հրամանատարի պաշտոնի։ Բացի հասարակական կարգի պահպանությունից, 2018 թվականից իր ստորաբաժանման հետ Տավուշի մարտական դիրքերում իրականացնում էր նաև մարտական հերթապահություն։
Արման Հակոբյանն իր գումարտակի հետ սեպտեմբերի 29-ից շուրջ մեկ ամիս մասնակցեց Քարվաճառի պաշտպանությանն ու հատուկ կարևորության ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությանը։

Քարվաճառից մի քանի օրով վերադարձավ տուն, սակայն օրեր անց իր գումարտակով կրկին մեկնեց Արցախ։ Այս անգամ վտանգված էր հայոց բերդաքաղաք Շուշին։
Նոյեմբերի 4-ին փոխգնդապետ Արման Հակոբյանն իր գումարտակի հետ արդեն Շուշիի մատույցներում էր։

Նոյեմբերի 5-ին թշնամին Քարինտակի ուղղությամբ դեպի Շուշի մեծ հարձակում էր ձեռնարկել։ Մարտերը մոտ տարածության վրա էին: Թշնամու մեծաքանակ ուժերը առաջ էին գալիս։ Թշնամու հարձակումն ուղեկցվում էր նաև հրետանու ակտիվ կիրառմամբ։ Ժամ առ ժամ մարտերը թեժանում էին։ Ադրբեջանաթուրքական զորքերի ու վարձկան ահաբեկիչների մեծաքանակ ուժերը ավելի էին մոտենում։ Նոյեմբերի 7-ին ոստիկանության զորքերի ծառայողները հայտնվեցին թշնամու շրջափակման մեջ։ Կեսօրին մոտ նահանջի հրաման է տրվում:

Հենց այդ ժամանակ էլ սկսվում է թշնամու ինտենսիվ հրետակոծությունը։ Տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է արձակվում հայկական ուժերի ուղղությամբ։ Հրետակոծությունից հետո ոստիկանության զորքերի ծառայողները հայտնաբերում են զորամասի հրամանատար Արմեն Վարդանյանի մարմինը։ Հրամանատարի առաջին տեղակալ, ձեռքից վիրավորված Արայիկ Ալոյանի գլխավորությամբ՝ շուրջ 20 ոստիկան ու ժամկետային զինծառայող կարողանում են դուրս գալ թշնամու շրջափակումից։ Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արման Հակոբյանը նրանց մեջ չէր։

Փոխգնդապետի մարմինը հայտնաբերվեց պատերազմի ավարտից ամիսներ անց…

Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, փոխգնդապետ Արման Հակոբյանը հուղարկավորված է Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, փոխգնդապետ հոր՝ Գագիկ Հակոբյանի կողքին։ Երկու եռագույն՝ կողք կողքի։ Փոխգնդապետներ հայր ու որդի՝ կողք կողքի։ Նրանք կրեցին համազգեստ, ծառայեցին հանուն իրավակարգի, հանուն հայրենիքի։ Նրանք իրենց կյանքով ու գործով ապրեցրին մեզ և բռնեցին անմահության ճանապարհը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս