«Սևերի ու սպիտակների բաժանումն արդեն հասել է Սյունիք, դուք ի՞նչ կապ ունեք սյունեցիներին հետ». Աննա Գրիգորյանը՝ իշխանություններին
ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ անկախ պատգամավորներով դիմել են ԱԺ խմբակցություններին, որպեսզի նրանք էլ դիմեն խորհրդարանի նախագահին՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար՝ սյունեցիների վերաբերյալ իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հնչեցրած արտահայտությունները քննելու համար:
«Նա ասել էր, որ այդ սյունեցիներին պետք է ստորացնելով բերման ենթարկեն: Դա ԱԺ պատգամավորի հնչեցրած մի՞տք է, վստահաբար ոչ, նա խախտում է մի շարք օրենքներ, որի մասին մենք նշել ենք մեր հայցադիմումներում: Էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, ցավոք, դեռ արձագանք չկա, այսօր ես կխոսեմ խմբակցությունների ներկայացուցիչների հետ, հասկանալու, թե այստեղ ինչ առնչություններ ունենք»,- նշեց Աննա Գրիգորյանը:
Նա հիշեցրեց, որ երբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը «ժեխ» բառն էր օգտագործել հանրության մի հատվածին վերաբերող իր գնահատականներում, ստեղծվել էր էթիկայի հանձնաժողով և նրա հայտարարությունը քննվել էր, ինչո՞ւ հիմա չպետք է ստեղծվի:
Պատգամավորի բնորոշմամբ, այս ամենը անհարգալից վերաբերմունք է սյունեցիների և առհասարակ Սյունիքի նկատմամբ:
«Այսօր մարդիկ խոսում են, ասում են՝ սյունեցին չի կարող լինել այսպիսին, պետք է լինի այնպիսին, դուք ի՞նչ կապ ունեք սյունեցիների հետ, որ նրանց որակումներ եք տալիս, այսինքն՝ նրանց համար նախընտրելի և ոչ նախընտրելի սյունեցիներ կա՞ն: Սևերի ու սպիտակների բաժանումն արդեն հասել է Սյունիք, այսինքն՝ ըստ նրանց՝ կան լավ ու վատ սյունեցիներ, սա պարզապես անընդունելի է»,- հավելեց պատգամավորը:
Նա շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանն այցից հետո Սյունիքի անվտանգության հարցին որևէ կերպ չի անդրադարձել:
«Ի վերջո, նա անցել է այն ճանապարհով, որտեղ կանգնած է եղել ադրբեջանցին, որևէ արձագանք, դիտարկում չի հնչեցրել, անցկացրել է խորհրդակցություն, բայց անվտանգության մասին՝ ոչ մի խոսք: Այն տոնայնությամբ, որով այստեղ են մտքեր հնչեցնում, խոսում, թող գնան կանգնեն Շուռնուխում, նույն տոնայնությամբ խոսեն, տեսնենք՝ ինչ արձագանք կստանան: Որքան էլ պնդեն, թե Սյունիքն անվտանգ է, այդպես չէ, Սյունիքն անվտանգ չէ»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում