Շատ կարևոր է՝ իշխանություններին թույլ չտալ հետ խաղացնել այն պրոցեսը, որը հիմա գնում է․ Արման Աբովյան
Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց՝ տեղեկացնելով, որ ստանձնում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները։
Մասնագիտական ու քաղաքական տարբեր շրջանակներից, սակայն, վստահեցնում են՝ Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների ստանձնումը հակաօրինական է։ Ի դեպ, մինչև իշխանություն ստանձնելը ինքը՝ Փաշինյանը, հենց այս տեսակետին է եղել․ 2018 թ․, ճակատագրի հեգնանքով՝ կրկին ապրիլի 25-ին, նա այս մասին հայտարարել է հանրահավաքի ժամանակ։
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ ծավալուն անդրադարձ էր կատարել հրաժարականից հետո վարչապետի պաշտոնավարման իրավունքին, սպասվող արտահերթ ընտրությունների օրինականությանն առնչվող հարցերին, և շեշտել՝ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրության անհրաժեշտություն կարող է առաջանալ միայն քաղաքական այնպիսի ճգնաժամի առկայության դեպքում, երբ վարչապետի հրաժարականից կամ Ազգային ժողովի կողմից նրան պաշտոնանկ անելուց հետո, Ազգային ժողովը չկարողանա երկու անգամվա հնարավորությունից ընտրել ՀՀ նոր վարչապետ։
«Ակնհայտ է, որ դեռևս վարչապետը հրաժարական չի ներկայացրել, տեղի չի ունեցել վարչապետի թեկնածության առաջադրում ԱԺ խմբակցությունների կողմից, դա չի իրականացվել երկրորդ անգամ, հետևաբար, այդ պայմաններում խոսել արտահերթ խորհրդարանական ընտրության մասին, արդեն իսկ վկայում է հանցավոր համաձայնությունների հետևանքով պետական իշխանությունը զավթելու և պաշտոնական դիրքն այդ նպատակով օգտագործելու ենթադրյալ հանցագործության փաստի մասին»,- հավելել էր Էդգար Ղազարյանը՝ նկատելով, որ մինչ այժմ ներկայացված «քաղաքական պայմանավորվածություն» կոչվող հանցավոր սխեման ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կրելու է ձևական բնույթ, այսինքն, պաշտոնապես նա կհայտարարի դրա մասին ու կշարունակի մնալ իբրև վարչապետի պաշտոնակատար, իսկ խորհրդարանում չի առաջադրվի վարչապետի թեկնածու (կամ եթե առաջադրվի՝ չի ընտրվի), որից հետո խորհրդարանը կարձակվի օրենքի ուժով, կկազմակերպվի Ազգային ժողովի նոր ընտրություն, իսկ Նիկոլ Փաշինյանը կշարունակի մնալ՝ որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի արձանագրած այս դրույթները հիշատակել էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ քաղաքական ուժերին ուղղված հետևյալ կոչում․ «Հորդորում եմ քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին և, հատկապես, վարչապետի հետ, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին՝ ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում և նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին։
Այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում նշածս բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում։ 2018թ. դեկտեմբերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգևորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերևս միակ միջոցը, ամենևին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար»։
168.am-ն այս հայտարարություններում քաղաքական ուժերին առնչվող ձևակերպումների վերաբերյալ լսեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի տեսակետը։
Պատգամավորը նախ հորդորեց հեռանալ որակավորումներից՝ դրանք համարելով էմոցիոնալ ֆոն, ապա առաջարկեց դիտարկել փաստերը՝ պարզաբանելով, որ նմանատիպ պնդումները կամ անտեղյակության, կամ մանիպուլյացիայի հետևանք են․
«Երբ ասում են՝ ինչու ընդդիմադիր խմբակցությունները չեն առաջադրում վարչապետի թեկնածու, շատ պարզ պատասխան կա՝ եկեք չմոռանանք, որ իշխող ուժն ունի 83 պատգամավոր (67-ի անհրաժեշտության դեպքում), և եթե անգամ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկն առաջարկի թեկնածություն, իրենք պարզապես վերընտրում են Փաշինյանին, և այդ պարագայում մեկ տարվա ընթացքում ոչ ոք չի կարողանում, ըստ օրենքի, Փաշինյանին և իր գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնել կամ ինչ-որ գործընթացներ սկսել։
Հարց է ծագում՝ մարդիկ, որ այդքան ամպագոռգոռ (ես չեմ անձնավորում) հայտարարություններ են անում, արդյո՞ք իրենք չեն տեսնում, որ, եթե այսօր առաջադրվի ինչ-որ թեկնածու, և իշխանությունների ձեռքը «ձերբազատվի», իրենք չեն գնա այդ քայլին։ Փաստորեն, ստացվում է՝ մարդիկ, որոնք պնդում են դա, հենց իրենք էլ խաղում են իշխանության դաշտում»։
Թող բոլորը մոռանան՝ «Բարգավաճ Հայաստանը» երբեք չի ձեռնարկի ծածուկ քայլեր, որոնք թույլ կտան, որ այս իշխանությունը վերարտադրվի․ չկա նման բան,- վստահեցրեց Արման Աբովյանը և հավելեց,- Երկրում գոյություն ունի ներքաղաքական կոնսենսուս բոլորի միջև, որն ասում է՝ ներքաղաքական կրիզիսի լուծման տարբերակն այսօր ընտրություններն են։ Մնացածը՝ ով՝ ինչ կխոսի, ինչ պիտակավորումներ կանի, իր խղճի վրա թող մնա, բայց պետք է խոսել միայն փաստերով։ Իսկ փաստերը, կրկնում եմ, հետևյալն են՝ այն մարդիկ, ովքեր պնդում են, որ պետք չեն ընտրություններ, կամ որ պետք է առաջադրվի ընդդիմության կողմից թեկնածու, որը թույլ կտա իշխանություններին այդ պարագայում օգտագործել այդ փաստը և վերընտրել Նիկոլ Փաշինյանին, փաստացի աշխատում են իշխանության դաշտում։ Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել․ գուցե մարդիկ պարզապես տեղյակ չեն»։
Անդրադառնալով Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնելու հարցին և դրա շուրջ հնչող գնահատականներին՝ ԲՀԿ պատգամավորը նշեց․
«Իրավաբանական համայնքը կիսվել է երկու մասի, և այդ երկու մասի դիտարկումները, իհարկե, մեր ուշադրության ներքո են, մենք այդ հարցն ուսումնասիրում ենք։ Այս պահին դեռ հստակ որևէ բան չեմ կարող ասել, բայց մենք պետք է շարժվենք միայն և միայն օրենքի և Սահմանադրության շրջանակներում»։
Հարցին՝ այսինքն՝ եթե, ի վերջո, համակարծիք լինեք այն շրջանակների հետ, որոնք պնդում են՝ Փաշինյանը չպետք է պաշտոնավարի, դուք պետք է պնդեք, որ չպաշտոնավարի՞, նա պատասխանեց․
«Մենք չպետք է գայթակղությանը գնանք և այս կամ այն շրջանակների հետ լինենք համակարծիք կամ չլինենք համակարծիք․ մենք պետք է շարժվենք միայն և միայն օրենքի և Սահմանադրության տարրով»։
Դիտարկմանը, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս անդրադարձել էր թեմային՝ ֆեյսբուքյան գրառմամբ, Արման Աբովյանն արձագանքեց․
«Գիտեմ այդ գրառումը․ հենց այդ պատճառով էլ ասում եմ՝ կան տարաձայնություններ՝ նույն 2018 թ. էլ կային տարաձայնություններ, այժմ էլ կան տարաձայնություններ։ Իրավաբանական համայնքն այժմ ուսումնասիրում է, այո՛, մեր ուշադրության կենտրոնում է այս խնդիրը և, իհարկե, ուսումնասիրությունների արդյունքում արդեն մենք էլ կհասկանանք՝ ինչ ենք անում։
Սա շատ կարևոր է՝ հանկարծ իշխանություններին թույլ չտալ հետ խաղացնել այն պրոցեսը, որը հիմա գնում է։ Իսկ իշխանությունները մեծ սիրով հետ կխաղացնեն պրոցեսը, որովհետև առաջին հայացքից, կարծես թե, շատ ընդդիմադիր ինչ-որ բաներ են արտահայտում ոմանք, բայց երբ սկսում ես ավելի փաստարկված նայել, ստացվում է՝ արվում է ամեն ինչ, որ Փաշինյանի իշխանությունը երկարաձգվի։ Մենք չպետք է թույլ տանք, որ իշխանությունը հանկարծ ունենա բարոյական, քաղաքական պատճառներ՝ հետ խաղա»։