Բաժիններ՝

«Ինչո՞վ է մեղավոր հասարակ գյուղացին․․․ Մի՞թե դա արդար է»․ Սարգիս Սեդրակյան

Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի շրջանակներում Հայաստանի 8 մարզի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել են թվով 13 անվավոր տրակտորներ և 2 ՈՒԱԶ ավտոմեքենա։ Առաջիկա շաբաթվա ընթացքում կոոպերատիվներին նախատեսվում է հանձնել ևս 4 անվավոր տրակտոր։

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանի խոսքով՝ կատարվածը գովելի է, սակայն բացասական մի քանի կետեր կան։

«Միայն այն փաստը, որ հայաստանյան ներկայիս հնամաշ գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկը համալրվում է նոր և ժամանակակից գյուղտեխնիկայով, իսկ Համաշխարհային բանկի վարկային կոմպոնենտն օգտագործվում է նպատակային և արդյունավետ, շատ դրական է և գովելի: Սակայն այստեղ վատն այն է, որ մեր պետական պաշտոնյաները չեն հստակեցրել պետություն-կոոպերատիվ երկկողմ փոխադարձ շահերը և պարտավորությունները: Պետությունը վճարելով գյուղտեխնիկայի արժեքի 80%-ը, մնում է պարտք Համաշխարհային բանկին՝ դրանով ավելացնելով մեր երկրի արտաքին պարտքը»,- 168am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Սեդրակյանը։

Նա նշեց, որ Խորհրդային տարիներին նույնպես, պետությունը տարբեր կերպ օգնել է նախկին կոոպերատիվներին (կոլխոզ-սովխոզներին): Մասնավորապես, պետությունը 2 կոպեկով (էժանով) դիզելային վառելանյութ է տվել կոոպերատիվին և դրա դիմաց՝ նրան պարտավորեցրել է, որպեսզի իր աճեցրած լոլիկը վաճառի 7 կոպեկով (չնայած նրան, որ այդ լոլիկի մշակման ինքնարժեքը 7 կոպեկից բարձր է եղել): Երկկողմ պարտավորությունների արդյունքում շահել է և՛ պետությունը, և՛ կոոպերատիվը, և՛ ժողովուրդը: Սա պետություն-կոոպերատիվ փոխշահավետ գործակցության լավագույն օրինակ է եղել:

«Ինչո՞վ է մեղավոր ներկայիս հասարակ գյուղացին, ով մեծ դժվարությամբ և թանկ գին վճարելով, լիզինգով գյուղտեխնիկա է գնում, այն դեպքում, երբ կոոպերատիվն այդ նույն գյուղտեխնիկան ձեռք է բերում՝ վճարելով գյուղտեխնիկայի արժեքի ընդամենը 20%-ը: Մի՞թե դա արդար է: Միանշանակ՝ ոչ: Նաև հարց է առաջանում, թե ինչպե՞ս են որոշում, թե գյուղտեխնիկան ո՞ր գյուղի կոոպերատիվին տան: Ինչ վերաբերում է պետություն-կոոպերատիվ երկկողմ փոխադարձ շահերին և պարտավորություններին, կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե պետությունը կոոպերատիվին պարտավորեցներ, որ, օրինակ, կոոպերատիվն իր ստացված տարեկան բերքից որոշակի քանակություն, ցածր գներով (կամ անվճար), հատկացնի բանակին կամ զոհված, անհետ կորած և վիրավոր զինվորների ընտանիքներին, թոշակառուներին և այլն»,- ընդգծեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը՝ հավելելով, որ կոոպերատիվների ստեղծումը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար մեծ նշանակություն ունի և լայն հորիզոններ է բացում, քանի որ կոոպերատիվի աշխատանքի արդյունքում կոոպերատիվի անդամ գյուղացիների մշակելի հողերը կամավորության հիմունքներով կարող են միավորվել, խոշորանալ, իսկ խոշոր հողակտորի վրա մշակաբույսի մշակման, բերքահավաքի և այլ գործընթացները հեշտանում են, իսկ ստացվող արտադրանքի ինքնարժեքը նվազում է:

«Այսօրվա կոոպերատիվն ունի նաև մի վտանգավոր կողմ: Կոոպերատիվի փաստաթղթերով երևում է, որ հրավիրվել է կոոպերատիվի ընդհանուր ժողով, ընտրվել է կոոպերատիվի նախագահ, կոոպերատիվի անդամները հավաքել են որոշակի գումար (նախատեսված 20%-ը), սակայն իրականում հիմնականում այդ 20%-ը վճարում է համայնքապետը՝ համայնքապետարանի բյուջեից, և գնված գյուղտեխնիկան համայնքապետը բերում, կանգնեցնում է իրենց տան դուռը և օգտագործում է՝ ինչպես իր սեփական գյուղտեխնիկան:

Հարց է առաջանում՝ մի՞թե կառավարությունում կամ Էկոնոմիկայի նախարարությունում ոչ մի պաշտոնյայի մտքով չի անցնում ՀԲ վարկերն արդյունավետ օգտագործել՝ կոոպերատիվի հետ կնքելով երկկողմ փոխադարձ շահերի և պարտավորությունների համաձայնագիր, պայմանագիր»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս