Թուրքական ապրանքները շուկայում հայտնվում են ուրիշ երկրների անվան տակ

Թուրքական ապրանքների ներմուծումն արգելելուց հետո՝ պաշտոնական տվյալներով, այդ երկրից ներկրումները Հայաստան կտրուկ կրճատվել են։ Բայց որքան էլ տարօրինակ լինի, թուրքական ապրանքների պակաս ներքին շուկայում չկա։ Այնպես չէ նաև, որ դրանք ամբողջությամբ փոխարինվել են այլ երկրներից ներմուծվող ապրանքներով։

Թե ինչպե՞ս է ստացվել, որ մի կողմից՝ արգելել ենք թուրքական ապրանքների ներմուծումը, բայց մյուս կողմից՝ դրանց պակաս ներքին շուկայում չկա, այլ խնդիր է։ Կան տեղեկություններ, որ հիմա էլ թուրքական ապրանքները մեր շուկայում հայտնվում են ուրիշ երկրների անվան տակ։

Թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ արգելանքը, անշուշտ, ավելի շատ քաղաքական, քան տնտեսական որոշում էր։ Թեև, բնականաբար, այն ունի նաև տնտեսական բաղադրիչ։ Այլ հարց, թե այդ բաղադրիչն ինչքանո՞վ է աշխատում և ի՞նչ է տալիս Հայաստանի տնտեսությանը։

Օգուտների մասին առայժմ անիմաստ է խոսել։ Այդ նախաձեռնության հետ կապված անորոշությունները չափազանց շատ են։

Ճիշտ է, Էկոնոմիկայի նախարարը երբեմն-երբեմն հայտարարում է արգելանքը հետագայում ևս 6 ամսով երկարացնելու մտադրությունների մասին, բայց դրա վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։ Քննարկումները շատ երկար են ձգվում, չնայած քննարկելու մեծ բան պիտի որ չլիներ։

Այնպես որ, ամենևին էլ չի բացառվում, որ 6 ամիսը լրանալուց հետո արգելանքն ընդհանրապես հանվի։ Իսկ դա կնշանակի, որ հերթական անգամ տնտեսությունն անիմաստ ու անարդյունք ենթարկեցինք սթրեսի։

Մի բան էլ ստիպված կլինենք հաշվել վնասները։

Ի վերջո, այս արգելանքը կարող է օգուտ տալ երկու դեպքում՝ եթե այն իրականում գործի և գործի երկար ժամանակով։ Այն էլ, եթե այդ ընթացքում քայլեր արվեն թուրքական ապրանքները տեղականով փոխարինելու համար։

Մինչև հիմա իշխանություններն այս առումով ոչինչ չեն արել և կարծես չեն էլ պատրաստվում անել։

Մյուս կողմից՝ արգելանքի գործողության ժամկետների հետ կապված անորոշությունները ստիպում են պոտենցիալ ներդրողներին ձեռնպահ մնալ կոնկրետ քայլեր ձեռնարկելուց։ Հատկապես, որ արգելանքի 6-ամսյա ժամկետի կեսից ավելին արդեն անցյալում է։

Գրեթե 4 ամիս է, ինչ թուրքական ապրանքների արգելանքն ուժի մեջ է։ Խոսքը պատրաստի արտադրանքի մասին է։ Մինչ այդ, չնայած պետական մակարդակով տնտեսական հարաբերությունների բացակայությանը, առանց խոչընդոտների Թուրքիայից մեծ քանակությամբ պատրաստի ապրանքներ էին ներմուծում Հայաստան. ընդհանուր առմամբ ավելի քան 2,9 հազար տեսակ։ Տարվա սկզբից այդ ապրանքների մի մասի ներմուծումը պաշտոնապես արգելված է։ Թեև կան նաև պատրաստի ապրանքներ, որոնք հումքի տեսքով շարունակում են ներկրվել։

Ասենք՝ նույն կտորեղենը, որը և՛ պատրաստի ապրանք է, և՛ հումք՝ այլ ապրանքների արտադրության համար։

Զարտուղի ճանապարհներով ևս փորձ է արվում թուրքական ապրանքներ ներմուծել Հայաստան, երբեմն՝ չինականի անվան տակ։ Հենց Թուրքիայում խփում են չինականի կոդը և բերում Հայաստան։ Այդ դեպքում, իհարկե, ներմուծողները ստիպված են լինում որոշակի լրացուցիչ գին վճարել մաքսազերծման համար, բայց միևնույն է, դա շատերին ձեռնտու է։

Թե այդ և այլ ճանապարհներով որքա՞ն թուրքական ապրանք է մտնում Հայաստան, բնականաբար, որևէ վիճակագրություն չկա։ Վիճակագրությունը, այսպես ասած, օրինական ներմուծումների վերաբերյալ է։

Պաշտոնական վիճակագրության տվյալներով, արգելանք կիրառելուց հետո թուրքական ապրանքների ներհոսքը Հայաստան կտրուկ պակասել է։ Հունվարին ներմուծվել է՝ 2,2 մլն դոլարի, փետրվարին՝ 3,4 միլիոնի թուրքական ապրանք և հումք։

Խոսքն ընդհանուր առմամբ 5,6 մլն դոլարի մասին է։ Սա գրեթե 6 անգամ պակաս է նախորդ տարվանից։

2020թ. հունվարին Թուրքիայից Հայաստան էր բերվել շուրջ 12 մլն դոլարի ապրանք։ Փետրվարին ներմուծումներն ավելի շատ էին եղել՝ գրեթե 21,4 միլիոն։

Տարեսկզբի առաջին 2 ամիսներին Թուրքիայից ներմուծումը կրճատվել է շուրջ 28 մլն դոլարով։ Բայց միայն դրանով անիմաստ է երկարաժամկետ եզրակացություններ անելը։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ անցած տարվա վերջին թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան բավական ակտիվ էր։ Նույնիսկ ավելի ակտիվ, քան 2019թ.։

Անցած տարվա դեկտեմբերին ունեցանք թուրքական ապրանքների ներմուծման զգալի աճ։ Միայն այդ ամսին բերվեց 38 մլն դոլարի ապրանք։ Մինչ, գրեթե ամբողջ տարվա ընթացքում, թուրքական ներկրումները կրճատվում էին, այդ ամսին ռեկորդային բարձր ներհոսք էր գրանցվել։ Թերևս, նաև այդ ակտիվ ներկրումներն էին պատճառներից մեկը, որ ներքին շուկայում հիմա թուրքական ապրանքների պակաս չկա։

Այնպես չէ, որ դրանք փոխարինվել են այլ երկրներից ներմուծվող ապրանքներով։

Երբ արգելանք էր դրվում թուրքական ապրանքների վրա, ակնկալվում էր, որ դրանք կփոխարինվեն իրանական, չինական և այլ երկրներից ներմուծումներով։ Բայց դատելով ներկրումների ծավալներից, առայժմ այդպիսի փոխարինում տեղի չի ունեցել։ Դա առնվազն չի երևում ներմուծման ցուցանիշներում։

Չինաստանից այս տարի նույնիսկ ունենք ներմուծման ծավալների բավական լուրջ կրճատում։ Եթե անցած տարվա հունվար-փետրվարին այդ երկրից բերվել էր՝ ավելի քան 114 միլիոնի, ապա այս տարի բերվել է՝ շուրջ 85 մլն դոլարի ապրանք։

Իրանի հետ հարաբերությունները ևս շատ չեն փոխվել։ Թեև այս դեպքում ներմուծման ծավալների որոշ աճ ունենք։ Սակայն, թե այս աճի մեջ ինչ դեր են ունեցել արգելանքի տակ հայտնված թուրքական ապրանքների փոխարինիչները, առայժմ վաղ է ասել։ Այդպիսիք գուցե եղել են, գուցե և չեն եղել։

Փաստ է, որ գոնե մինչև այժմ թուրքական ապրանքների դեֆիցիտ ներքին շուկայում չի նկատվել։ Գուցե և ինչ-որ ապրանքներ հիմա գալիս են այլ երկրներից։ Բայց այս արգելանքի նպատակը ամենևին էլ միայն թուրքական ապրանքների հոսքը Հայաստան կասեցնելը չէր և փոխարինելը ուրիշ երկրների արտադրանքով։

Լավագույն լուծումը կլիներ այն, որ դրանք փոխարինվեին տեղական արտադրության ապրանքներով։ Բայց դրա համար ժամանակ է պետք, ներդրումներ, կայունություն ու կանխատեսելիություն։ Այսօր չկա թե՛ մեկը, և թե՛ մյուսները։

Այնպես որ, թուրքական ապրանքների ներմուծման արգելանքի հետ կապված մեծ հույսեր չպետք է ունենալ, հատկապես իշխանությունների վերջին խաղաղասիրական նկրտումներից հետո։ Կառավարությունը մի ձեռքով արգելում է թուրքական ապրանքների ներմուծումը, մյուս ձեռքով փորձում է Թուրքիայի հետ տնտեսական կապերի ակտիվացման դռներ բացել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս