Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման ճանապարհին ցանկալի է Թուրքիայի առաջին քայլը. Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչների ուղերձները
Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչները Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացի համար կարևորում են Թուրքիայի կողմից առաջին քայլն ու կողմերի՝ իրար ընդառաջ գնալը:
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առնչությամբ ուղերձներում այս հարցի մասին խոսել են Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ, Ազատ դեմոկրատներ խմբակցության անդամ Վոլֆգանգ Կուբիկին և Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, ՍԴԿ խմբակցության անդամ Բարբարա Հենդրիքսը:
«Մենք այսօր ոգեկոչում ենք հարյուր հազարավոր հայերի զանգվածային կոտորածներն Օսմանյան Կայսրությունում: Այս ցեղասպանության մասին հիշելը և նրա զոհերին ոգեկոչելը պահանջում է մշտական աշխատանք: Սակայն մենք չպետք է միայն անցյալին նայենք, այլև ներկային և ապագային»,- նշել է Կուբիկին:
Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահն ընդգծել է, որ որպես Եվրամիության քաղաքացի՝ հասկացել է՝ ժողովուրդները, որոնք տասնամյակներ շարունակ պատերազմի մեջ են եղել իրար դեմ, կարող են հասնել համակեցության:
«Ես հուսով եմ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նույնպես հաշտեցում կկայանա: Ցանկալի է, որ Թուրքիան այս առումով առաջին քայլը կատարի: Այս հարցում բավարար գիտակցություն ցուցաբերելը նույնքան կարևոր է, որքան Ցեղասպանության մասին հիշողությունը»,- ասել է Վոլֆգանգ Կուբիկին:
Բարբարա Հենդրիքսի գնահատմամբ՝ հաշտեցում կարող է լինել, եթե երկու կողմերն էլ՝ որպես հարևաններ, իրար ընդառաջ գնան. միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաստատել բարիդրացիական հարաբերություններ: «Այսօր մենք հիշում ենք 1915-1916թթ. հայերի դեմ իրագործված ցեղասպանության բազմաթիվ զոհերին: Մենք ոգեկոչում ենք նրանց հիշատակը: Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ հաշտեցմանն ուղղված քայլեր պետք է ձեռնարկենք: Դեռևս 2009թ. Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվածություն էին ձեռք բերել հաստատելու դիվանագիտական հարաբերություններ և բացելու երկու երկրների միջև փակ սահմանները: Այս համաձայնությունը մինչև օրս ուժի մեջ չի մտել և կյանքի չի կոչվել»,- նշել է խորհրդարանականը: