Բաժիններ՝

«Կառավարությունում մարդ չկա, ով գոնե էշը կովից կտարբերի. ընկել են գյուղեգյուղ, ձայն են խնդրում. չե՛ք ստանալու». Հրաչ Բերբերյան

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանն ասաց, որ 2020-ը վատ տարի չէր գյուղատնտեսության համար, փոխարենը՝ այս տարի գյուղացիներն ապրանքի իրացման խնդրի առջև են կանգնել:

«2020-ին լուրջ հաջողություններ ունեցանք՝ կաղամբի և կարտոֆիլի արտադրության հետ կապված: Գյուղացին էստեղ ուրիշ խնդիր ունի, Գեղարքունիքի մարզում մեծ քանակությամբ՝ մոտ 10.000 տոննա, կաղամբ է մնացել պահեստավորված, և գյուղացին չի կարողանում վաճառել, նույնը՝ կարտոֆիլը: Մենք հիմա փորձում ենք մասսայական արտահանումներ կազմակերպել դեպի Ռուսաստան, արդեն սկսել ենք, բայց էլի կունենանք կորուստներ, որովհետև պետությունը որևէ խնդիր չի լուծում գյուղացու համար: Մեր միավորման ջանքերով Ռոստով քաղաքում կազմակերպել ենք տոնավաճառ, արտահանում ենք, առաջին մի քանի մեքենան գնաց, բայց արդյոք մեր ուժերով կլինի՞. եթե դա լիներ միջպետական համաձայնագիր՝ ավելի լավ կլիներ: Ցավոք սրտի, այսօր Կառավարությունում մարդ չկա, ով գոնե էշը կովից կտարբերի, դա էլ չունենք, պատահական կրթությամբ մարդիկ են»,- ասաց Բերբերյանը:

Նրա խոսքով՝ գործող իշխանության առաջին հարվածը գյուղատնտեսությանը եղել է Գյուղատնտեսության նախարարության փակումը:

«Հիմա էլ ընկել են գյուղեգյուղ, ձայն են խնդրում, չե՛ք ստանալու էդ ձայնը գյուղացուց, քանի որ գյուղացին շատ լավ գիտի ձեր արած-չարածները, չէիք մտածո՞ւմ, որ էս օրը գալու է»,- ասաց Բերբերյանը:

Ըստ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավարի՝ այս տարի խիստ պակասում են և՛ կաղամբի, և՛ կարտոֆիլի ցանքատարածությունները: Լրագրողի հարցին, թե ո՞րն է պատճառը, Բերբերյանը պատասխանեց.

«Շուկայի հարցը դժվարանում է գյուղացու համար, մի կողմից՝ արտագնա աշխատողները շատացան այս տարի՝ հատկապես Շիրակի, Գեղարքունիքի էդ գոտիներից, մյուս կողմից էլ՝ մեծ քանակությամբ արտադրանք դեռ պահեստներում էսօր գյուղացին ունի՝ հատկապես կաղամբ ու կարտոֆիլ: Նման տարի էլի է եղել, բայց այն ժամանակ Գյուղատնտեսության նախարարություն ունեինք, որը հովանավորում էր արտահանումը, խնդիրներ չէինք ունենում Լարսում, Մոսկվայի շուկայում»,- ասաց Բերբերյանը:

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը 3 անգամ մորմազգու ցեցի դեմ պայքարելու հանձնարարական է տվել, արդյունքները չկան:

«Գումարները մսխվում են, մորմազգու ցեցը Արարատյան հարթավայրում ծաղկում է»:

Լրագրողի հարցին, թե ո՞րն է պատճառը, որ չեն զբաղվում այս խնդիրներով, Հ. Բերբերյանն արձագանքեց.

«Ես մտածում եմ, որ տգետների հավաքածու են: Եթե մի փոխվարչապետ իր կրթության տեղը չգիտի, կամ նախարարը, քյաբաբ պատրաստողին բերել նախարար են նշանակում, էլ ի՞նչ եք ուզում»:

Իշխանության ներկայացուցիչներն ակտիվ առաջ են քաշում Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հավանականության մասին խոսակցություններ: Բերբերյանը օրինակի վրա բացատրեց, թե ինչի՞ կարող է դա հանգեցնել:

«Եթե Անթալիայի տարածաշրջանով ինքնաթիռով անցել եք, տեսած կլինեք, որ տասնյակ-հազարավոր հեկտարներ բանջարեղենի արտադրության դրված են պոլիէթիլենային թաղանթի տակ: Մեզ մոտ, եթե մենք ձմեռվա ջեռուցում չունենք, ուրեմն մենք ձմեռվա բանջարեղեն չունենք, մեր 1 կիլոգրամ լոլիկի ինքնարժեքի 70 տոկոսը էներգատարներն են: Եթե Ադրբեջանն ու Թուրքիան առանց ջեռուցման կարողանում են արտադրել լոլիկ, վարունգ, բանջարեղեն, ապա մեզ մոտ դա հնարավոր չէ, շուկայում մենք էլ էդ տեղը չունենք, ինքնարժեքը բարձր է: Եթե այսօր սահմանները բացվեն՝ մեր ջերմոցային տնտեսությունները կքայքայվեն»,- ասաց Բերբերյանը:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավարի խոսքով՝ գործող կառավարությունը չի խթանում Հայաստանում ալյուրի արտադրությունը:

«Հսկայական քանակությամբ էլևատորներ այսօր մեզ մոտ կանգնած են, չեն աշխատում: Ռուսաստանից ներկրվում է միանշանակ ալյուր: Վերջին 5 տարում պատկերը փոխվել է, եթե առաջ մենք 90 տոկոս ցորեն էինք ներկրում, 10 տոկոսն էր ալյուրը, հիմա հակառակն է, ալյուր է ներկրվում: Փոխանակ պետությունը խթանի ցորենի արտադրությունը, որի հաշվին կաշխատեն մեր ալրաղացները, հակառակ պատկերն է, ամեն ինչ անում են, որ այդ ալրաղացները չաշխատեն, նույնը՝ պահածոների գործարանները»:

 «Ժողովուրդն արդեն ասել է՝ ստախոսների կառավարություն»

Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ չնայած Կառավարության սահմանած՝ թուրքական արտադրության ապրանքների արգելքներին, Թուրքիայից դարձյալ ապրանքներ են մուտք գործում, ներկրվում Հայաստան, այդ թվում՝ բանջարեղեն, Բերբերյանն արձագանքեց.

«Ժողովուրդն արդեն կարծեմ ասել է՝ ստախոսների կառավարություն: Դե հիմա Կառավարությունն ինչո՞վ է զբաղված՝ չգիտեմ, ինձ թվում է՝ վերջին օրերն է էս կառավարության, կպրծնենք դրանցից, այնպես որ, երևի կգան արժանի մարդիկ, ովքեր մեր ժողովրդին շատ կսիրեն, էս կառավարությունը մեր ժողովրդին չի սիրում: Անբաններ են»:

Անդրադառնալով պատերազմից հետո թշնամու տարածքում մնացած մեր հողատարածքներին՝ Հ. Բերբերյանն ասաց, որ լուրջ վնասներ ենք կրել:

«Խոսքը տարեկան 100-120 մլն դոլարի վնասի մասին է, որից 3000 հեկտարից ավելին այգիներն են՝ խաղողի և պտղատու, մոտ 50.000 հեկտար ցորենի, հացազգիների ցանքատարածություն ենք կորցրել, 250-300 հեկտար սոխի ցանքատարածություն ենք կորցրել, էլ չեմ ասում արոտավայրերի մասին, մենք ունեցանք լուրջ գլխաքանակի կորուստ, միայն մոտ 150 հազար մանր եղջերավոր անասուններ ուղղակի դանակի տակ դրվեցին: Ընդհանրապես էս վերջին 3 տարում 160-180 հազար գլուխ խոշոր եղջերավոր ենք կորցրել, աստիճանաբար պակասել է, էլի էս կառավարության աշխատանքի արդյունքն է եղել, դրա մոտ 80.000-ը կթու կովերն են, հաշվեք, թե ինչքան կաթի արտադրություն ենք կորցրել»,- ասաց Բերբերյանը:

Հրաչ Բերբերյանը ձվի շուկայում թանկացումների մասին ասաց, որ Կառավարությունը եթե ցանկանար, 1 ժամում կարող էր կարգավորել դա:

«Մի քիչ որ շոգն ավելացավ՝ կիջնի, մի վախեցեք, ինքս երկար տարիներ թռչնաբույծ եմ աշխատել, գիտեմ՝ ինչ եմ ասում: Դեռ սառնարաններում կպահեն էնքան, մինչև էդ սառնարաններն էլ չի աշխատի, ստիպված արագ ու էժան կվաճառեն, բայց էն, ինչ որոշել էին՝ մեծ գումար աշխատել, աշխատեցին: Եթե էդ մարդը ձվի թանկացումից 1 մլրդ դրամ աշխատել է, 50 մլն էլ կտա Կառավարությանը, ի՞նչ է եղել… Կառավարությունը կարող էր 1 ժամում կարգավորել շուկան, բայց չարեց, միտումնավո՞ր չարեց, թե՞ կապված էր էդ մարդկանց հետ, թե՞ ուղղակի տեղյակ չէին. ուսումնասիրությունը ցույց կտա, կարծում եմ՝ շահադիտական ինչ-որ բան կար, բայց հարկավոր է դա ստուգել, և դրա համար ռեխներին տալ»,- ասաց Բերբերյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս