Նիկոլ Փաշինյանի արատավոր օրինակը
Ընտրությունը լավ կյանքի մասին խոստումների տոնավաճառ է։ Հաղթում են նրանք, ում խոստումներն ամենահամոզիչն են թվում։ Հասարակությունների որակը, սակայն, որոշվում է ոչ թե այս կամ այն խոստմանը կուրորեն հավատալու, այլ որևէ խոստում վերլուծելու, դրա շուրջ մտածելու, նախկինում տրված, բայց չիրագործած խոստումների հետ համեմատելու, իրականության հետ համադրելու ու ըստ այդմ որոշում կայացնելու կարողությամբ։ Այդ որակի ցուցիչ է նաև, թե որքանով է ընտրող հանրությունն այս կամ այն նպատակին, ընդհանուր առմամբ, լավ կյանքին հասնելու ճանապարհին ընտրություն դնում միջոցների մեջ։
Հասուն հասարակություններում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը հաշվում են բոլոր այս գործոնները և ներկայացնում են ոչ թե ուղղակի ականջահաճո խոստումներ, այլ այնպիսի ծրագրեր, որոնք հասարակությունը կարող է մի կողմից՝ իրականանալի համարել, մյուս կողմից՝ առնվազն բարոյական՝ ներկայացվածին հասնելու միջոցների առումով։
Հայաստանում, սակայն, այդ մեխանիզմը չի գործում, և ընտրություններին մրցում են ոչ թե գաղափարներն ու ծրագրերը, այլ սուտն ու կեղծիքը, որը կարող է ոչ միայն իրականանալի չլինել, այլ որպես կանոն՝ լինում է նաև անբարոյական՝ դրան հասնելու միջոցների տեսանկյունից։ Հենց այդ երևույթին ենք մենք ականատես լինում այս օրերին՝ Նիկոլ Փաշինյանի ամեն մի այցելության ընթացքում, յուրաքանչյուր հրապարակային խոսքում։
Ինչպես ընտրություններին բոլոր մասնակցողները, Նիկոլ Փաշինյանը ևս լավ կյանքի խոստումներ է տալիս։ Նա հասարակությանն առաջարկում է մոռանալ, որ ընդամենն ամիսներ առաջ նաև իր մեղքով պետությունն իսկական արհավիրք է ապրել և ներկայացնում է լավ կյանքի հեռանկար։ Նրա համար կարևոր չեն այդ նպատակին՝ լավ կյանքին հասնելու միջոցները։ Նրա և, ըստ ամենայնի, հասարակության առնվազն որոշ հատվածի համար երկրորդային է, որ այդ լավ կյանքը կարող է ապահովվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ անարժանապատիվ «խաղաղության», Հայաստանի ու Արցախի անվտանգության հաշվին։ Կարևորն այն նյութական օգուտներն են, որոնք խոստանում է այդ պայծառ ապագան։
Նույնը վերաբերում է, օրինակ, բանակին։ Նիկոլ Փաշինյանը շատ պատահաբար հենց ընտրություններից առաջ հայտարարում է, որ կա գաղափար՝ բանակում ծառայության ժամկետն էականորեն կրճատել։
Հարց, որը վերաբերում է բոլոր արու զավակ ունեցող ընտանիքներին, որոնց մեծամասնությունն ուղղակի ցնծության մեջ կարող է հայտնվել բանակում ծառայությունը գործնականում վերացնելու գաղափարից։
Եվ, բնականաբար, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ նրա պոտենցիալ էլեկտորատը չի մտահոգվում, որ եթե դա երբևէ, իհարկե, տեղի ունենա, ապա կատարվելու է Հայաստանի անվտանգության երաշխավոր կառույցի՝ բանակի թուլացման կամ ոչնչացման հաշվին։ Կարևորը՝ ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ նրան լսողների համար արդյունքն է՝ համեմատաբար կուշտ ու պետության հանդեպ պարտականություններից զերծ կյանքը, այն, ինչին ձգտում է հանրության մեծամասնությունը։
Հանրային բարոյականությանը Նիկոլ Փաշինյանի հասցրած ամենամեծ ու գուցե անդառնալի վնասներից մեկն այն է, որ նա իր օրինակով հասարակությանը սովորեցրել է միջոցների մեջ ընտրություն չդնել, ապրել միայն հանուն նպատակի՝ առանց մտածելու, թե ինչ միջոցներով է հնարավոր դրան հասնել։
Նիկոլ Փաշինյանը գործում է «նպատակն արդարացնում է միջոցները» հակաբարոյական սկզբունքով, հասարակությունն էլ արդարացնում է՝ նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնողին արդարացնելու սկզբունքով։
Արշավիր Իշխանյան