Բաժիններ՝

Շաբաթը մեկ կերի գին է բարձրանում. Թռչնաբույծները՝ հավի մսի և հավկիթի գնի չնվազելու մասին

Մամուլի հրապարակումների համաձայն՝ արցախյան պատերազմով պայմանավորված՝ 2020թ. սեպտեմբերին Վրաստանից հնարավոր չի եղել կազմակերպել ճտերի ներկրման գործընթաց, ինչն էլ ազդել է թռչնամսի արտադրության ծավալների վրա: Բացի դա՝ այս տարվա երկու ամիսներին հավի մսի գինն է զգալի բարձրացել։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս շուկայում գրանցվել է 8.4 տոկոս գնաճ: Ընդ որում, բարձրացել է և՛ ներկրված, և՛ արտադրված հավի մսի գինը:

Թռչնաբույծների խոսքով՝ բարձր գինը կպահպանվի այնքան, մինչև միջազգային շուկայում կայունացում չլինի:

«Շաբաթը մեկ կերի գին է բարձրանում, փոփոխվում է դոլարի փոխարժեքը, բարձրանում է նաև բենզինի գինը: Հո իրենց գլխից ձեռք չե՞ն քաշել՝ առանց պատճառի գին բարձրացնեն, այն դեպքում, որ ՏՄՊՊՀ-ն դրել, խոշորացույցով նայում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց թռչնաբույծներից մեկը, ում անունն իր խնդրանքով չենք ներկայացնում:

Նրա փոխանցմամբ՝ օրինակ, 2019 թվականին երկու անգամ է գին փոփոխվել:

«Այնքան լավ էր, որ էլ ասելու չէ: Հիմա բոլորը պահեստավորում են, չես հասկանում՝ քի՞չ է արտադրվել, թե՞  կորոնավիրուսից են վախենում, որ կարող է երկար ձգվի»,- նկատեց  թռչնաբույծը:

Ինչ վերաբերում է հավկիթի գնին՝ ասաց, որ գոյություն ունի ռեգիոնալ շուկա: Եթե կողքի շուկայում 10 դրամ ձուն էժան է, առանց հարցնելու գալիս, մտնում են մեր շուկա, վաճառում են: Վրաստանում հավկիթի գինը նույնն է, ինչ Հայաստանում, և այս պահին 83 դրամ է, մեզ մոտ՝ 85:

Հավելենք, որ ներկայումս խոշոր սուպերմարկետներում տեղական հավի մսի գինը 2100-2355 (1.5կգ) դրամ է, թարմ ճուտը՝ 1150-1200 դրամ:

Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ՝ վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող խոշոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության հատկանիշներով, որոնք կգնահատվեն վարչական վարույթի ընթացքում:

Վիճակագրական կոմիտեի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. մարտը՝ 2020թ. մարտի նկատմամբ) կազմել է 5.8%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.0%: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 16.5%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 2.2% գնաճ: Ձվի գինը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ աճել է 78.2%-ով, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 8.1%-ով: 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 3.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.8% գնաճ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս