Ադրբեջանի ԵԱՏՄ դիտորդության հարցը լուծողը Երևանն ու Բաքուն են. ռուս քաղաքագետ

Ապրիլի 29-ին Կազանում տեղի կունենա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Հանդիպման ավանդական թեման՝ համագործակցության խորացում և անդամ երկրների միջև ադմինիստրատիվ խոչընդոտների վերացում: Այս անգամ կարծես ԵԱՏՄ վարչապետների օրակարգին կավելանա ևս մեկ թեմա՝ այդ կառույցում Ադրբեջանի դիտորդության, գուցե՝ անդամակցության հնարավորության հարցը: ԵԱՏՄ-ում Ադրբեջանի դիտորդության կամ անդամակցության թեմայի նկատմամբ ուշադրությունն այս օրերին ավելացրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո տված մամլո ասուլիսի ընթացքում: Այս թեման Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ խաղարկում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների այս կամ այն փուլում դիվիդենտներ ստանալու համար:

Ռուսական РБК-ի փոխանցմամբ, ԵԱՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը միության կառավարման մարմնի նիստին, բայց դեռևս դրան խոչընդոտում են Բաքվի և Երևանի միջև առկա տարաձայնությունները, որոնք դժվար թե վերացվեն մինչև Կազանում կայանալիք հանդիպումը:

«Իրոք, կար այդ գաղափարը (Բաքվին հրավիրելու): Մենք այնպես չէ, որ սկզբունքորեն դեմ ենք, մենք ասում ենք, որ կան չլուծված խնդիրներ, այդ թվում՝ ռազմագերիների հարցը»,- ասել է հայկական կողմից РБК-ի դիվանագիտական աղբյուրը: Երևանը կազմել է ռազմագերիների ցուցակը, որի մեջ կա շուրջ 200 անուն, և այն արդեն փոխանցել է Կարմիր խաչին: Այս մասին РБК-ին ասել է հայկական կողմից մեկ այլ զրուցակից, որը ծանոթ է թեմային: РБК-ի հարցմանը Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները պատասխանել են, որ միության կազմում կարգավիճակ չունեցող երկրների խորհրդի նիստին մասնակցությունը դեռ քննարկվում է, ԵԱՏՄ անդամ երկրների համաձայնեցված դիրքորոշում դեռ չկա:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ԵԱՏՄ-ում բոլոր հարցերը կարգավորվում են ԵԱՏՄ կանոնադրությամբ, և առանց ԵԱՏՄ անդամ երկրների միջև լիարժեք կոնսենսուսի, համաձայնության՝ հնարավոր չէ այս կամ այն երկրի անդամակցություն կամ դիտորդական ձևաչափ:

Սկակովի կարծիքով, Ադրբեջանի դեպքում հարցը բարդացած է Ղարաբաղյան խնդրի պատճառով: Սակայն, ըստ նրա, հաշվի առնելով հետպատերազմյան փուլում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով քննարկումները տարածաշրջանային ճանապարհների շուրջ, չի բացառվում, որ քննարկվի նաև ԵԱՏՄ անդամակցության հարցը, հատկապես, երբ նախորդ տարի կազմակերպության համագործակցությունն ընդլայնվել է, Իրանն է հավակնում միանալ ԵԱՏՄ-ին, և Ադրբեջանի համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ հավելյալ ակտիվություն կհաղորդի ԵԱՏՄ տարածքի առևտրաշրջանառությանը:

«Պատահական չէ, որ այս հարցն ակտուալ դարձավ հենց այս օրերին, երբ տեղի ունեցավ Լուկաշենկոյի այցը Բաքու, նախկինում ևս Բելառուսն ու Ղազախստանն ակտիվորեն առաջ են մղել Ադրբեջան-ԵԱՏՄ կապն ապահովելու հարցը: Սակայն այստեղ ամենաառանցքային հանգամանքն այն է, որ Հայաստանը պետք է նման թույլտվություն տրամադրի, որ դա հնարավոր դառնա:

Ըստ էության բոլոր փուլերում Ռուսաստանը կողմ է, որ իր գործընկերները միանան այդ կառույցին, հատկապես, երբ Իրանն է ցանկանում միանալ, որը հավելյալ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար, և եթե ապաշրջափակումը հնարավոր լինի՝ Ռուսաստանը ցանկանում է ուղիղ կապ ստանալ Հայաստանի, այնուհետև Իրանի հետ, որովհետև Հայաստան-Ռուսաստան սահմանի բացակայությունը Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության լրջագույն խնդիրներից մեկն է, որը, դատելով բոլոր քննարկումներից, Ռուսաստանը մշտապես ցանկացել է լուծել:

Ընդհատակյա գործընթացները և բանակցությունները բավականին լայն և բազմաճակատ են, ու հասկանալի չէ, թե որ հարցում ինչ է բանակցվում եռակողմ ձևաչափում, բայց ակնհայտ է, որ կան շատ ավելի լայն գործընթացներ: Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերություններում մշտապես այս հարցն օգտագործում է և լիարժեքորեն չի ցանկանում հրաժարվել իր մանևրելու քաղաքականությունից: Չի բացառվում, որ այս անգամ էլ քննարկումները մնան քննարկումներ»,- ասաց նա՝ եզրափակելով, որ հարցի լուծումն ըստ էության պետք է տան Երևանն ու Բաքուն:

Սկակովը նշեց նաև, որ առավելագույնը, ինչ կարող է լինել որոշակի փուլում, դա դիտորդությունն է, քանի որ Արբեջանն այս պահին որևէ տեսակի համագործակցություն չունի ԵԱՏՄ-ի հետ:

«Իսկ ինտեգրումը՝ հատկապես տնտեսական նոր տարածքին, հեշտ գործ չէ, դիտորդությունը մի ձևաչափ է, որը թույլ է տալիս մոտենալ, ինչը կարող է հանգեցնել անդամակցության կամ ոչ, բայց շատ հարմարավետ ձևաչափ է ժամանակավորապես հարմարվելու համար կառույցին: Այնուամենայնիվ այս պահին ասել, որ դա իսկապես կդառնա հաստատված օրակարգ, չեմ կարող, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան ևս իրենց խաղն ունեն, Հայաստանը ևս ունի չլուծված խնդիրներ, և այստեղ կարող են շահերը չհամընկնել, որի արդյունքում այս անգամ ևս թեման փակվի սրանով»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպիսի՞ հարցերում կարող է Բելառուսի նախագահը միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև, ինչպես պնդում է Իլհամ Ալիևը, փորձագետն արձագանքեց՝ ասելով, որ դա առավելապես դիվանագիտական արտահայտություն է:

«Ըստ էության այսօր բանակցություններ ամենակարևոր հարցերի շուրջ տեղի են ունենում եռակողմ ձևաչափով, գործընթաց է վերադառնում ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի՞նչ կարող է անել Բելառուսը: Կարծում եմ՝ դա ժեստ էր պարզապես»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս