«Արձանագրենք, որ իշխանության որևէ ներկայացուցիչ հասարակության հետ չի շփվում». Աստղիկ Ավետիսյան

«Տարբեր երկրներում լինում են բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ տարբեր իրավիճակներում են հայտնվում, բայց որ դա ապրիլի 7-ին տեղի կունենա, և այսպիսի քամահրական վերաբերմունքի կարժանանան կանայք ոստիկանների կողմից, այ, սա չէի կարող սպասել: Մենք, սովորաբար, հայրիշխանական համակարգում ենք ապրում, հայրերը կարևորագույն դերակատարություն ունեն մեր կյանքում, բայց չմոռանանք, որ մայրը հենասյունն է, որը կառուցում է ընտանիքը, իսկ հայերը ընտանիք սիրող մարդիկ են, իսկ այստեղ մենք տեսնում ենք ուղղակի բռնություն՝ կանանց նկատմամբ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԵՊՀ ժուռնալիտիկայի ֆակուլտետի դոցենտ, Հայկական PR ասոցիացիայի նախագաh Աստղիկ Ավետիսյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության դիմաց կազմակերպված կանանց ակցիայի ժամանակ ոստիկանների գործողություններին:

Աստղիկ Ավետիսյանի համար զարմանալի է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունները, որոնք նախկինում պարբերաբար նման ակցիաների ժամանակ հատկապես ընդգծում էին կանանց կերպարը և պայքարում կնոջ իրավունքների համար, այսօր լուռ են.

«Ինձ համար անընկալելի է այս իրավիճակը, որովհետև կանայք, կարծես թե, դարձել են ակտիվության այս ժամանակահատվածի սիմվոլները, որովհետև շատ տղամարդիկ որոշակի վախերի արդյունքում չեն մասնակցում և՛ ակցիաներին, և՛ բողոքի իրենց ձայնը չեն կարողանում հնչեցնել, բայց էլի եթե նայում ենք որդեկորույս մայրերին, նրանք են ավելի ակտիվ, քան հայրերը: Կանայք են այսօր նաև որոշիչ դեր խաղում մեր հանրային կյանքում: Տեղի ունեցածը բռնություն է. անկախ նրանից, թե ինչ կարծիք է հնչում, ինչ ձևակերպումներ են տրվում, ոստիկանները պետք է իրենց պահեն հավուր պատշաճի»:

Ինչ վերաբերում է քաղաքական, հասարակական գործընթացներում կանանց դերին, նա նկատեց, որ կանայք նաև պետք է հասուն լինեն քաղաքական պրոցեսներում. «Մենք այսօր տեսնում ենք նաև քաղաքականությամբ զբաղվող բազմաթիվ կանանց, ովքեր պարզապես չեն ներգրավվել այդ դերակատարման մեջ, իրենք իրենց չեն զգում այդ քաղաքական գործիչը և չեն կարողացել իրենց անցած ճանապարհով և փորձով հավակնել դառնալ կարծիքի լիդերներ: Ցավոք սրտի, Հայաստանում կարծիքի լիդեր են դառնում այն կանայք, ովքեր ավելի շատ հայհոյում են, բղավում են, վարքագծային առումով խախտում են բարոյական, էթիկական բազմաթիվ նորմեր: Այս կանայք շատ ավելի մեծ տեղ են գրավում, քան խելացի, կիրթ, բարեկիրթ, հավասարակշռված կանայք: Ցավոք, մենք ունենք այն իրավիճակը, որ ուռճացնում ենք կանանց դերը՝ հնարավորություն չտալով նրանց ինքնադրսևորվելու: Բայց նաև այն պետք է փաստենք, որ բոլոր կարևորագույն աշխատանքներում կանանց ներգրավվածությունը բավականին մեծ է, և ուղղակի իրենք չեն երևում այդ կարևորագույն աշխատանքի վերևում, որովհետև այդտեղ միշտ տղամարդ է լինում իշխողը»:

Նրա խոսքով՝ այն մարդիկ, ովքեր 2018թ. Հայաստանում եկան իշխանության, ուղղակի կոմպետենտ չէին. «Նրանք չէին կարող գնալ շատ եթերների, բանավեճերի մասնակցել, որովհետև իրապես պարտվում էին այն մարդկանց, ովքեր կարող էին իրենց ընդդիմախոսները լինել: Դա կարելի էր ընկալել առաջին տարին, երկրորդ տարին, բայց երբ դա շարունակական բնույթ է ստանում, նշանակում է, որ իրենք իրենց համար ձևավորեցին քառակուսիներ, և ամբողջ համակարգ փորձեց այդ քառակուսիների մեջ ապրել: Եթե մենք այսօր գնանք արտահերթ ընտրությունների, համոզված եմ, որ պատկերն այլ կլինի, եթե չգործեն կեղտոտ տեխնոլոգիաները, որովհետև հասարակությունը 3 տարի առաջ լրիվ այլ բան էր սպասում իշխանություններից»:

Աստղիկ Ավետիսյանի գնահատմամբ՝ առաջին դեպքն է Հայաստանում, երբ երկրի ղեկավարը խոսում է մեդիատեռորի մասին. «Այլ տեղերում նաև հատուկ ձևավորվում են ընդդիմադիր որոշակի հարթակներ, որպեսզի կարողանան հավասարակշռություն պահել, իսկ այս դեպքում մենք ունենք շատ լավ ընդդիմություն, ընդդիմադիր լրատվամիջոցներ, բայց չունենք փոխհարաբերություն իշխանության հետ: Հենց սա էր, որ բերեց հասարակությանը պառակտման, անհանդուրժողականության մթնոլորտի, հենց սա էր, որ նույնիսկ ընտանիքներում ընտանիքի անդամները սկսում են իրար չհանդուրժել, որովհետև անհատապաշտության դարաշրջանում ենք մենք ապրում, և գուցեև ծնողին չհարգի մեկը, բայց վարչապետին եթե վատ խոսք ասես, լրիվ այլ կերպ կընկալի: Առաջին անգամ ենք մենք այս իրավիճակում հայտնվել, բայց շահում է այն ղեկավարը, որտեղ կա համերաշխության մթնոլորտ, որտեղ հանրային տարբեր խմբեր կարող են բանավիճել»:

Նա հավելեց. «Արձանագրենք, որ իշխանության որևէ ներկայացուցիչ հասարակության հետ չի շփվում, արձանագրենք այդ փաստը, որովհետև եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը գնում է հանդիպումների, մենք տեսնում ենք, թե ինչ ոստիկանական մեծ պատով է գնում այդ հանդիպումներին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս