«Վրայի ցելոֆանը հանեք, որ ախտահանենք»․ «Զվարթնոց» օդանավակայանում արգելված է տանը նախապես փաթեթավորած ուղեբեռ հանձնել

Հայաստանից արտերկիր մեկնող ուղևորներին «Զվարթնոց» օդանավակայանում տհաճ անակնկալ է սպասվում: Խնդիրն այն է, որ շատ ուղևորներ, նախկին սովորության համաձայն, ճամպրուկները տանն են փաթեթավորում պոլիէթիլենով և գնում օդանավակայան, իսկ ահա երեկ օդանավակայանում ականատես եղանք, թե ինչպես են անմիջապես մուտքի մոտ քաղաքացիներին պարտադրում ճամպրուկների վրայից պատռել պոլիէթիլենը, որպեսզի անցկացնեն ուղեբեռի ախտահանման սարքի միջով:

Հետաքրքրվեցինք, թե ո՞րն է իմաստը, եթե ախտահանման նպատակով է արվում, կարող են փաթեթավորված վիճակում էլ ախտահանել, սակայն աշխատակիցն ասաց, որ իրենց այդպես է հրահանգավորված:

Տեղեկացրին նաև, որ մեկնողները կարող են ախտահանումից հետո իրենց իսկ բերած պոլիէթիլենով կրկին փաթեթավորել ճամպրուկները: Հարց առաջացավ, եթե նույն «տնից բերած» պոլիէթիլենով կարելի է փաթեթավորել, ապա ո՞րն է իմաստն այն պատռելու, ճամպրուկն ախտահանելու և կրկին նույն պոլիէթիլենով փաթեթավորելու:

Նույն հարցը 168.am-ն ուղղեց նաև օդանավակայանի լրատվական ծառայությանը, և մեզ հայտնեցին, որ COVID-19-ով պայմանավորված այս կարգը դեռևս նախորդ տարվա օգոստոսից է գործում, և, որ դրա մասին համապատասխան հայտարարություն է եղել: Ավելին, 2020 թվականի դեկտեմբերին ևս մեկ անգամ հաղորդագրություն են տարածել, որպեսզի մեկնողներն իրազեկված լինեն։

«Կորոնավիրուսի՝ հնարավոր ներթափանցումն օդանավ կանխարգելելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես պարտադիր ախտահանվում են ուղեբեռները և ձեռքի իրերը։ Ախտահանումից հետո պարտադիր պահանջ չկա ուղեբեռների փաթեթավորման, դա ըստ ցանկության է»,- ասաց օդանավակայանի լրատվական ծառայության աշխատակիցը, ապա ընդգծեց, որ ախտահանումն անվճար է իրականացվում»։

Սակայն պետք է նկատենք, որ, երբ փետրվարի 1-ին Ռուսաստանի Դաշնությունը ՀՀ քաղաքացիների համար սահմանները բացեց, օդանավակայանում բազմաթիվ նկարահանումներ ենք իրականացրել և ոչ մի անգամ ճամպրուկների նման կարգով ախտահանման ականատես չենք եղել:

Նոր կարգը երեկ մարդիկ «բացահայտում» էին միայն օդանավակայան հասնելուն պես, երբ մուտքի մոտ լսում էին «վրայի ցելոֆանը հանեք, որ ախտահանենք» նախադասությունը:

Սա առաջացնում էր մարդկանց զարմանքը, հետո՝ զայրույթը, քանի որ նման բան երբեք չի եղել, և տրամաբանություն էլ չեն տեսնում ճամպրուկն ախտահանել, այնուհետև նորից պոլիէթիլենով փաթեթավորել, նոր հանձնել, չնայած՝ աշխատակիցներն ասում էին՝ կարող են և չփաթեթավորել, առանց փաթեթավորելու հանձնել:

Եղան քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին պատռել իրենց ձեռքով փաթեթավորած ուղեբեռը և մոտեցան անձնագրային կետին, սակայն աշխատակիցները ճամպրուկները չընդունեցին՝ պատճառաբանելով դրանց չախտահանված լինելը:

Ի դեպ, մեր աչքից չվրիպեց, որ օդանավակայանում՝ ախտահանող սարքից ընդամենը 4-5 մետր հեռավորության վրա, գործում էր ուղեբեռի փաթեթավորման ծառայությունը, մեկ ճամպրուկի փաթեավորման արժեքը՝ 1500 դրամ:

«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ դա մասնավոր ընկերություն է, որը գործունեություն է ծավալում օդանավակայանի տարածքում և վերահսկվում է օդանավակայանի կողմից։

Քաղաքացիներից մի քանիսը դժգոհեցին, որ ընդամենը 2 ամիս առաջ՝ փետրվարին են եղել օդանավակայանում, ճանապարհել են հարազատներին, սակայն այն ժամանակ նման խիստ մոտեցում չի եղել, ճամպրուկներն էլ տնից փաթեթավորված էին բերել ու անցկացրել, իսկ երեկ փաստի առաջ կանգնեցին ու ստիպված եղան մի քանի ուղեբեռի փաթեթավորումը պատռել, ախտահանել, ապա օդանավակայանում յուրաքանչյուր ուղեբեռի փաթեթավորման համար 1500 դրամ վճարել, քանի որ նպատակահարմար չի եղել ճամրուկներն առանց փաթեթավորելու հանձնել:

Ի դեպ մենք էլ վերանայեցինք փետրվարի 1-ին և դրանից հետո «Զվարթնոց» օդանավակայանում արված տեսանյութերն ու լուսանկարները, ֆիքսեցինք, որ ուղեբեռի ախտահանման սարքն առկա է, սակայն ախտահանում չի իրականացվում, բայց գրեթե բոլոր ուղևորների ճամրուկներին փակցված էին՝ «ախտահանված է» պիտակները, գուցե դա արվել է շենք մտնելիս։ Նկատեցինք նաև, որ մարդկանց ուղեբեռներին արդեն համապատասխան «ախտահանված է» պիտակը փակցված էր, անգամ, երբ նրանք նախկինի պես տանը փաթեթավորած ուղեբեռով էին եկել օդանավակայան։

Տեսանյութեր

Լրահոս