Խամաճիկների ժամանակը

Խամաճիկների իշխանությունը քանդել է երկիրը ու դեռ ուզում է վերարտադրվել։ Ուզում է վերարտադրվել, որովհետև այսքանից հետո հասարակության մեջ դեռ կան մարդիկ, որ Նիկոլ Փաշինյան են խաղացնում։ Ո՞ւմ և ինչի՞ համար։

Նրա համա՞ր, որ երկիրը հասցրել է կործանման, նրա համա՞ր, որ պատերազմը տանուլ է տվել, նրա համա՞ր, որ հազարավոր զոհեր ու հաշմանդամներ ունենք, նրա համա՞ր, որ երկիր ենք կորցնում, նրա համա՞ր, որ երկիրը դատարկվում է, նրա համա՞ր, որ կորցրել ենք հույսը ապագայի նկատմամբ, նրա համա՞ր, որ մարդու ապրելը չի գալիս, նրա համա՞ր, որ տնտեսությունը փակուղու առաջ է կանգնեցրել, նրա համա՞ր, որ ունենք սոցիալական ահավոր վիճակ, նրա համա՞ր, որ ապրելու պայմաններ չկան, նրա համա՞ր, որ չենք հասցնում թանկացումների հետևից։ Ո՞ր մեկն ասես։

Այսքանից հետո ցանկացած իշխանություն սարսափահար փախել էր։ Բայց մեր իշխանությունները մի բան էլ դեռ ուզում են վերարտադրվել։

Վերարտադրվեն, որ ի՞նչ անեն։ Որ մնացա՞ծն էլ քանդեն ու այլևս վերականգնելու հնարավորություն չունենանք։

Ե՞րբ ենք, ի վերջո, խելքի գալու։

Սրա՞ համար էինք նրանց իշխանության բերել։ Այսքան ժամանակ ի՞նչ տվեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ այսուհետ ինչ պիտի տա։

Այսքանից հետո ի՞նչ սպասելիքներ ունենք, որ կապում ենք այս իշխանության հետ։

Եթե նախկինները վատն էին, թալանչի էին, կաշառակեր էին, գող էին ու ավազակ, բա սրանց մասի՞ն ինչ ասենք։

Այս իշխանության տեղը վաղուց քաղաքական աղբանոցը պիտի լիներ։ Բայց մենք նրան դեռ հանդուրժում ենք։ Ու դա է պատճառը, որ այն ուզում է վերարտադրվել։ Հասարակության մեջ էլ կա մի զանգված, որ կողմ է դրան։

Այդ մարդկանց դժվար է հասկանալ։ Դժվար է հասկանալ այն պատճառով, որ այսքանից հետո շարունակում են կուրորեն հավատալ մի մարդու, ով 3 տարի անխնա խաբել է իրենց, խաբել է ու կերակրել ստերով, խոստումներ է տվել ու ոչինչ չի չարել։

Ոչ միայն ոչինչ չի արել իր տված խոստումները կատարելու համար, այլև երկիրն այնպիսի օրն է գցել, որ հիմա խոստումների մասին մարդիկ չեն էլ մտածում։ Հիմա մտածելու շատ ավելի հրատապ բաներ կան՝ երկրի անվտանգությունն է հարցականի տակ։

Հիմա ժամանակներն այլն են։ Հիմա շատերը մտածում են, թե ինչ է սպասվում վաղը իրենց, թե հիմա ինչ ենք պատրաստվում զիջել թշնամուն, որի մասին դեռ չգիտենք։

Այնինչ՝ արժեր, որպեսզի Նիկոլ Փաշինյանին կուրորեն հավատացողները մի պահ հետ գնային ու հիշեին, թե նա ինչեր էր խոստանում, և ինչ ունենք հիմա։

Այն ժամանակ Ղարաբաղը մերն էր՝ 7 շրջաններով հանդերձ, իսկ այսօր Ղարաբաղից բան չի մնացել։ Տարածքներ ենք կորցրել նաև Հայաստանից։ Անորոշ է նույնիսկ Սյունիքի ճակատագիրը։ Հազարավոր ընտանիքներ սգում են իրենց հարազատների կորուստը։ Պատերազմից անգամ 5 ամիս հետո մարդիկ տեղեկություն չունեն իրենց զավակների մասին։ Շատերի ճակատագիրը շարունակում է անորոշ լինել։ Ունենք հարյուրավոր գերիներ։ Իշխանությունները ոչինչ չեն կարողանում անել նրանց վերադարձնելու համար։

Այնպես, ինչպես ոչինչ չկարողացան անել՝ ժամանակին պատերազմը կանխելու ու այդքան երիտասարդ կյանքեր չկործանելու համար։

Սա Նիկոլ Փաշինյանը հաստատ չէր խոստացել։ Իսկ ինչ խոստացել էր, չարեց։

Շուտով կլրանա նրա իշխանության 3 տարին։ Թող բարի լինեն ասել, թե 3 տարում ինչքանո՞վ են լուծել երկրի ներքին խնդիրները, ինչքանո՞վ են բարելավել մարդկանց կյանքն ու ապրուստը, ինչքանո՞վ են կանխել արտագաղթն ու խթանել ներգաղթը, ինչքանո՞վ են բարեփոխել ու զարգացրել տնտեսությունը, ինչքանո՞վ են կառուցել ներառական տնտեսություն, ինչքանո՞վ են օպտիմալացրել պետական ապարատը, որը ժամանակին համարում էին ուռճացված ու ձրիակերներով լցված, ինչքանո՞վ են արմատախիլ արել պաշտոնների բաշխումը՝ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով, ինչքանո՞վ է վերացել բյուրոկրատիան ու հովանավորչությունը, ինչքանո՞վ ենք դադարել լինել պադավատապետություն, ինչի մասին ժամանակին այդքան շատ էր սիրում խոսել Նիկոլ Փաշինյանն ու համեմատություններ անել այլ երկրների հետ։

Բա հիմա ի՞նչ եղավ, ինչո՞ւ իշխանության գալուց հետո այս ու բազմաթիվ այլ խնդիրները չլուծվեցին։ Միայն թե պետք չի ասել, որ դրա համար ժամանակ է պետք։

Երեք տարին լիուլի բավարար էր այս խնդիրների մեծ մասը լուծելու համար։ Բայց դրանք ոչ միայն չլուծվեցին, այլև առանձին դեպքերում խորացան ու կատարելագործվեցին։

Երեք տարում ի՞նչը փոխվեց, կարմիր գծե՞րը վերացան, թե՞ արագաչափերն ու տեսախցիկները։ Մի բան էլ թանկացան տուգանքները։

Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե քաղաքացին «տուգանքի մատերիալ չէ», իր իշխանության տարիներին լավ էլ դարձավ տուգանքի մատերիալ։

Ի՞նչ է տվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այս 3 տարիներին, բացի այն, որ մի գլուխ բարձրացրել են հարկային բեռը, այդ թվում՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ բնակչության համար։

Խոսում էին հանրային ծառայությունների սակագների ուռճացվածության, համակարգում կոռուպցիայի ու չարաշահումների հետևանքով միլիոնավոր դոլարների անհետացման ու թալանի, գազի ու էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու մասին։ Ո՞ւր է։ Քանի՞ անգամ են նվազեցվել սակագները, կամ քանի՞ կոռուպցիա ու թալան է բացահայտվել այս համակարգերում։

Սակագները ոչ միայն չեն նվազել, այլև մի բան էլ բարձրացել են։ Առաջիկայում դեռ բարձրանալու են։ Չնայած այն բանին, որ այս ընթացքում սպառողներն աղքատացել են ու շարունակում են աղքատանալ։

Ամենուրեք թանկացումներ են, իսկ եկամուտների ավելացում չկա։ Մարդիկ ամեն օրվա հետ ավելի վատ են ապրում։ Հույս էլ չկա, որ վաղը լավ կապրեն։

Եվ այսքանից հետո ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ապաշնորհ թիմը շարունակի կառավարե՞լ երկիրը։ Ինչի՞ համար, որ ի՞նչ անի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս