«Առանց ԼՂԻՄ-ի տարածքի վերադարձի չի կարելի ԼՂ հակամարտության էջը համարել փակված». Վահրամ Պողոսյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունու շրջան կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել է՝  փորձելու են քաղաքական ճանապարհով վերադարձնել ԼՂԻՄ-ի տարածքը:

«Մենք ունենք հստակ օրակարգ՝ շարունակել պայքարն անկախության, մենք անկախության ճանապարհից հետնահանջ չենք ունենալու, շարունակել պայքարն ամրապնդվելու, զարգացնելու մեր երկիրը, շարունակելու ենք պայքարը ԼՂԻՄ-ի տարածքի հետ վերադարձի առումով՝ քաղաքական ճանապարհով․․․»,- վստահեցրել է նա:

Թե ինչպես են պատկերացնում այդ քաղաքական ճանապարհն  Արցախում, և արդյո՞ք այս քաղաքական օրակարգը քննարկվել և համաձայնեցվել  է ՀՀ իշխանությունների հետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց.

«Սա Արցախի դիրքորոշումն է, որը պիտի արտահայտի ՀՀ-ն ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում՝ բանակցությունների ժամանակ: Իսկ համաձայնություն, անշուշտ, կա: Մենք այս տարիներին և հիմա էլ կասկածի տակ չենք դնում մեր համատեղ ցանկությունների իրականացումը բանակցությունների շրջանակում: Այսօր, իհարկե, բանակցային գործընթաց չկա, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ-ը դեռևս ակտիվ նախաձեռնություն  չի ցուցաբերում»:

Ըստ Պողոսյանի՝ այսօր իրողություններ են փոխվել և ճշտումներ պիտի կատարվեն:

«Կրկնում եմ՝ մեր դիրքորոշումը հստակ է՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքի վերադարձ: Այսինքն, առանց դրա չի կարելի ԼՂ հակամարտության էջը համարել փակված»,- եզրափակեց Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս