«Կեղծ հայրենասերներ, ո՞ւր էիք, երբ Կարմիր շուկան ավելի քան 15 օր վտանգված էր»․  Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում, հանդիպումներ ունեցել Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում:

Անդրադառնալով մամուլում պարբերաբար շահարկվող Կարմիր շուկայի թեմային՝ նա մեկ անգամ ևս շեշտել է, որ նման խոսակցությունները որևէ հիմք չունեն։

«Մեր երկրի ներքին թշնամիները խաթարում են մեր անդորրը՝ չհասկանալով, որ ամեն մի պրովոկացիոն նյութ տարածելով, բարձրաձայնելով՝ հերթական հոգեբանական ճնշումն են գործադրում, վիրավորանքն են փոխանցում մեզ։ Գլխավոր թեմաներից մեկը Կարմիր շուկայի թեման է։

Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ ինքնահաստատման առումով այս փուլում կեղծ հայրենասիրական օրակարգով փորձում է մեղադրել մեզ, իբր մենք պատրաստվում ենք ինչ-որ գործարքներ իրականացնել, ինչ–որ նպատակներով։ Ուզում եմ այդ կեղծ հայրենասերներին հարցնել, ո՞ւր էին, երբ Կարմիր շուկան ավելի քան 15 օր վտանգված էր, և ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր զավթել, խլել մեզնից Կարմիր շուկան։

Չեմ ուզում ասել, թե այդ օրերին քանի անգամ եմ եղել Կարմիր շուկայում և օրը քանի անգամ էի կապվում Կարմիր շուկայի պատասխանատուներին։

Մենք Կարմիր շուկայում 150 տուն ենք կառուցում, և այդ մարդիկ մեզ մեղադրում են, թե Կարմիր շուկան պատրաստվում ենք հանձնել։ Կարմիր շուկայի թեման փակված է, ժողովուրդ, բաց էլ չի եղել, և ուզում եմ նշել, որ որևէ ստվերային համաձայնություն որևէ փուլում չի լինելու։ Մենք ունենք հստակ օրակարգ՝ շարունակել պայքարն անկախության, մենք անկախության ճանապարհից հետնահանջ չենք ունենալու, շարունակել պայքարն ամրապնդվելու, զարգացնելու մեր երկիրը, շարունակելու ենք պայքարը ԼՂԻՄ-ի տարածքի հետ վերադարձի առումով՝ քաղաքական ճանապարհով․․․»։

Տեսանյութեր

Լրահոս