«Քննարկվում են պրակտիկ հարցեր դիվանագիտական փաթեթավորմամբ». Օվերչուկի այցը, Պուտինի զանգն Ալիևին ու Լավրովի հանդիպումներն Այվազյանի և Բայրամովի հետ

Այսօր Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մի շարք կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ: Նախ նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, ում հետ քննարկվել է հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների ընդունած հայտարարությունից հետո ստեղծված եռակողմ, փոխվարչապետների մասնակցությամբ աշխատանքային խմբի 5 հանդիպումները, արձանագրված առաջընթացն ու սերտ համագործակցությունը, և հատկանշական է, որ ռուսական կողմի գոհունակությունը եռակողմ աշխատանքների վերաբերյալ կիսում է նաև ադրբեջանական կողմը, ավելին, ԼՂ-ում նոր լարվածության հավանականությունը նվազագույն համարում:

Զուգահեռաբար կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույց, և, դատելով որոշ տեղեկություններից, ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Ըստ Կրեմլի կայքի՝ քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։

«Գոհունակությամբ փաստվել է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Հաշվի առնելով Բաքվում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ բանակցությունների ընթացքը՝ քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի ու տրանսպորտային ուղիների կարգավորումը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։

Իսկ Մոսկվայում ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հերթական հավաքի շրջանակներում այսօր նախատեսվում են Ռուսաստանի արտգործնախարարի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձին-առանձին:

Այս իրադարձություններին նախորդել էր Թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովում Իլհամ Ալիևի ելույթը Ղարաբաղյան հակամարտության և «Նախիջևանի միջանցքի», Սյունիքի ադրբեջանական պատկանելության մասին: «Կարծում եմ, որ դրանցից կարևորագույնը տրանսպորտային հնարավորություններն են։ Այսօր մենք արդեն շատ ակտիվ աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի վրա։ Նախիջևանում կայացած գագաթնաժողովում ես ասացի, որ ժամանակին Զանգեզուրն Ադրբեջանի կազմից դուրս բերելն ու Հայաստանին միացնելը նշանակում էր թյուրքական աշխարհի աշխարհագրական մասնատում, որովհետև եթե քարտեզին նայենք, ապա կարելի է տեսնել, որ մեր մարմնի մեջ կարծես դաշույն էին մտցրել, թյուրքական աշխարհը բաժանվեց։ Զանգեզուրը, որը հին ադրբեջանական հող է, այժմ խաղալու է թյուրքական աշխարհի միավորման դերը, քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտային, կոմունիկացիոն, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար» – թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովին երեկ հայտարարել էր Իլհամ Ալիևը:

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում, անդրադառնալով զուգահեռաբար տեղի ունեցող իրադարձություններին, ասաց, որ Ռուսաստանը պարզապես շարունակում է համակարգել եռակողմ աշխատանքները, որոնք ուղղված են տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացներին:

Ըստ նրա, ժամանակ առ ժամանակ շփումներ են տեղի ունենում ՌԴ և ՀՀ ղեկավարների, այնպես էլ ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև, ինչը գուցե այս փուլում ավելի հաճախակի է դարձել:

«Կարծում եմ, տարածաշրջան փոխվարչապետի այցով ամփոփվում են արդեն իսկ արված աշխատանքները և նախանշվում նոր ուղղությունները, ու դրա հետ մեկտեղ՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ զրույցը կարևորություն է տալիս թեմային, զգոնացնում հակամարտող երկրների ղեկավարներին՝ ժամանակ առ ժամանակ նրանց վերադարձնելով հիմնական ու կառուցողական օրակարգ:

Կարծում եմ՝ ներկայումս քննարկվող թեմաները քիչ չեն, որոնք վերաբերում են թե հումանիտար խնդիրներին, թե եռակողմ աշխատանքներին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին, որոնց էջն այս պահն փակված է, թե աշխարհաքաղաքական թեմաներին, որոնցում կան համատեղ շահեր, թե ապաշրջափակման հարցում Իրանի, Վրաստանի, Թուրքիայի մասնակցության հնարավորության հարցերին, պայմաններին: Այսինքն՝ քննարկման ենթակա թեմաների շրջանակն ու ծավալը չափազանց մեծ է»,- ասաց վերլուծաբանը:

Ըստ նրա՝ Ռուսաստանում հետևում են նաև Թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովին, դրա ընթացքում հնչող հայտարարություններին: Նրա որակմամբ, այդ համագործակցությունը խորանում է:

«Դրա արտահայտություններից մեկը թուրք-ադրբեջանական խորացող համագործակցությունն է քաղաքական և ռազմական ոլորտում, և այստեղ Ռուսաստանը ունի կայունացնող դերակատարություն»,- ասաց վերլուծաբանը:

Նա այն կարծիքին է, որ նախարարների հետ առանձնազրույցների բովանդակության շրջանակը լինելու է գրեթե նույնը, ինչ երկրների ղեկավարների մակարդակով:

«Սակայն նախարարները քննարկում են շատ ավելի պրակտիկ հարցեր, ինչպես նաև դիվանագիտական փաթեթավորումն այս ողջ գործընթացի այն ժամանակ, երբ ԵԱՀԿ ՄԽ երկրները քննարկում են՝ ինչ կարող են առաջարկել հակամարտող կողմերին և ինչպես կարող են բանակցությունները դուրս հանել ռուսական հովանուց՝ տեղափոխելով ԵԱՀԿ ՄԽ:

Եռակողմ աշխատանքները ներառում են թե պրակտիկ հարցեր, թե դիվանագիտական գործընթաց պաշտպանելու համար հրադադարը և ձեռք բերված պայմանավորվածությունները: Իհարկե, հասկանում ենք, որ տարածաշրջանում լրջագույն պրոցեսներ են ընթանում, դրանք դեռ լիովին բացատրելի չեն, սակայն դրանք փոխկապակցված են աշխարհում ձևավորվելիք նոր կարգի հետ, որում Ռուսաստանը, Թուրքիան և մի շարք այլ երկրներ կունենան այլ դերակատարություն: Թե ինչպիսի, այս պահին դեռ հստակ ասել հնարավոր չէ, քանի որ ազդեցությունը և ազդեցության գոտիները դեռ նոր են ուրվագծվում, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է համարել մեկ շատ փոքր բաղադրիչ այս ամենում: Թե ինչպես կզարգանան ՌԴ-ԱՄՆ, ԱՄՆ-Թուրքիա, ՌԴ-Թուրքիա, ՌԴ-Իրան, ԱՄՆ-Իրան, Չինաստան-ԱՄՆ, ՌԴ-Չինաստան հարաբերությունները, շատ բան է կախված լինելու, և, ինչպես տեսնում ենք, մենք ներկայումս հենց այդ զարգացումների ընթացքում ենք»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս