Իսկ որտե՞ղ էիք Դուք Արցախի 80 տոկոսի հանձնման ժամանակ. Հրանտ Մելիք-Շահնազարյանի պատասխանը` Արայիկ Հարությունյանին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով գտնվել է Մարտունու շրջանում. հանդիպումներ ունեցել Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում:
Հարությունյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Արցախի զարգացման իր տեսլականի մասին, միևնույն ժամանակ անդրադարձել է, իր բնորոշմամբ, ներքին թշնամիներին, որոնց կողմից բարձրաձայնվող ամեն մի խնդիրը հոգեբանորեն ազդում է Արցախում ապրողների վրա։
«Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ՝ այս փուլում ինքնահաստատվելու ցանկությամբ, կեղծ հայրենասիրական օրակարգով մեղադրում է մեզ, թե մենք պատրաստվում ենք ինչ-որ գործարքներ իրագործել՝ ինչ-որ նպատակով։ Նախ ուզում եմ նշել այդ կեղծ հայրենասերներին և հարցնել՝ ո՞ւր էին նրանք, երբ Կարմիր շուկան ավելի քան 15 օր վտանգված էր, և հակառակորդը փորձում էր այն զավթել, խլել»,- քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ իրենք Կարմիր շուկայում կառուցելու են 150 տուն, որևէ ստվերային պայմանավորվածություն չի լինելու, և իրենք շարունակելու են պայքարը անկախության և ԼՂԻՄ տարածքի հետ վերադարձի համար, սակայն քաղաքական ճանապարհով։
Քանի որ օրերս Կարմիր շուկային սպառնացող վտանգի մասին հրապարակում էր արել Հրանտ Մելիք-Շահնազարյանը, 168.am-ը հենց նրանից էլ փորձեց պարզել, թե որտե՞ղ է եղել նա, երբ պատերազմի օրերին 15 օր վտանգված էր Կարմիր շուկան։
«Պատերազմի ամբողջ ընթացքում ես եղել եմ կա՛մ Արցախում, կա՛մ Սյունիքում և զբաղվել եմ այն գործով, որով պետք է զբաղվեր Արայիկ Հարությունյանի ախատակազմը։ Փորձել ենք օգնել, որ կապ հաստատեն միջազգային մամուլի հետ, սակայն մեր բոլոր ծառայություններից նրանք հրաժարվել են՝ տապալելով տեղեկատվական աշխատանքները։
Ես հիմա շատ պարզ հարց ունեմ տալու Արայիկ Հարությունյանին. ուղիղ մեկ տարի առաջ Արայիկ Հարությունյանն այս նույն գյուղերում էր և խոստումներ էր տալիս այս գյուղերի և Արցախի անվտանգությունը ապահովելու համար, ստանձնում էր պատասխանատվություն Արցախի տարածքային ամբողջականության. հիմա հարց՝ որտե՞ղ մնացին այդ խոստումները, և որտե՞ղ էր Արայիկ Հարությունյանը, երբ գաղտնի Ադրբեջանին էին հանձնվում Արցախի շրջանները, որոնք եղել են Արցախի կազմում մինչ այն պահը, երբ Արայիկ Հարությունյանը ստանձնեց Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորությունները»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Խոսելով Արայիկ Հարությունյանի մատնանշած 150 տուն կառուցելու խոստման մասին՝ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ դրանք սոսկ խոստումներ են, ինչպիսին եղել են Հարությունյանի կողմից տրված, բայց այդպես էլ իրականություն չդարձած մյուս խոստումները։
«Իսկ ինչ վերաբերում է նրա ասած ներքին թշնամիներին, ապա հստակ ասում եմ՝ այս երկրում կան մի քանի դավաճաններ, որոնցից մեկը Արայիկ Հարությունյանն է, որը խափանել է Արցախի պաշտպանությունն իր միջամտություններով, և ժողովրդի թիկունքում գաղտնի համաձայնել է, որ Արցախի տարածքի մեծ մասը հանձնվի Ադրբեջանին»: