«Մեր մասնակցությունը կլինի այս ընտրություններին». Թաթուլ Մանասերյանը՝ Կոմանդոսի հիմնադրած «Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ի մասին

Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի, հիմնադրած «Քաղաքացիական խորհուրդն» այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու երեկ կյանքին հրաժեշտ տված գեներալ-մայորի քաղաքական կտակը: ՀԿ-ի անդամ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հիշեցրեց, որ Արկադի Տեր-Թադևոսյանը նոյեմբերի 10-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որով համախմբման կոչ էր անում մեր հասարակության բոլոր առողջ ուժերին՝ հայ մտավորականությանը, հասարակական, քաղաքական գործիչներին, ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ճիշտ որոշում գտնելու նպատակով:

«Այն խոսքերը, որ ասել է մեր փառապանծ զորավարը, մարգարեական դարձան, նաև կար որոշակի նախախնամություն, որ ինքը հասցրեց ձևավորել «Քաղաքացիական խորհուրդը»: Օրեցօր ընդլայնվում են նրանց շարքերը, ովքեր հավատում են այդ գաղափարին, միաբանումը շարունակական է, հենց այսօր էլ «Քաղաքացիական խորհրդում» հյուրընկալելու ենք կառույցների, որոնք դեռ մինչև այս ծանր պահը միանալու ցանկություն են հայտնել: Մենք ինքներս այլ ուժերի միաբանման կողմնակից ենք, և սա է ճանապարհն իրապես ազգային պետություն կերտելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու: Քաղաքական կտակի ամբողջ իմաստը սա է. հորդորն է հայ ժողովրդին համախմբվելու և ոչ թե՝ առանձին-առանձին, հատվածական պայքար մղելու»,- ասաց Մանասերյանը:

Տնտեսագետը նաև նշեց, որ կա համագործակցություն Սփյուռքի հետ, որն ընթացքում կուժեղանա:

«Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ անդամ, գրող, բանաստեղծ Սուրեն Գրիգորն էլ նկատեց, որ բոլոր խնդիրներն ունեն լուծումներ, եթե կա համակարգային մոտեցում:

«Համայն հայությունը գտնվում է ակամա զորակոչի պայմաններում, այդ զորակոչի կազմակերպականությունից են կախված մեր բոլոր խնդիրների լուծումները: Ինչպե՞ս դա պետք է անել: Նախորդ էտապներում այդպիսի կազմակերպականության որոշ դրսևորումներ եղել են, բայց իրավիճակը պահանջում է դա վերածել համակարգի և համակարգային մտածողության: Բոլոր խնդիրներն ունեն լուծումներ համայն հայության մասշտաբով, մեծ խնդիրները փոքր իրավիճակում անլուծելի են թվում, եթե բարձրացնում ես համակարգի մակարդակի, բոլոր խնդիրները լուծելի են»,- ասաց Սուրեն Գրիգորը:

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս էր գեներալի վրա անդրադարձել Շուշիի հանձնումը, ի՞նչ էր խոսում նա այդ մասին խորհրդի նիստերին կամ իր նեղ շրջապատում, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց, որ Կոմանդոսը շատ չէր խոսում, փոխարենը՝ քայլեր էր ձեռնարկում, որոնցից մեկն էլ առողջ ուժերի համախմբումն էր:

«Մենք հավատացած ենք, որ Շուշիի վերաազատագրումը լրիվ իրատեսական է, իհարկե, ունեցել ենք նաև առանձնազրույցներ, կարող եմ ասել, որ կա ոչ միայն ռազմական ազատագրման, այլ նաև այլ տարբերակներ, բայց դրա համար համախմբվածություն է պետք, պետք է միաբան լինենք, պետք է չունենանք այն կեցվածքը, ինչ ունեինք մինչև այս արհավիրքը, մասնատվածությունը պետք է հաղթահարենք»,- ասաց տնտեսագետը:

Հարցին, թե արդեն պատկերացնո՞ւմ են առաջիկա ընտրություններում իրենց անելիքները, Մանասերյանն արձագանքեց, որ իրենց ՀԿ-ի շուրջ համախմբվում են՝ ինչպես անհատներ, կազմակերպություններ, այնպես էլ՝ կուսակցություններ:

«Նպատակ դնել ընտրություններին մասնակցելը, կարծում եմ, մեղմ ասած, էժան արժեք կարող է դիտվել, մեր նպատակը վաղվա Հայաստանն է, ազգային պետության ձևավորումը, բայց խուսափել ընտրություններից ոչ մեկին պետք չէ, այդ թվում և՝ «Քաղաքացիական խորհուրդը», բնականաբար, ունի իր դիրքորոշումը, այսօր չէի ուզենա դրան անդրադառնալ, քանի որ պատեհ պահը չէ, բայց, բնականաբար, մեր մասնակցությունը, կարող եմ ասել, որ կլինի այս ընտրություններին ևս: Դա նվազագույն քայլերի մեջ է դիտվում, բայց դրանով չի կարող սահմանափակվել: Պահը կգա, կներկայանանք հանրությանը, բայց կարգախոսը միանգամից ասեմ՝ «Համախմբված հայություն, հզոր Հայաստան», շատ պարզ բանաձև է»,- ասաց Մանասերյանը:

«Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ անդամ, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի կարծիքով էլ՝ իրականանալի են գեներալի բոլոր գաղափարները:

«Ինձ համար որևէ ձևով ընկալելի չէ, որ այն ամենը, ինչ արել է Կոմանդոսը, իր հետ պետք է վերանա, դա բացարձակապես ինձ համար ընդունելի չէ, կարդացի մի քանի արտահայտություններ, ցավակցություններ, կարծես թե դրանց մեջ կար միտում, որ մեզ հետ կմնա նրա անունը, ոչ, մեզ հետ կմնա նրա արածը, մեր սուրբ պարտականությունն է շարունակել այն, ինչ ինքն ուներ իր պայծառ գաղափարներով, համոզված եմ, որ այդ ամբողջն իրականանալի է»,- ասաց Ալավերդյանը:

Տեսանյութեր

Լրահոս