«Ալիևը հայերի հետ հարաբերությունները կարգավորելու միայն մեկ ճանապարհ է տեսնում». Գառնիկ Դավթյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի կարծիքով՝ «Իսկանդերի» թեման ադրբեջանական մամուլում ակտիվացնելը հակառուսական ուղղվածություն ունի:

«Պատերազմից հետո ռուս խաղաղապահների տեղակայումն Արցախում լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի հասարակությունում, առհասարակ, ընդդիմությունն այսօր այդ հակառուսական թեզի վրա է աշխատում, փորձում է դրանով դիվիդենտներ շահել Ալիևի դեմ: Ադրբեջանի իշխանությունն այդքան շահագրգռված չէ՝ հակադարձել ընդդիմության հակառուսական թեզերին, ընդհակառակը՝ թողնում է, որ դրանք ձևավորվեն: Ինչ վերաբերում է «Իսկանդերին», այս օրերին դրա առաջբերումը նպատակ ունի հակառուսական տրամադրությունները զարկ տալով Ադրբեջանում՝ դրանք ներարկել Հայաստանի շրջանակներում: Լավ գիտենք, որ այսօր որոշ կուսակցություններ և անհատներ լցված լինելով հակառուսական տրամադրությամբ՝ փորձում են ցույց տալ, որ Ռուսաստանն այսօր չի հանդիսանում Հայաստանի անվտանգության երաշխավորը, Ռուսաստանը չի հանդիսանում Հայաստանի դաշնակից, բայց այս թեզերն ուղղված են բացառապես հայ ժողովրդի դեմ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ դա ավելի շատ Թուրքիայի՞ն է ձեռնտու, թե՞ Ադրբեջանին, որովհետև տարբեր փորձագետներ այս ամենի հետևում հենց Թուրքիային են տեսնում, նա պատասխանեց.

«Արցախյան երկրորդ պատերազմում պետք է առաջինը դիտարկել Թուրքիայի կոմպոնենտը, որովհետև Թուրքիան այսօր նպատակ ունի Սյունիքի մարզով, լինի անմիջական ռազմական ներխուժման, թե ոչ ռազմական ներխուժման, այսինքն՝ տնտեսական զավթման ձևով, ապահովել Մեծ թուրանի իրականացումը:

Իսկ այսօր Մեծ թուրանի չիրականացման առաջին մեծ վտանգը ռուս խաղաղապահների տեղակայումն է: Շատ կարևոր հանգամանք է նաև Հայաստանի դիրքորոշումն այս հարցում: Ռուսական կողմը Թուրքիայի և Ադրբեջանի համար հանդիսանում է կոկորդին կանգնած ոսկոր Արցախում, որովհետև հատկապես անկախացումից հետո Ռուսաստանի ներկայություն Արցախում չկար, զուտ ունեինք տեխնիկաներ, որոնք մեր զինվորների կողմից էին կառավարվում, և առաջնագիծը հայ զինվորի կողմից էր պահպանվում: Այստեղ Թուրքիան փորձում է հակառուսական տրամադրություններով, «Իսկանդերի» թեման շահարկելով՝ Թուրքիան փորձում է հասարակ ժողովրդի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որ ձեզ խաբել է ոչ միայն ձեր իշխանությունը, այլ նաև Ռուսաստանը, և հայ ժողովրդին տանել հակառուսական տրամադրության: Սա լի է բացառապես բացասական հետևանքներով և չի բխում Հայաստանի շահերից»:

Նրա խոսքով՝ այսօր Ալիևների իշխանությունը հայերի հետ խաղաղություն հաստատելու միտք չունի. «Ալիևը հայերի հետ հարաբերությունները կարգավորելու միայն մեկ ճանապարհ է տեսնում՝ Հայաստանը գրավել, ոչնչացնել հայերին կամ հեռացնել այստեղից: Հետևաբար, այսօր խոսել խաղաղությունից, նշանակում է՝ չունենալ պատկերացում անձնական անվտանգության մասին, երկրորդ՝ չունենալ առհասարակ պատկերացում, թե հայ ժողովուրդն ինչպես պետք է ապրի իր սեփական արարած հողի վրա, և ապագա չկառուցել այս երկրի վրա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս