Հայկ Չոբանյանն այսօրվանից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է
Այսօր Տավուշի մարզպետի պաշտոնը լքած, 2019 թվականից իրեն այդ պաշտոնում նշանակողին և իշխանական թիմին սրբորեն ծառայած Հայկ Չոբանյանն այսօր էլ ստանձնեց նոր պաշտոն: Կառավարության նիստում հաստատվեց վաղ առավոտից մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ Հայկ Չոբանյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում փոխարինելու է Հակոբ Արշակյանին:
«Տեղեկացնեմ, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը լքում է իր պաշտոնը, և պարոն Արշակյանի փոխարեն նախարար կնշանակվի պարոն Չոբանյանը: Ես ուզում եմ պարոն Արշակյանին շնորհակալություն հայտնել իր կատարած աշխատանքի համար: Ըստ էության 0-ից նոր նախարարություն է ստեղծվել, ձևավորվել, և դա բավականին բարդ աշխատանք է, որը արվել է բավականին լավ: Եվ ես ուզում եմ պարոն Չոբանյանին հաջողություններ մաղթել ԲՏԱ նախարարի կարգավիճակում»,- Կառավարության նիստի ավարտին ասաց Նիկոլ Փաշինյանը: