Բաժիններ՝

Հնարավո՞ր է, որ բուհերն ու դպրոցները կրկին անցնեն հեռավար ուսուցման. Մեկնաբանում են ԿԳՄՍ նախարարը և տեղակալը

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ բուհերն ու հանրակրթական դպրոցներն անցնեն հեռավար ուսուցման՝ հաշվի առնելով հանրապետությունում համաճարակային իրավիճակը, պատասխանեց, որ բուհերն իրենք են որոշում՝ ինչպես կազմակերպել կրթությունը:

«Մենք չենք որոշում՝ բուհերն ինչ ձևով կազմակերպեն իրենց կրթությունը, չնայած տարօրինակ ձևով հաճախ մեզ դիմում են հարցով, թե ինչպե՞ս անենք: Բուհի ինքնավարությունն այդտեղ է երևում, նախարարությունը չպետք է որոշի՝ ինչ ձևով կազմակերպի: Զուտ համաճարակի հետ կապված՝ պայման ենք դրել, որ կարող են անել ցանկացած ֆորմատով դաս՝ պահպանելով հակահամաճարակային նորմերը լսարանում՝ հեռավորություն, դիմակ, ալկոգել և այլն, եթե դա հնարավոր է, եթե հնարավոր չէ, չեն անում:

Եթե կա ցանկություն երկկողմանի՝ դասախոս և ուսանող, կարող են, պահպանելով հեռավորությունը, պայմանները, հավաքվել լսարանում, դաս անել, բայց այն ուսանողները, որոնք չեն եկել, նրանց համար առաջարկել ենք ապահովել հեռարձակում, որպեսզի նրանց հասանելի լինի: Որևիցե պարտադրանք  չի կարող լինել, որևիցե մեկը չի կարող պարտադրել դասախոսին պարտադիր գալ բուհում դասավանդել, որևիցե մեկը չի կարող ուսանողին պարտադրել գալ բուհ, որովհետև համաճարակային իրավիճակ է, մարդը վախենում է, բայց գործը պետք է արվի»,- ասաց Դումանյանը՝ ավելացնելով, որ տարբեր բուհերում, նույն բուհի տարբեր ֆակուլտետներում մոտեցումը կարող է տարբեր լինել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ ասաց, որ դպրոցների պարագայում տրվում է իրավիճակային լուծում:

«Հանրապետությունում շուրջ 3 տասնյակ դպրոցներ ունենք, որ անցել են հեռավար կրթության: Հիշեցնեմ, որ դպրոցն անցնում է հեռավար կրթության այն պարագայում, երբ դպրոցում գրանցված դեպքերի քանակը գերազանցում է 10 տոկոսը, եթե կան դեպքեր դասարանում, դասարանը կարող է անցնել ժամանակավոր հեռավար ուսուցման: Ռիսկի խմբի երեխաների համար, շուրջ 5000 երեխա, այս ուսումնական տարվա սկզբից ապահովում ենք կենտրոնացված հեռավար ուսուցումը»,- ասաց Անդրեասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս