Փաշինյանին աղուհացով դիմավորած գյուղի գյուղապետը ՊԵԿ նախագահի նախկին ՀՀԿ-ական հայրն էր
Նիկոլ Փաշինյանը, որն արդեն սկսել է նախընտրական քարոզարշավ իրականացնել, թեև պաշտոնապես հայտարարված չէ ո՛չ արտահերթ խորհրդարանական ընտրության օր, ո՛չ էլ քարոզարշավի, այս կիրակի այցելել էր Արմավիրի մարզ, թեև նախապես հայտարարվել էր, թե նա այդ մարզ է այցելելու շաբաթ օրը, և այցի օրը փոխվեց միայն այն ժամանակ, երբ մամուլում հրապարակվեցին այն համայնքների անունները, ուր պլանավորում էր այցելել։
Եվ այսպես, կիրակի օրը՝ Ծաղկազարդին, վաղ առավոտյան Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ, հանդիպումներ ունեցել մարզի Արագած, Մյասնիկյան, Ալաշկերտ, Նալբանդյան և Արտաշար համայնքներում, որոնցից քիչ թե շատ մարդաշատ էր Ալաշկերտ համայնքը, որտեղ Փաշինյանին երեխաները դիմավորել էին աղուհացով։
168.am-ի տեղեկություններով՝ Ալաշկերտ համայնքում Փաշինյանին դիմավորողների թվաքանակը պայմանավորված էր գյուղապետի հանգամանքով։
Պարզվում է՝ Ալաշկերտի գյուղապետը Կարեն Թելմանի Հովհաննիսյանն է՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հայրը։
Որդու պաշտոնով պայմանավորված էլ համայնքի ղեկավարը ջանք ու եռանդ չէր խնայել հնարավորինս շատ մարդ մոբիլիզացնել Փաշինյանի հետ հանդիպման և իշխանամերձ լրատվամիջոցների ռեպորտաժների համար կադրեր ապահովելու համար։
Հիշեցնենք, որ իշխանամերձ լրատվամիջոցներից մեկն Էդվարդ Հովհաննիսյանին ՊԵԿ պաշտոնում նշանակելուց հետո գրել էր.
«Վերջին փոփոխություններով հեղափոխական իշխանությունն առաջին հայացքից ձերբազատվում է նախկիններից կամ ինչպես վարչապետը բնորոշեց՝ «Սերժի մնացորդներից»։ Սակայն ՊԵԿ նորանշանակ նախագահը, լինելով ՀՀԿ-ական գյուղապետի որդի, պետք է որ մեծացած լինի Սերժ Ազատիչի մասին պաշտամունքի ֆոնին։ Էլ չասած, որ երկար տարիներ լինելով ՊԵԿ ստորին և միջին կարգի չինովնիկ, ամենայն հավանականությամբ, առնչված կլինի նախկին բարքերի հետ, որոնք հատկապես ՊԵԿ-ում լավագույնս էին արմատացած։ Ամեն դեպքում, հաշվի առնելով հետհեղափոխական տխուր փորձը, երբ Փաշինյանից գրեթե խլվեցին գերկարևոր մեկնարկային 2 տարին, կարող ենք արձանագրել, որ ՊԵԿ նորանշանակ նախագահը ևս «բախվելու» է իր կամ ՀՀԿ-ական հոր անցյալին»։