ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում են ԱԳ նախարարությունից, նիստի մասնակիցները ողջունել են 2025թ. փետրվարին կայացած նախորդ երկխոսությունից ի վեր Հայաստան-ԵՄ գործընկերության առաջմղմանն ուղղված քայլերը, որոնք հիմնված են ընդհանուր սկզբունքների, այդ թվում՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության վրա:

Հայաստանը և Եվրոպական միությունը կառուցողական քննարկում են անցկացրել մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ։ Ամփոփելով 2025թ. ի վեր արձանագրված առաջընթացը՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում և ԵՄ-ում մարդու իրավունքների քաղաքականության ոլորտում տեղի ունեցած վերջին զարգացումների և մարդու իրավունքների ոլորտում միմյանց համապատասխան առաջնահերթությունների վերաբերյալ։

Կողմերը պայմանավորվել են նաև շարունակել համագործակցությունը մարդու իրավունքներին առնչվող հարցերի շուրջ՝ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի և Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման համատեքստում։

Կողմերն ընդգծել են հավասարության խթանման և խտրականության դեմ պայքարի կարևորությունը։ Եվրոպական միությունն արձանագրել է 2025թ. ապրիլի 23-ին Հայաստանի կողմից 2025-2028թթ. Գենդերային հավասարության ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունումը։ Հայկական կողմը ԵՄ կողմին տեղեկացրել է խտրականության դեմ համապարփակ օրենքի ընդունման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Կողմերն ընդգծել են ընտանեկան և գենդերային բռնության, այդ թվում՝ ԼԳԲՏԻ անձանց դեմ, ատելության խոսքի և ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ շարունակական ջանքերի կարևորությունը։ Հատուկ կարևորություն է տրվել խոցելի իրավիճակում գտնվող անձանց, այդ թվում՝ Ղարաբաղից տեղահանված հայերին: Եվրոպական միությունը վերահաստատել է վերջիններիս ինտեգրմանն ուղղված իր շարունակական աջակցությունը և օժանդակությունը: Երեխայի իրավունքների պաշտպանության համատեքստում Եվրոպական միությունը ողջունել է 2025թ. երեխայի պաշտպանության վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը՝ որպես իրավական շրջանակի պաշտոնական ամրապնդման նշանակալի քայլ։

Հայաստանը և Եվրոպական միությունը քննարկել են հիմնարար ազատությունների, այդ թվում՝ հավաքների, միավորումների և արտահայտվելու ազատության ապահովման, քաղաքացիական հասարակության համար բաց տարածքի պահպանման, ազատ և անկախ մեդիա միջավայրի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության դերի ամրապնդման կարևորությունը։ Եվրոպական միությունը հետաքրքրվել է նաև անկախ մեդիա միջավայրի ապահովման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերով: Կողմերն անդրադարձել են նաև զինված ուժերում մարդու իրավունքներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031