Անհաջող մեկնարկ. նույնիսկ ակտիվ գնաճը չի փրկում

Հայաստանի տնտեսությունն անկման մեջ է, ու դա բացասաբար է ազդում նաև տնտեսության մեջ ձևավորվող հարկային եկամուտների վրա։ Մուտքերը շարունակում են կրճատվել։ Նույնիսկ ակտիվ գնաճը, որը լրացուցիչ աղբյուր է հարկերի համար, չի փրկում։ Մինչդեռ, ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը տնտեսության վերականգնման մասին էր խոսում։

Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման նշաններ է ցույց տալիս, ասում էր վարչապետը։ Փետրվարի առաջին 15 օրերին ունեցել ենք հսկիչ-դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվող գործարքների աճ՝ նախորդ տարվա համեմատ։ Դրամաշրջանառությունն ավելացել է 12 տոկոսով։ Աճել է նաև արտահանումն ու ներմուծումը։

Այս հայտարարությունից հետո, թե հետագայում ի՞նչ ընթացք ունեցավ տնտեսության «վերականգնումը», Նիկոլ Փաշինյանն այլև չխոսեց։ Բայց դա բոլորովին չի խանգարում «վայելելու» տնտեսության «վերականգնման» արդյունքները։

Շրջանառությունների կամ դրամաշրջանառության աճը ենթադրում է տնտեսության մեջ գեներացվող հարկային եկամուտների ավելացում։ Այնինչ՝ փետրվարին կրկին ունեցել ենք հարկային եկամուտների նվազում։

Նախորդ տարվա համեմատ՝ բյուջեի հարկային մուտքերն այդ ամսին կրճատվել են 4 մլրդ դրամով։ Անցած տարվա փետրվարին հավաքվել էր 85,2 մլրդ դրամի հարկ։ Այս տարվա փետրվարին հավաքվել է 81,2 միլիարդի հարկ։

Գեներացվող հարկերի կրճատումն ամենևին տնտեսության վերականգնման, առավել ևս՝ դրամաշրջանառությունների և գործարքների ավելացման մասին չի խոսում։

Իսկ թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը շտապում փետրվարի առաջին 15 օրերի ցուցանիշները հանրայնացնել և դրանց հիման վրա չհիմնավորված եզրակացություններ ներկայացնել, պարզ է։ Հետագայում նման հնարավորություն կարող էր չլինել։ Քանի առիթը կար, պետք էր օգտվել դրանից, ինչը Նիկոլ Փաշինյանն անում է իր վարչապետության այս ամբողջ ընթացքում. այստեղից-այնտեղից ծաղկաքաղեր անելով՝ փորձում է հասարակությանն անընդհատ պահել թյուրիմացության մեջ։ Մի բան, ինչը նրա մոտ ամեն ինչից լավ է ստացվում։ Այլ հարց է, թե դրանից ինչ է շահում հասարակությունը։ «Աննախադեպ» ու «հեղափոխական» զարգացումներից հետո այսօր հասել ենք մի իրավիճակի, երբ միայն հետ ենք գնում ու ստիպված ենք հաշվել կորուստները։

Անցած տարվա հունվար-փետրվարի համեմատ՝ այս տարվա հունվար-փետրվարին պակաս է հավաքվել ավելի քան 20 մլրդ դրամ։ Հարկային մուտքերն ու պետտուրքերը տարեսկզբի 2 ամիսների կտրվածքով կրճատվել են գրեթե 9 տոկոսով։

Չնայած նման կտրուկ անկմանը, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, առաջին եռամսյակի հարկային մուտքերի պլանը կկատարվի, հավանաբար նաև կգերակատարվի։ Ու դա լավ առիթ կլինի վարչապետի համար՝ հերթական ձեռքբերումներից ու վերականգնումներից խոսելու։

Բայց, բնականաբար, նա ոչինչ չի ասի այն մասին, որ այս տարվա առաջին եռամսյակի հարկային եկամուտների պլանն անհամեմատ քիչ է պլանավորվել։

Նախատեսված է հավաքել ընդամենը 305 մլրդ դրամ։ Այն էապես զիջում է նույնիսկ անցած տարվա կատարողականին։ Անցած տարվա առաջին եռամսյակում փաստացի հավաքվել էր ավելի քան 349 մլրդ դրամ։

Այս տարի 44 միլիարդով ավելի քիչ հարկային եկամուտ է պլանավորվել առաջին եռամսյակի համար։ 12,6 տոկոսով պակաս, քան անցած տարվա փաստացի կատարողականն է։

Թե ինչո՞ւ են այդպես արել, մնում է միայն ենթադրել։ Բայց դատելով հարկային եկամուտների սահմանված եռամսյակային համամասնություններից՝ դրանով մուտքերի հետ կապված խնդիրները տեղափոխել են հաջորդ եռամսյակներ։ Պատկերացնելու համար ասենք, որ երկրորդ եռամսյակի պլանը 55 միլիարդով ավելի է, քան առաջին եռամսյակինը։

Տարեսկզբի 2 ամիսներին մուտքերի նվազում ունենք հարկերի մեծ մասի գծով։ Կրճատվել է ԱԱՀ-ն, շահութահարկը, շրջանառության հարկը։

Գրեթե կրկնակի պակաս շահութահարկ է ստացվել։ Անցած տարի 88 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկ էր հավաքվել, այս տարի հավաքվել է 80 միլիարդի։  Շրջանառության հարկը պակասել է ավելի քան 16 տոկոսով։

Փետրվարին նվազել են նաև եկամտային հարկի մուտքերը։ Անցած տարի հավաքվել էր գրեթե 31 մլրդ դրամ, այս տարի հավաքվել է 29 միլիարդ։

Մուտքերը պակասել են գրեթե 2 մլրդ դրամով՝ պայմանավորված մի կողմից՝ եկամտային հարկի դրույքաչափի 1 տոկոս նվազումով, մյուս կողմից՝ ըստ ամենայնի, աշխտավարձերի կրճատումով։ Փետրվարի աշխատավարձի տվյալները դեռ չեն հրապարակվել, բայց հունվարին ունեինք միջին աշխատավարձի 4 տոկոսին հասնող նվազում։ Այս գործոններն էլ հավանաբար հանգեցրել են եկամտահարկից ստացվող բյուջետային մուտքերի նվազման։

Ժամանակին, երբ կառավարությունը գնում էր համահարթ եկամտային հարկի սահմանման՝ հույս ուներ, որ առաջացող ֆինանսական կորուստները կփոխհատուցվեն ակցիզային հարկի հաշվին։ Դրա համար բարձրացրեցին ակցիզային հարկի դրույքաչափերը։ Բայց, ինչպես և ենթադրվում էր, սպասելիքները չարդարացան։

Այս տարվա հունվար-փետրվարին հավաքվել է 13 մլրդ դրամի ակցիզային հարկ։ Մինչդեռ անցած տարի մուտքերն անցնում էին 20 միլիարդից։

Հարկային օրենսդրության մեջ կատարված այդ փոփոխության հետևանքներն այսօր տեսնում ենք ոչ միայն՝ բյուջեի մուտքերի, այլև՝ ենթաակցիզային բազմաթիվ ապրանքների, այդ թվում՝ բենզինի, դիզելի, հեղուկ գազի, սպիրտային խմիչքների, ծխախոտի գների վրա։ Դրանք այսօր անհամեմատ ավելի թանկ են նաև հարկային բեռի ավելացման հետևանքով։

Կրճատվել են նաև բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարները։

Տարեսկզբին առկա այս միտումները վկայում են, որ բյուջեի հարկային եկամուտների կատարողականի հետ կապված իրավիճակը կրկին հուսադրող չէ։ Ունենք նախորդ տարվանից ավելի քան 20 մլրդ դրամով պակաս հավաքված եկամուտ։ Այն դեպքում, երբ տարվա կտրվածքով նախատեսվում է 55 միլիարդով ավելի հարկ հավաքել։ Բայց տնտեսության զարգացումներն այս պահին դրա օգտին չեն։ Ռիսկերն ավելացել են, առավել ևս՝ սպասվող արտահերթ ընտրությունների ու ձևավորված նոր անորոշությունների հետևանքով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս