Սպասենք վատագույնին
Կենտրոնական բանկը, որը կոչված է ապահովելու երկրում գների կայունությունը, «լավ» հույս է տալիս սպառողներին. գներն առաջիկայում կշարունակեն բարձրանալ։
Ինչքա՞ն, հայտնի չէ։ ԿԲ-ն չի շտապում պատասխանել այդ հարցին, իսկ կառավարությունն անտարբերությամբ է նայում գների բարձրացումներին։
«12-ամսյա գնաճը, առաջիկա ժամանակահատվածում որոշակի արագացումից հետո, կանխատեսվող հորիզոնում կնվազի և կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ»,- ասում է Կենտրոնական բանկը:
Դա, հավանաբար, տեղի կունենա արդեն հաջորդ տարվա սկզբին։ Այս տարվա ակտիվ աճից հետո, գնաճի կայունացումը նպատակային ցուցանիշի տիրույթում, անշուշտ, տրամաբանական է։ Հատկապես որ, կթուլանա դրա վրա որոշ գործոնների ազդեցությունը։
Իսկ մինչ այդ գնաճը մեր երկրում դեռ կակտիվանա։ Այսօր էլ սպառողներն ամեն քայլափոխի հանդիպում են գների համատարած բարձրացումների։ Արդեն սովորություն է դարձել, որ ամեն շաբաթը կամ 2 շաբաթը մեկ գները պետք է բարձրանան։ Դրանք զսպելու առումով քայլերը չեն էլ արվում։
Ճիշտ է՝ հաշվի առնելով գնաճային ակտիվ սպասումները, նախորդ տարվա վերջին և այս տարվա սկզբին Կենտրոնական բանկը՝ 1, հետո՝ ևս 0,25 տոկոսային կետով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բայց դա միտված էր ոչ թե ընթացիկ գների զսպմանը, այլ ապագային։
Հայտնի է, որ տոկոսադրույքի բարձրացումը կամ փողի թանկացումը գնաճի վրա միանգամից չի ազդում։ Այն որոշակի լագ ունի, ինչից հետո այդ ազդեցությունը կարող է արտահայտվել։
Այդ հույսով էլ, հավանաբար, Կենտրոնական բանկը սպասում է, որ գնաճն ապագայում կնվազի։
Ինչ մնում է այսօրվա բարձր գնաճին, ապա այն զսպելու համար Կենտրոնական բանկը վաղուց պետք է քայլ արած լիներ՝ վերանայելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Բայց քանի որ չի արել, ընդհակառակը՝ վերաֆինանսավորման ցածր տոկոսադրույքի սահմանման միջոցով մի բան էլ նպաստել է գնաճի ակտիվացմանը, հիմա ստիպված ենք վայելել դրա ազդեցությունը։
Ցածր տոկոսադրույքը, անշուշտ, ունի իր հիմնավորումը։ Այն նպատակ ունի խթանել տնտեսությունը։ Բայց թե դա ինչքանո՞վ է մեզ հաջողվել, վկայում են տնտեսական աճի ցուցանիշները։ Ցածր տոկոսադրույքի պայմաններում անցած տարի գրանցեցինք 7,6 տոկոսանոց տնտեսական անկում։ Մյուս կողմից՝ դրա հետևանքով այսօր ստիպված ենք առերեսվել բարձր գնաճի հետ։
Վերջին շրջանում գնաճային միջավայրն ակտիվացել է գրեթե բոլոր հատվածներում։ Դրան նպաստել են ոչ միայն արտաքին, այլև ներքին պրոցեսները՝ քաղաքական ու տնտեսական անկայունությունը, ազգային արժույթի գնողունակության անկումը, բացասական սպասումները, բիզնեսի համար գործունեության պայմանների վատացումը և շատ այլ գործոններ։ Ժամանակին, երբ տնտեսության համար թանկացնում էին էներգակիրները, պիտի հասկանային, որ դա բերելու է գնաճային լրացուցիչ ճնշումների։
Բայց լսողն ո՞վ է։ Ինչ մտքներով անցնում է, այն էլ անում են՝ առանց մտածելու հետևանքների մասին։
Ներքին տնտեսական միջավայրից թելադրված այս ազդեցությունները միախառնվել են արտաքին հատվածի զարգացումներին ու ճնշում են սպառողական ապրանքների շուկաները։ Կենտրոնական բանկն այս պահին գնաճի վրա ազդելու լծակներ, ըստ էության, այլևս չունի։ Պահը բաց է թողնված։ Փոխարենը՝ բազմաթիվ անելիքներ ունի կառավարությունը, բայց չի անում։ Արդյունքում՝ գնաճը գրոհում է սպառողների գրպանները։
Փետրվարին այն ընդհուպ մոտեցավ նախատեսված թիրախի վերին սահմանին։ Սննդամթերքի և բազմաթիվ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում անցավ նաև թիրախը՝ հատելով 8 տոկոսի սահմանը։
Դատելով Կենտրոնական բանկի կանխատեսումներից, առաջիկայում գնաճը շարունակելու է ակտիվանալ։ Ինչպես սովորաբար լինում է, այն առաջին հերթին արտահայտվում է լայն սպառման ապրանքների շուկաներում։
Գնաճի ակտիվացումը Կենտրոնական բանկը կապում է առաջին հերթին՝ միջազգային շուկաների թանկացման հետ։
«2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում են տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման միտումները, ինչը, ենթադրվում է, կպահպանվի միջնաժամկետ հորիզոնում՝ հիմնականում պայմանավորված այդ երկրներում խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների իրականացմամբ: Համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումների ազդեցությամբ, ինչպես նաև մի շարք առաջարկի գործոններով պայմանավորված՝ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում դրսևորվել են գների աճի միտումներ: Սա նաև նպաստում է գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմանը»,- Կենտրոնական բանկի կարծիքով՝ այսպիսի իրավիճակում դեռևս կշարունակվեն դրսից գնաճային ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա։
Ներքին տնտեսության մեջ ԿԲ-ն գնաճի ռիսկեր չի տեսնում։ Զուտ այն պատճառով, որ ներքին տնտեսության մեջ ակտիվություն չկա։ Անցած տարվա վերջի և այս տարվա սկզբի տնտեսական զարգացումներն ավելի ցածր են եղել, քան ակնկալվում էր։ Պահպանվող անորոշությունների և վարկավորման աճի տեմպերի դանդաղման ներքո կանխատեսվում է, որ ներքին պահանջարկն առաջիկայում կմնա զսպված:
Բայց դա չի նշանակում, թե ներքին տնտեսական միջավայրից թելադրված գնաճային ճնշումներ առաջիկայում չեն կարող լինել։ Նման ռիսկեր կան, սակայն, կապված ոչ թե՝ տնտեսության ակտիվացման, այլ՝ էներգակիրների, մասնավորապես՝ գազի գների հնարավոր բարձրացման հետ։ Դա կարող է տեղի ունենալ արդեն այս տարվա կեսերին։
Գնաճի ակտիվացման վերաբերյալ առաջիկա կանխատեսումներն անելիս, այս գործոնը Կենտրոնական բանկը հաշվի չի առել, բայց այն կա և շատ իրական է։
Այնպես որ, առաջիկայում մեզ դեռ շատ անակնկալներ են սպասում։ Այն համատարած թանկացումները, որոնց այսօր առնչվում ենք ամեն քայլափոխի, առայժմ նահանջելու հույս չեն տալիս։ Գնաճը շարունակում է ահագնանալ։
Այն գուցե այդքան սարսափելի չլիներ, եթե չուղեկցվեր հասարակության ցածր գնողունակությամբ։ Բայց այդպես չէ. մի կողմից՝ համատարած թանկացումներ են, մյուս կողմից՝ դրանց հետևից չեն հասցնում մարդկանց եկամուտները։ Տնտեսության մեջ ակտիվություն չկա, որպեսզի հնարավոր լինի խոսել առաջիկայում նաև հասարակության եկամուտների ավելացման մասին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ