Հայտնի են «Արտավազդ»-ի մրցանակակիրների անունները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը:
Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանին:
«Ի սրտե շնորհավորում եմ ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Կասկած չունեմ, որ մենք ուժ կգտնենք հաղթահարելու ցավը դժվարին ժամանակներում, որ կարողանանք լիարժեք վերադառնալ մեր անփոխարինելի գործին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Նա շեշտեց, որ 2021-ին մրցանակաբաշխությունն անցկացվում է առանձնակի շքեղությամբ: «Այն ամենը, ինչ կա բեմում, պատրաստ էր դեռևս 2020-ի մարտին, բայց համավարակը խախտեց ծրագրերը: Այսօր ամփոփելու ենք վերջին երկու թատերաշրջանների աշխատանքները»,-տեղեկացրեց Ղազանչյանը:
Թատրոնի միջազգային օրվա մասին խոսելով՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, որը նաև մրցանակաբաշխության փորձագետների կազմում էր, ասաց, որ մարտից, երբ սկսել են թատերաշրջանը, նկատել են հանդիսատեսի հսկայական հոսքը դեպի թատրոններ: «Երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչն է պատճառը, բայց եկա այն եզրահանգան, որ մարդիկ փորձում են իրականությունից փախչել պատրանքների աշխարհ: Այդ հոսքը ինձ հույս է ներշնչում, որ մենք դուրս կգանք ստեղծված իրավիճակից և լուսավոր, պայծառ հանգրվանի կհասնենք»,-եզրափակեց Դադասյանը:
«Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ Նարինե Մալյանի «Շրջված երազ»-ը (Հ. Մալյանի անվան թատրոն):
«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում մրցանակը շնորհվեց Հռիփսիմե Նահապետյանին՝ «Ռոմեո և Ջուլիետ»-ում Ջուլիետի կերպարը կերտելու համար (Ռուսական թատրոն) և Մարիկա Դովլաթբեկյանին՝ «Սև կատուն» ներկայացման մեջ Պոյի ալտեր էգոյի ալտեր էգոյի համար:
«Լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվեցին Նարեկ Բաղդասարյանը՝ «Փափլիկը» ներկայացման մեջ Կորնյուդեին մարմնավորելու համար (Համազգային թատրոն) և Դավիթ Եղիազարյանը՝ «N 6»-ում Գրիմովի դերի համար (Աբովյանի դրամ. թատրոնն):
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» համարվեց Գոռ Մարգարյանը՝ «12» ներկայացմամբ («Անահիտ» թատերախումբ):
«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի «Օնեգին»-ը, որը բեմադրել է Նորա Գրիգորյանը:
«Լավագույն պիես» անվանակարգում մրցանակի արժանացավ Սառա Նալբանդյանի «Հաղթանակի գենեզիս»-ը:
«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեց Գարեգին Եվանգուլյանը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման համար (Գ.Սունդուկյանի անվան թատրոն):
«Լավագույն երաժշտության հեղինակ» համարվեց Մետրո թատրոնի բեմ բարձրացած «Սև կատուն» ներկայացման համար Ջեմմա Մինասյանը:
«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» ճանաչվեց Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. թատրոնից Հերիքնազ Բաղդասարյանը՝ «Վարազդատ»-ում Վարազդատի մոր դերի համար:
«Լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում հաղթեց Գ.Սունդուկյանի անվ. թատրոնից Անդրանիկ Զաքարյանը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման մեջ Չեզվիքի դերի համար:
«Լավագույն դերասանուհի» ճանաչվեց Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնից Տաթև Ղազարյանը՝ «Փափլիկը» ներկայացման մեջ Էլիզաբեթ Ռուսեի դերակատարման համար:
«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը շնորհվեց Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնից Արման Նավասարդյանին՝ «Լոռեցի Սաքոն» ներկայացման մեջ հեղինակին և Սաքոյին մարմնավորելու համար:
«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում մրցանակի արժանացավ Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնից Նարինե Գրիգորյանը՝ «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը» ներկայացումների համար:
Մինչ կհայտարարվեր «Լավագույն ներկայացում» սպասված անվանակարգում հաղթած բեմադրության անունը, ելույթ ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: «Ընդունեք մեր ջերմ շնորհավորանքը մասնագիտական տոնի առթիվ, ընդունեք անսպառ լավատեսության, կորովի, աննահանջ կամքի ու սեփական գործի հանդեպ աննվազ ներշնչանքի մեր մաղթանքները, և թող թատրոնը շարունակի մարդկային ու մարդասիրական արժեքների, խաղաղության ու մարդու հանդեպ հարգանքի հաստատման իր հաղթարշավը»:
«Լավագույն ներկայացում» համարվեց Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնում բեմադրված «Փափլիկը», որի ռեժիսորը Նարինե Գրիգորյանն է:
Մրցանակաբաշխությանը Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ արտիստի մտերիմ ընկեր Սերգեյ Առաքելյանը, որը գրքեր է հրատարակել Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի մասին:
«Թատրոնին անբասիր ծառայության համար» «Արտավազդ» շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստներ Իրինա Մարչենկոյին, Արա Երնջակյանին և ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանին:
Ժյուրիի հատուկ մրցանակը հանձնվեց Ռուզաննա Խաչատրյանին՝ Ստեփանակարետի Վ.Փափազյանի անվան թատրոնում բեմադրած «Լուսաբացից առաջ» ներկայացման համար:
Մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, դրամատուրգ, «Գրական թերթ» և «Դրամատուրգիա» ամսագրերի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը, ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, Երևանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը, թատերական և կինոբեմադրիչ Արամ Շահբազյանը:
ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անցկացվում է Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, ի մի է բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները: «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին: Սկզբում մրցանակ է տրվել միայն «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» անվանակարգում, իսկ 1999 թվականից սկսած տարեցտարի անվանակարգերի թիվն ավելացել է:
Անժելա Համբարձումյան