Փաշինյանի իշխանության երրորդ տարում ունենք արդյունաբերության վատագույն կառուցվածքը

Բացի դատարկ հայտարարություններից, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այդպես էլ չկարողացավ ոչինչ փոխել Հայաստանի տնտեսության մեջ։ Տնտեսական իրավիճակը մեր երկրում այնքան վատ է, որ նույնիսկ դժվար է համեմատել ԵԱՏՄ երկրների հետ։ Մինչդեռ՝ կար ժամանակ, երբ հեղափոխական զարգացումների մասին էինք խոսում։

Պարզվում է՝ վերջին տարիներին մեր տնտեսությունը ոչ մի հեղափոխական զարգացում էլ չի ունեցել։ Ամեն ինչ շատ ավելի վատ է, քան նույնիսկ կարելի է պատկերացնել։

Հայաստանի տնտեսության արտադրողականությունը սարսափելի ցածր է։ Գրեթե կրկնակի ավելի ցածր, քան ԵԱՏՄ-ում է։ Յոթ անգամ ավելի ցածր, քան զարգացած երկրներում է։

Սա է մեր տնտեսության բնութագիրը։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչինչ չկարողացավ տալ Հայաստանի տնտեսությանը։ Տնտեսական իրավիճակը մեր երկրում մի բան էլ վատացել է։ Իսկ արտադրողականության բարձրացման մասին նույնիսկ ավելորդ է խոսել։

Տնտեսության արտադրողականությունը բարձրացնելու համար հարկավոր են ներդրումներ ու տեխնիկական վերազինում։ Մեր տնտեսության մեջ ներդրումները շատ քիչ են։ Դրանք ավելի պակասեցին Նիկոլ Փաշինյանի կառավարության տարիներին։ Անցած տարի ներդրումները հասան նվազագույնի։ Հույս չկա, որ այս տարի ներդրումներ կլինեն։ Իսկ արտադրողականության բարձրացումն անհնարին է առանց ներդրումների։

Զարմանալի չէ, որ մեր տնտեսության արտադրողականությունն այսքան ցածր է։ Իսկ հեղափոխական զարգացումների վերաբերյալ խոսակցությունները եղել են ընդամենը իմիտացիա, հասարակության ուշադրությունը շեղելու միջոց։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամբողջությամբ տապալել է Հայաստանի տնտեսության զարգացումը։

Կառավարության գործունեության երրորդ տարում ունենք արդյունաբերության վատագույն կառուցվածքը։ Մշակող արդյունաբերությունն իր տեղը զիջել է հանքարդյունաբերությանը։ Մշակող արդյունաբերության տեսակարար կշիռն արդյունաբերության կառուցվածքում կրճատվել է, փոխարենը՝ հանքարդյունաբերությանն ավելացել է։

Սա տեղի է ունեցել մի կառավարության օրոք, որն իշխանության էր եկել Հայաստանի ընդերքն «անխնա» շահագործումից փրկելու լոզունգների վրա։ Հիմա այդ նույն կառավարությունն ավելի անխնա է շահագործում ընդերքը։

Վաղուց մոռացել են, թե ինչեր էին ասում տնտեսության դիվերսիֆիկացիայի և մշակող արդյունաբերության դերի մեծացման մասին։ Տնտեսությունը դիվերսիֆիկացվել է, բայց ի հաշիվ հանքարդյունաբերության տեսակարար կշռի ավելացման և մշակող արդյունաբերության կշռի կրճատման։

Այս տարվա սկզբին, պաշտոնական տվյալներով, արդյունաբերության մեջ հանքարդյունաբերության բաժինը հասել է 28,8 տոկոսի։

Դժվար է հիշել, թե նախկինում երբ է հանքարդյունաբերությունը նման բարձր կշիռ ունեցել արդյունաբերության մեջ։ Սա վերջին տարիների վատագույն ցուցանիշն է։ 2019թ. այն կազմում էր 18,8 տոկոսը։ 2020թ․ հունվարին՝ 23,1 տոկոսն էր։ Իսկ ահա այս տարի հասել է 28,8 տոկոսի։

Այս փոփոխությունը հետևանք է մի կողմից՝ ընդերքի շահագործման ծավալների ավելացման, մյուս կողմից՝ մշակող արդյունաբերության դերի նվազման։ Մշակող արդյունաբերության ոլորտում ունենք վատթարագույն վիճակ։

Վերջին տվյալներով՝ արդյունաբերության կառուցվածքում մշակող արդյունաբերությունն ունեցել է նույնիսկ 50 տոկոսից պակաս կշիռ։ Նման բան շատ վաղուց չէր եղել։

Այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնում էր երկրի վարչապետի պաշտոնը՝ մշակող արդյունաբերության բաժինն արդյունաբերության մեջ կազմում էր գրեթե 54 տոկոս։ Այս տարվա հունվարին կազմել է 49,7 տոկոս։

Այս թվերը խոսում են՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսության մեջ տեղի ունեցող ոչ ցանկալի երևույթների մասին։ Մեր տնտեսությունն այսօր շատ ավելի մեծ կախվածություն ունի ընդերքից, քան ուներ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց առաջ։ Ու դա նույնիսկ այն պարագայում, երբ հետպատերազմյան շրջանում ի հայտ եկած խնդիրներն իրենց ազդեցությունն են ունեցել ոլորտի ակտիվության վրա։ Հունվարին հանքարդյունաբերության մեջ արձանագրվել է արտադրության ծավալների նվազում՝ նախորդ տարիների երկնիշ աճերի փոխարեն։ Որպեսզի ավելի պարզ պատկերացնենք, ասենք, որ անցած տարվա հունվարին հանքարդյունաբերության և բաց հանքերի շահագործման ծավալներն աճել էին շուրջ 40 տոկոսով։ Այս տարի ունենք 4 տոկոսին մոտ անկում։

Թեև անկումը նոր չէ, այն սկսվեց անցած տարվա վերջից, ինչն ուղղակի ազդեցություն ունեցավ նաև ոլորտի տարեկան ցուցանիշների վրա։ Տարեսկզբի 25-30 տոկոսից տարեվերջին հանքարդյունաբերության աճը կազմեց հազիվ 11 տոկոս։

Արդյունաբերության գրեթե 11 տոկոս անկման պարագայում մշակող արդյունաբերությունն արձանագրել է 18 տոկոսից ավելի նվազում։ Մտահոգիչ ցուցանիշներ կան մշակող արդյունաբերության մի շարք կարևոր հատվածներում։ Դրանից մեկն էլ ծխախոտային արտադրատեսակների արտադրությունն է, որ տարեսկզբին կրճատվել է ավելի քան 40 տոկոսով։

Կրճատումը հիմնականում սիգարետների արտադրության հետ է կապված։ Այս տարվա հունվարին 45 տոկոսով պակաս սիգարետ է արտադրվել Հայաստանում, քան արտադրվել էր նախորդ տարի։ Սա մտահոգիչ է նրանով, որ տնտեսության այդ ճյուղը վերջին տարիներին դարձել էր՝ ինչպես մշակող արդյունաբերության, այնպես էլ՝ տնտեսության առանցքային հատվածներից մեկը։

Այստեղ նաև մեծ ծավալի հարկային եկամուտներ են գեներացվում պետական բյուջեի համար։ Ծխախոտի արտադրության ոլորտում գործող առնվազն 2 ընկերություն տեղ են զբաղեցնում խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում, իսկ մեկը վերջին տարիներին գլխավորում է այդ ցանկը։

Այնպես որ, եթե առաջիկայում արտադրության հետ կապված իրավիճակը չշտկվի, ապա կարող ենք ոչ միայն լուրջ տնտեսական, այլև ֆինանսական խնդիրների բախվել. Վերջին տարիներին պետական բյուջեի եկամուտների կախվածությունն այս ոլորտից բավականաչափ մեծացել է։

Կտրուկ անկում ունենք նաև ոչ պակաս կարևոր մեկ այլ ճյուղում՝ ոսկերչական արտադրատեսակների արտադրության մեջ։ Անկումը կազմում է շուրջ 84 տոկոս։ Անցած տարվա սկզբին թողարկվել էր՝ գրեթե 7 մլրդ դրամի, այս տարի թողարկվել է ընդամենը 1,1 միլիարդի ոսկերչական ապրանքներ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս