«Այն, ինչ այսօր արվեց, իրար պաս տալով արվեց». Հայկ Ալումյանը՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատաքննությանն անցնելու մասին
Ինչպես հայտնել էինք՝ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա դատական նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց անցնել դատաքննության փուլին՝ չլսելով անգամ պաշտպանական կողմի տարբեր միջնորդությունները՝ դրա համար ներկայացնելով տարաբնույթ պատճառաբանություններ: Ի նշան բողոքի՝ գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատական նիստերի դահլիճը:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմանը, հիշեցրեց այս որոշման նախապատմությունը:
«Մի անգամ դատախազները միջնորդել էին, որպեսզի մեզ զրկեն միջնորություններ ներկայացնելու իրավունքից և անցնեն դատաքննության: Դատարանը դատախազների միջնորդությունը մերժել էր, որովհետև օրենքով այդպիսի բան նախատեսված չի: Այսինքն՝ ֆիքսենք, օրենքով նախատեսված չի, որպեսզի մեր՝ միջնորդություններ ներկայացնելու իրավունքը սահմանափակվի, ու դատարանը՝ առանց մեր միջնորդություններին լուծում տալու, անցնի դատաքննության:
Դատախազները նախավերջին դատական նիստին նույն միջնորդությունից մի հատ էլ էին ներկայացրել, այսինքն՝ նորից պահանջում էին, որպեսզի մեր միջնորդությունների քննարկումը տեղի չունենա, և միանգամից անցնենք դատաքննության: Դատարանն արդեն սրա որոշումը կայացրել էր, ասել էր, որ այսպիսի բան օրենքով նախատեսված չի: Այսօր դատարանն ինքն իր որոշումը շրջանցեց, այսինքն, թեև դատախազների միջնորդությունը թողեց առանց քննության, բայց փաստացի արեց այն, ինչ դատախազներն իրենից ուզում էին, և այն, ինչ դատարանը մի անգամ արդեն որոշմամբ արձանագրել էր, որ օրենքով այդպիսի բան չի կարող լինել…
Ես համոզված եմ, որ այն, ինչ այսօր արվեց, իրար պաս տալով արվեց, որովհետև ուրիշ ժամանակ, եթե հանկարծ դատախազների որևէ միջնորդություն թողներ առանց քննության, երկարաշունչ առարկություններ էին, չէ՞, հնչելու դատախազների կողմից: Այսօր դատախազները բավականին նորմալ տարան, որ իրենց միջնորդությունը թողնվեց առանց քննության, որովհետև իրենք, ամենայն հավանականությամբ, նախապես գիտեին, որ ըստ էության ինքն իրենց միջնորդությանը ուրիշ ձևով լուծում է տալու ու ըստ էության անելու է այն, ինչ իրենք իրենից ուզում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:
Ալումյանի խոսքով՝ եթե միջնորդությունը ներկայացված է, այն պետք է ստանա լուծում՝ կլինի դա դրական լուծում, բացասական, դատարանը կորոշի հետաձգել դրա լուծումը կամ թողնել առանց քննության: Ալումյանը նաև հայտնեց, որ մի քանի ամիս առաջ ներկայացված միջնորդություններ կան, որոնք դեռևս չեն քննել:
«Ես չգիտեմ՝ ում միջոցով է ճնշումը գալիս դատարանի վրա, բայց այն, որ դատարանը գտնվում է ճնշման տակ, այն, որ դատարանն ամեն դատական նիստում ցույց է տալիս իր կաշկանդվածությունը, այն, ինչը գուցե ոչ իրավաբանի համար այնքան տեսանելի էլ չի երբեմն, բայց իրավաբանների համար դրանք շատ տեսանելի ազդակներ են: Դատարանն ինքը չի իր որոշումները կայացնում: Դատարանն այդ որոշումները ուղղակի հրապարակում է, բայց այդ որոշումները կատարվում են պարտադրանքի տակ, և այդ որոշումների հեղինակներին պետք չի այս շենքում փնտրել»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ մատնանշելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի շենքը: