«Ինչպե՞ս է ստացվում, որ մարտերը Ջաբրայիլում էին ընթանում, իսկ վարչապետը եկել՝ Սյունիքում ինքնապաշտպանության կոչ էր անում». Քաջարանի քաղաքապետ
Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ արդեն արձագանքել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե Սյունիքն այսօր անվտանգ է և Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ համայնքապետերը որևէ ադրբեջանցու դեմ չեն կռվել։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն անդրադառնալով իշխանական պատգամավորի հայտարարությանը, նշեց, որ կոռեկտ չէ, երբ ՀՀ քաղաքացին, որը մասնակցություն է ունեցել պատերազմին, ներկայացնի իր կատարած քայլերը պատերազմական գործողության ժամանակ։
«Այս իրավիճակում, եթե պատգամավորի ասածը մասամբ մեկնաբանեմ, ապա ես ու Քաջարանի համայնքապետ պարոն Փարամազյանը հոկտեմբերի 1-ից եղել ենք առաջնագծում և մասնակցել ենք պատերազմական բոլոր գործողություններին։ Մեր մյուս ընկերը՝ Մխիթար Զաքարյանը, հոկտեմբերի 4-ին է եկել առաջնագիծ և վիրավորում է ստացել։ Մասնակցություն ենք ունեցել այնքան, որքան նամուս, թասիբով հայ յուրաքանչյուր մարդ պետք է մասնակցի։ Ես գիտեմ, որ պատերազմի օրերին այդ պատգամավորի խրամատը եղել է Գորիսի համայնքապետարանը։ Եթե նա նկատի ուներ, որ այդ հատվածում մեզ չի տեսել, ապա այդ դրվագով ճիշտ է, քանի որ մենք Գորիսի համայնքապետարանում առհասարակ չենք եղել պատերազմի ողջ ընթացքում»,- հեգնեց Առուշ Առուշանյանը։
Նա փակագծեր բացելով՝ նաև շեշտեց, որ պատերազմից հետո՝ մինչև դեկտեմբերի 14-15-ը, շարունակել է մնալ առաջնագծում, այդ ընթացքում, սակայն, ոչ թե անընդատ առաջնագծում են եղել, այլ եղել է ժամանակ, որ նրանց փոխարինողներ են եղել, որոշ ժամանակով թողել են դիրքերը։
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը նույնպես ընդգծեց, որ անհարմար է խոսել այն մասին, թե ինչպես են իրենք իրենց պարտքը կատարել հայրենիքի նկատմամբ։
«Ի սեր Աստծո, այդ ամենը մեր տեսակից դուրս է, Արմեն Խաչատրյանն իզուր է ասել այն, ինչ ասել է, բայց ինչ ասել՝ ասել է։ Պատերազմի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ Գորիս, այն ժամանակ եմ պատգամավորին տեսել, ու նա համայնքապետարանում սուրճ էր խմում։ Այո, մենք մեր ջոկատներով առաջնագծում էինք։ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին Սյունիքի համայնքապետերին կոչ արեց անցնելու ինքնապաշտպանության, այն դեպքում, երբ մարտերը Ջաբրայիլում էին ընթանում։ Դեռ այն ժամանակ մենք հասկացանք, թե ինչ է կատարվում։ Ինչպես է ստացվում, որ մարտերը Ջաբրայիլում էին ընթանում, իսկ վարչապետը եկել Սյունիքում ինքնապաշտպանության կոչ էր անում, պատկերացնո՞ւմ եք Սյունիքի ու Ջարբրայիլի միջև ընկած տարածքը, քանի կիլոմետր է հեռու՝ 80-100 կմ։ Դուք հետևություն արեք, ինչո՞ւ Սյունիքի ինքնապաշտպանություն, այլ ոչ թե՝ Զանգելանի, Կուբաթլուի։ Նիկոլ Փաշինյանի այդ կոչից հետո մենք Սյունիքի սահմանից մոտավորապես 40 կմ անվտանգության գոտին պահել էինք, ընդ որում, այդ ամենը հեշտ չի եղել»,- նշեց Մանվել Փարամազյանը։
Սակայն Պաշտպանության նախարարը գնաց Սյունիք և դեկոտեմբերի 17-ին, ժամը 17։00-ին ժամանակ է տվել, որպեսզի նրանք լքեն իրենց խրամատները։
«Այդ խրամատները, որոնք մենք պահել էինք և պահում էինք, մեզ ստիպեցին, որպեսզի լքենք, ստիպված լքեցինք, որովհետև որևէ ռազմամթերքով, նույնիսկ մեկ փամփուշտ չեն տվել, ասել են, որ, այո’, չեն կարող տալ»,- նշեց Մանվել Փարամազյանը։
Նա ընդգծեց, որ առ այսօր պետության կողմից իրենց որևէ աջակցություն չի եղել։
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն էլ նշեց, որ 1994 թվականից հետո, երբ հայկական կողմը հաղթանակ տարավ պատերազմում, ամենամեծ սխալն այն է եղել, որ քննարկել են, թե ով ինչ է արել պատերազմի դաշտում։
«Այդ պատերազմում հաղթանակ տարած մեր տղաները վերադառնալով՝ ղեկավարեցին նաև պետությունը և դարձան պատգամավոր, նախարար, քաղաքապետ։ Բայց այդ պաշտոններն այլ հատկանիշներ են պահանջում, հերոսաբար կռվելն ուրիշ է, տնտեսություն հաղթելն այլ գիտելիքներ է պահանջում։ Բոլորս էլ տեսանք, որ այս պատերազմում մեզ առաջարկում էին ջոկատներ կազմել, դա կեղծ օրակարգ է»,- նշեց Մխիթար Զաքարյանը։