Բաժիններ՝

«Կառավարությունը թող կրճատի իր ցոփ ու շվայտ ծախսերը եւ օմբուդսմենի գրասենյակին հանգիստ թողնի». Ժաննա Ալեքսանյան. Aravot.am

Aravot.am-ը գրում է. Սահմանադրական նորմերի փոփոխությունը եւ ՄԻՊ անկախության կրճատումը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ուղիղ սպառնալիք է համարում ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ: Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված`«ՄԻՊ իրավունքների պաշտպանություն իշխանություններից. ավանդույթները շարունակվում են» թեմայով քննարկման ժամանակ նա ասաց, որ կարող է պատահել եւ այդպես միշտ պատահել է, որ պետական տարբեր մարմիններում ամրակցված մարդիկ անհարմարություններ զգան ՄԻՊ-ի աշխատանքից:

Նա հիշեց Արմեն Հարությունյանի մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «անհաջող կադր» արտահայտությունը` հավելելով, որ մարդու իրավունքների պաշտպանին, իբրեւ անձի չթիրախավորելու համար ՄԻՊ-ի մասին օրենսդրությունն ամրագրել է դրույթներ, որոնք հնարավորություն չեն տալիս հետապնդումների ենթարկել տվյալ անձին: «Սակայն այս դեպքում, կառավարությունը որոշել է գնալ օրենսդրական փոփոխությունների ճանապարհով, ինչը վնասում է ոչ միայն անձին, այլ ինստիտուտին: Իշխանությունը կգնա, բայց այդ փոփոխությունները կմնան`թուլացնելով ՄԻՊ-ի ինստիտուտը»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Նա ընդգծում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ՄԻՊ-ի ինստիտուտը բավական արդյունավետ աշխատեց եւ այդ մանդատը չպետք է սեղմել-փոքրացնել`հասցնելով որոշ պաշտոնատար անձանց անհարմարություն չպատճառելուն, քանի որ այս մանդատը հենց պետական կառույցների խախտումները բացահայտելու եւ մարդու իրավունքները պաշտպանելու համար է: «Թե միջազգային իրավունքի, թե երկրի ժողովրդավարացման ճանապարհին ՄԻՊ-ի գրասենյակի դեմ ոտնձգությունները ևս մեկ խոչընդոտ են: Իշխանությունները գնացող են, մնայուն են ինստիտուտները, ինստիտուտների գործունեության խաթարումը կարող է վտանգել պետության գոյությանը»,- կարծում է նա` հիշեցնելով, որ Արման Թաթոյանի դեմ ոտնձգությունները նաեւ պատերազմական ընթացքում էին:

Քննարկման ընթացքում իրավապաշտպանները հիշեցին նաեւ ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանից դժգոհությունները, ապա` Կարեն Անդրեասյանից`արձանագրելով, որ նման ոտնձգություններ իշխանությունները չէին հանդգնում անել ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ: Մինչդեռ 2018-ի հեղափոխությունից հետո հանդգնեցին:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ, նախատեսված փոփոխություններով իշխանությունը ոչ թե թիրախավորվել է օմբուդսմենին, այլ թիրախավորվել են անպաշտպան մարդիկ. «Եթե սահմանափակվում են օմբուդսմենի աշխատանքի հնարավորությունները, ապա սահմանափակվում են անպաշտպան մնացած մարդկանց իրավունքները»:

Նա կառավարությանը խորհուրդ է տալիս նախ մտածել այն մասին, թե ինչպե՞ս է գահավիժում իր եւ պետության հեղինակությունը պատերազմից հետո: Իրենց գրասենյակը հազարավոր ահազանգեր է ստանում այն մասին, որ ծնողները տեղյակ չեն իրենց որդիներից, ինչպե՞ս են միայնակ գնում նրանց կամ նրանց մարմինները որոնելու, ինչպե՞ս են ադրբեջանցիների հետ պայմանավորվում, որ գտնեն իրենց զավակներին, ու այս կառավարությունը, որն «ամբողջությամբ անգործության է մատնված», սահմանափակում է օմբուդսմենի աշխատանքի հնարավորությունները:

Ժաննա Ալեքսանյանը համամիտ է`պատերազմի ընթացքում օմբուդսմենը լավ է աշխատել, նաեւ Արման Թաթոյանը հեղինակություն է ձեռք բերել, ինքն էլ շատերին ուղղորդում է օմբուդսմենի գրասենյակի հետ աշխատելու եւ հետպատերազմյան իրավիճակում ՄԻՊ աշխատանքի սահմանափակումները գնահատում է այսպես. «Այս կառավարությունը մեկ մարդու մասին անգամ չի կարող մտածել: Կառավարությունը թող կրճատի իր ցոփ ու շվայտ ծախսերը եւ օմբուդսմենի գրասենյակին հանգիստ թողնի»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս