«Կարծում եմ՝ ինչ-որ փուլում Օնիկ Գասպարյանը պետք է խոսի». Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ գեներալները, բարձրաստիճան զինվորականները՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, ի սկզբանե խնդիր են դրել սահմանափակվել միայն հայտարարությամբ՝ աջակցելու և ազդակ հաղորդելու ընդհանուր շարժմանը:

«Ես համոզված եմ, որ եղել է քայլ անել այս հայտարարությամբ, և համարել են, որ այն կարող է քաղաքական դաշտում մեծ աջակցություն ապահովել ընդդիմադիր ուժերի համար: Աջակցությունը, փաստորեն, չի կապիտալիզացվել, և այս իրավիճակում կոնկրետ խնդիր չի լուծել, արդյունքում՝ Օնիկ Գասպարյանը գոնե այս պահին խաղից դուրս վիճակում է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա՝ հավելելով, որ զինվորականներն իր հետ զրույցներում ասել են, որ չեն գնացել 2-րդ, 3-րդ քայլի՝ չցանկանալով այսօրվա անվտանգային իրավիճակում ստեղծվի այնպիսի անկայուն դաշտ, ինչը կարող էր ՀՀ պետականությանը վնասել: Մյուս կողմից՝ կան կարծիքներ, որ զինվորականների 2-րդ, 3-րդ քայլը կարող էր, ընդհակառակը՝ պետականությունը փրկել:

«Մեկ անգամ ասել եմ՝ քաղաքական հաշվարկ զինվորականների վրա չպետք է դնել: Սկսած Օնիկ Գասպարյանից, նրանք մարդիկ են, որոնք անցել են սահմանային ծառայություններով, խրամատներով: Բայց ես կարծում եմ, որ ինչ-որ փուլում Օնիկ Գասպարյանը պետք է խոսի»,- շեշտեց Աբրահամյանը:

Ըստ նրա, Օնիկ Գասպարյանն իրավական գործընթացների արդյունքում կվերադառնա ԳՇ պետի պաշտոնին, թե ոչ, կամ այն կզբաղեցնի Արտակ Դավթյանը, թե չի զբաղեցնի, զինվորականների կարծիքն ու համոզմունքը մնալու է նույնը:

«Այսինքն, մենք ունենք մի վիճակ, երբ մեր բանակի գեներալիտետը, զինվորականությունը, բարձրագույն սպայական կազմը, բանակի մեծամասնությունը գտնում են, որ այս իշխանությունները դավաճաններ են: Մենք խոսում ենք բարձրագույնի մասին, բայց որքան հասկանում եմ, Օնիկ Գասպարյանը հնարավորություն չի տվել ավելի ցածր օղակներին՝ զորամասերի մակարդակով, ևս միանալ այդ հայտարարությանը, ինչը, իհարկե, ճիշտ էլ չէր լինի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում

Տեսանյութեր

Լրահոս