Զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված տուգանքի չափի վերաբերյալ նախագծին ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։

Հիշեցնենք, որ նախագիծը վերաբերում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքների չափին։

Քաղաքացիական գործող օրենսգրքով նախատեսված է նվազագույն աշխատավարձի մինչև  1000-ապատիկ փոխհատուցում վիրավորանքի դեպքում, իսկ զրպարտության համար՝ նվազագույն  աշխատավարձի մինչև 2000-ապատիկի փոխհատուցում: ԱԺ փոխխոսնակն առաջարկում է 1000-ապատիկը դարձնել 5000-ապատիկ, 2000-ը՝ 10.000-ապատիկ, եթե դրամայինի վերածենք, ապա 1 մլն դրամը դառնում է 5 մլն, իսկ 2 մլն-ը՝ 10 մլն դրամ։ Նախագծի հեղինակն ընդգծեց, սակայն, գումարի չափի վերջնական որոշումը թողնվում է դատարանին:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ նախագծի առաջին ընթերցումից հետո գրավոր որևէ առաջարկ որևէ մեկը չի ներկայացրել, որից հետո որոշում է կայացրել առաջին ընթերցմամբ ընդունված և իր կողմից առաջարկվող փոփոխությունների համատեքստում, 1000-ապատիկը դարձնել 3000-ապատիկ՝ նախկինում առաջարկել էր 5000-ապատիկ, իսկ 10.000-ապատիկը փոխարինել 6000-ապատիկի։

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է  հիմք ընդունել, որ նախկին առաջարկվող մեծ թվերը որոշ չափով նվազեցրել է։

«Սա ինչի՞ հետ է կապված, վճարունակությա՞ն, միջին աշխատավարձի՞։ Այդ բոլոր տուգանքները պետք է հաշվարկային հիմք ունենան, այսինքն՝ կուզենայի ձեզանից տնտեսագիտական հիմքը լսել»,- նշեց Սերգեյ Բագրատյանը։

Պատասխանելով պատգամավորի հարցին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ հիմնավորումներից մեկն այն է, որ 1998 թվականից այս կողմ ինֆլյացիայի առումով բավականին փոփոխություններ են եղել։

«Հիմնական դրդապատճառը  այս օրենքի ոչ թե տնտեսական վիճակն է, այլ այն վիճակը, որն այսօր տիրում է՝ վիրավորանքի ու զրպարտության առումով։ Գործընկերներիս հետ քննարկելով, եկել եմ այն եզրակացության, որ 3000-ապատիկը և 6000 ապատիկը բավարար չափ է, սակայն դատարանը կարող է ավելի նվազ չափերով որոշումներ կայացնել»։

Արձագանքելով՝ Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ միջազգային պրակտիկան վկայակոչելով կարող է ասել, որ տուգանքների նշված չափերը անպայման փոխկապակցված են լինում տվյալ հասարակության գնողունակության, սպառողական զամբյուղի և այլնի հետ։

«Անկեղծ, ես կողմ եմ այս տուգանքի 100.000-ապատակին, բայց ես կուզեի, որ կարողանայիք հիմնավորել այդ թվերը»,- հավելեց Սերգեյ Բագրատյանը։

Արձագանքելով՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդ ամենը տուգանք չէ, այլ փոխհատուցում, ինչը նոր հարց  առաջացրեց, և Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ եթե այդ փոխհատուցում լինի, բոլոր հարցերը կլուծվե՞ն, այլևս վիրավորանք չի՞ լինի։

«Եթե, օրինակ, ֆեյքերն են վիրավորում, մենք ո՞ւմ ենք տուգանում»,- հարցրեց անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Հարցին ի պատասխան՝ նախագծի հարակից զեկուցող իշխանական պատգամավոր Արթուր Դավթյանն ասաց, որ նախագծում նման կետ ավելացնելու խնդիր չկա, դա դատարանի միջոցով կկարգավորվի։

Անդրադառնալով տուգանքների չափին, Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ նախարարությունն առաջարկում է տուգանքների նման բարձր շեմ չսահմանել՝ վիրավորանքի համար սահմանել 2 մլն, իսկ զրպարատության՝ 3 մլն դրամ։

Քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին՝ չընդունելով կառավարության առաջարկները։

Տեսանյութեր

Լրահոս