«Առավելագույնը, որ նրանք անելու են՝ մի քանի ամսով դարձյալ պահպանեն գազի գինը սահմանի վրա»․ տնտեսագետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ կառավարական պատվիրակությունը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, կգործուղվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը:

«Հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով 2021 թվականի մարտի 16-18-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:

Նկատենք՝ նման կազմով գործուղումը նախ և առաջ ենթադրում է, որ հայ-ռուսական համագործակցության օրակարգում լինելու է գազի սակագնի հարցը․ տնտեսագետ Սուրեն Պարսյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր թեմային՝ մասնավորապես գրելով․

«Հիշեցնեմ, որ մարտի 31-ին ավարտվում է գազի մատակարարման համաձայնագիրը, և նոր պայմանավորվածության բացակայության դեպքում ռուսական կողմը կարող է գազը մատակարարել նույնիսկ ավելի բարձր գնով, քան ներկայիս 165 ԱՄՆ դոլար 1000 խմ-ի հաշվով: Այս ժամանակաշրջանում Մոլդովան և Բելառուսը գազը ստանում են 120-127 ԱՄՆ դոլար կամ մոտ 30% ավելի էժան Հայաստանից: Մի կողմ թողնելով գործող իշխանությունների նախընտրական խոստումները բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման վերաբերյալ` պետք է արձանագրել, որ հիմնականում բիզնեսի համար 2020 թվականի հուլիս 19-ից բնական գազի սակագինը ավելացավ 6 տոկոսով, իսկ 2021 թվականի փետրվարի 1-ից 8 տոկոսով աճեց էլեկտրաէներգիայի սակագինը, ինչի հետևանքով նաև ունենք աննախադեպ բարձր գնաճ:

Գաղտնիք չէ, որ գազային բանակցությունների վրա ազդում են տնտեսական և քաղաքական բազմաթիվ գործոններ։ Այնուամենայնիվ, պետք է հուսալ, որ այս անգամ մեր իշխանություններն ավելի լավ են նախապատրաստվել այս բանակցություններին, ինչը թույլ  կտա նվազեցնել գազի գինը սահմանի վրա։ Հակառակ դեպքում թանկացող էներգակիրների պայմաններում մեր տնտեսությունը  և տնտեսվարողները շարունակելու են կորցնել մրցունակությունը, և էլ ավելի կխորանա ճգնաժամը»։

168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենալ այդ բանակցություններից, տնտեսագետը նշեց․

«Հաշվի առնելով, որ գործող իշխանությունները և նրանց բանակցությունները վարող մարդիկ չունեն համապատասխան հմտություններ, կարողություններ՝ նման բարդ, բազմավեկտոր բանակցություններ վարելու համար, որովհետև այդտեղ ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական գործոններն են հաշվի առնվում, առավելագույնը, կամ լավագույնը, որ նրանք անելու են՝ մի քանի ամսով դարձյալ պահպանել գազի գինը սահմանի վրա։ Այսինքն՝ 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խմ-ի հաշվով։

Սա, կարծում եմ, նաև ռուսական կողմի համար էլ հարմար տարբերակ է քաղաքական և տնտեսական առումով․ քաղաքական առումով այն, որ հակառուսական տրամադրություններ չի ստեղծի Հայաստանում, իսկ տնտեսական առումով՝ 165 դոլարը բավականին լավ գին է ռուսական գազի համար։ Չնայած հիմա բորսայում նավթի, գազի գները բարձրանում են՝ 165 դոլարը բորսայական գնից, ամեն դեպքում, ավելի ցածր է, այսինքն՝ մենք շահեկան վիճակում ենք։ Բայց Ռուսաստանը ավելի ցածր գնով գազ է վաճառում ներկայումս Մոլդովային, Բելառուսին և, կարծում եմ,  նաև սրանով ռուսական կողմը կպահպանի իր դիրքերը։ Նաև նկատի ունենալով, որ 2020 թ․-ին գազի սպառումն ավելացել է Հայաստանում, այս գնի պայմաններում նրանք կշարունակեն ավելի շատ գազ մատակարարել Հայաստան, կամ գոնե կպահպանեն այդ մակարդակի վրա»։

Տեսանյութեր

Լրահոս