«Արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը հավատում է, որ Մհեր Գրիգորյանը չի խորշելու «վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից․․․»․ Արտակ Գրիգորյան
Արտակ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լևոն Տեր-Պետրոսյանը 15.03.21թ. հայտարարության մեջ անդրադառնալով Վազգեն Մանուկյանի կողմից հրապարակված ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման երեք տարբերակներին, կենտրոնանում է թերևս 3-րդ տարբերակի վրա՝ այն համարելով «ընդունելի»։
Համամիտ լինելով այդ երրորդ տարբերակը վերլուծելիս նրա հնչեցրած մի շարք գնահատականների հետ, այդուհանդերձ ուզում եմ անդրադառնալ ուշադրության արժանի մի հանգամանքի։ Դա թերևս նրա հայտարարության վերջին նախադասությունն է՝
«…Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը:»
Ո՞ւմ ի նկատի ունի հանրապետության առաջին նախագահը՝ գործող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՞ն։ Արդյո՞ք նա հավատում է, որ վերջինս կկազմակերպի «արդար ընտրություներ»։ Չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այդքան միամիտ մարդ է։
Գործող կապիտուլյանտական կառավարության անկուսակցական փոխվարչապետը 3 տարի է, ինչ ինտեգրվել է վերոհիշյալ թմի մեջ, դարձել նրա մի մասնիկը, հետևաբար նաև պարտության ու բոլոր ձախողումների մեղսակիցը։
Արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը հավատում է, որ Մհեր Գրիգորյանը չի խորշելու «վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների»: Հազիվ թե։
Ակնհայտ է, որ հանրապետության առաջին նախագահի հայտարարության վերջին նախադասությունը գործող հանցավոր ռեժիմի վերարտադրության անթաքույց լիցքեր է պարունակում, ինչը միանշանակ անընդունելի է։
Նոր ընտրությունները պետք է կազմակերպվեն չեզոք և ուրույն դիմագիծ ունեցող քաղաքական գործչի կողմից, ընդ որում՝ ինքը որևէ ձևաչափով չպետք է մասնակցի արտահերթ ընտրություններին։
Վերոհիշյալ մոտեցումները բազմիցս ներկայացվել և հիմնավորվել են հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների և նրա մաս կազմող կուսակցությունների կողմից։
Հետևաբար Լևոն Տեր-Պետրոսյանը մինչև վերջ անաչառ լինելու դեպքում գոնե պետք է առաջարկեր գործող վարչապետի կողմից վերոհիշյալ պահանջներին բավարարող փոխվարչապետի նշանակում և հետո նոր հրաժարականի ներկայացում։
Եվ 2-րդ անչափ կարևոր հանգամանքը՝ արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը հավատում է, որ գործող վարչապետի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրություններ սահմանադրությամբ նախատեսված շատ կարճ ժամանակահատվածը բավարար է հասարակության մեջ առկա լարվածությունը, շիկացած ու գրեթե ազգային աղետի վերածված ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը հաղթահարելու համար։
Արդյոք նա մտահոգություն չունի՞, որ այս պարագայում ևս «մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին»:
Հետևաբար՝ ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակի՝ պահի հրամայականն է, որպեսզի ոչ միայն արտահերթ ընտրություններն անցկացվեն իսկապես չեզոք գործչի կողմից (հիշեցնեմ, որ հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է), այլև նրան տրվի որոշակի ժամանակահատված հասարակական լարվածությունն ու բևեռացումը թուլացնելու և ընտրողներին (Հայաստանի քաղաքացիներին) նոր ընտրություններին նախապատրաստելու համար։
Այսինքն՝ Հայաստանը պետք է ունենա նոր՝ ժամանակավոր վարչապետ, որը կձևավորի ժամանակավոր կառավարություն, որն էլ որոշակի ժամանակահատվածում (ոչ շատ երկար) լուծելով հանրապետության առջև ծառացած վերոհիշյալ, ինչպես նաև մի շարք այլ կենսական խնդիրներ, կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրությունները»։