Ռազմական դրությունը պահպանելու վերաբերյալ իշխանական պատգամավորների հիմնավորումները հակասում են միմյանց
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց ՀՀ-ում ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։
Քննարկելուց հետո հանձնաժողովում ընդգրկված իշխանական պատգամավորները բացասական եզրակացություն տվեցին որոշման նախագծին։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն արդեն երրորդ անգամ են հանդես գալիս նման առաջարկով, և բոլոր երեք դեպքերում էլ իշխանությունն առաջարկին տվել է բացասական եզրակացություն։
Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ռազմական դրությունն այսպես թե այնպես պետք է փոխվի, քանի որ իշխանությունը գնում է քաղաքական լուծումների, որոնց պարագայում ռազմական դրություն պարզապես չի կարող լինել։ Հետևաբար՝ երբ ավարտվեն քաղաքական կոնսուլտացիաները, կառավարությունը հանդես կգա այդ առաջարկությամբ։
«Ասեմ, որ Արցախի առաջին պատերազմում ռազմական դրություն հայտարարելու մասով որևէ իրավակարգավորում չկար, իսկ 2016 թվականին, քննիչ հանձնաժողովի եզրակացությունում էլ կտեսնեք, որ ռազմական դրության հաստատումը կարող էր մեզ հնարավորություն տալ մոբիլիզացիոն ռեսուրսը տեսանելի դարձնել։ Ռազմական դրությունը պահպանելու հետ կապված՝ արդեն մեր խմբակցության պատգամավորը նշեց, որ կապված է զորավարժությունների հետ, որոնք իրականացվում են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Մենք, իհարկե, պետք է հաշվի առնենք, որ այս ռեժիմն իր ամբողջ թափով կարող է անհրաժեշտ գործողություններ իրականացնել, եթե դրա կարիքը լինի, բայց ես համոզված եմ, որ դրա կարիքը չի լինի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ, եթե առաջիկայում գնալու են արտահերթ ընտրությունների, ապա ռազմական դրության պայմաններում հնարավոր չի լինելու այն իրականացնել, հետևաբար՝ իշխանությունն է նախաձեռնելու ռազմական դրության չեղարկումը 7-10 օրում։
«Հիմա մեզանից է կախված ռազմական դրություն հանելը, 10 օր այս կողմ, 10 օր այն կողմ, շատ լավ գիտեք, որ դա լինելու է։ Լավ կլիներ, որ երկու խմբակցությունները, նման առաջարկ ներկայացնելուց առաջ, ստանային նաև պաշտպանական գերատեսչության ղեկավարի կարծիքը։ Համոզված եմ, որ կառավարությունը մոտակա ժամանակներս հանդես է գալու ռազմական դրությունը հանելու առաջարկով՝ կապված քաղաքական կոնսուլտացիաների ավարտի հետ»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը։
Ստացվում է, որ ռազմական դրության պահպանումը կախված է ոչ թե Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից իրականացվող զորավարժություններից, այլ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից, քանի որ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հիմնավորումները միմյանց հակասում են։ Ըստ նրա՝ քաղաքական կոնսուլտացիաների ավարտից հետո իշխանությունը հանդես կգա ռազմական դրությունը հանելու առաջարկով, իսկ եթե այդ ժամանակ Թուրքիան և Ադրբեջանը կրկին որոշեն իրականացնել զորավարժություններ, ՀՀ իշխանությունները կպահպանե՞ն ռազմական դրությունը։
Ի դեպ, իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ևս ռազմական դրության պահպանումը պայմանավորեց Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ զորավարժություններով՝ ընդգծելով, ռազմական դրությունը հանելու առաջարկը պետք է թողնել երկրի անվտանգությամբ զբաղվող գերատեսչություններին։
«Համաձայն եմ, որ ռազմական դրությունը հնարավորինս արագ պետք է հանվի, եթե վերանան այն բոլոր հիմքերը, որոնց պատճառով այդ դրությունը մտցվել է։ Կարծում եմ՝ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի ներկայացրած որոշման նախագծի ու Կառավարության առաջարկի միջև եղած տարբերությունը կարող է տևել 5-7 օր, այսինքն՝ կարծում եմ, որ այս տարբերությամբ կառավարությունն արդեն ինքը կնախաձեռնի ռազմական դրությունը հանելու որևէ նախագիծ։ Դրանով հանդերձ, կարծում եմ, երկու խմբակցությունները ներկայացրած նախագծին պետք է դեմ քվեարկեն»,- նիստի ժամանակ ասաց Արմեն Խաչատրյանը։
Ի դեպ, նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ նախ Սյունիքն այսօր անվտանգ է, և երկրորդը՝ ըստ նրա, այսօր պատերազմի վտանգը հասցված է զրոյի։
Այս դեպքում ևս կա հակասություն՝ մի կողմից նշվում է, որ պատերազմի վտանգ չկա, մյուս կողմից ռազմական դրության պահպանումն անհրաժեշտություն են համարում։
Նշենք, որ քննարկումների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իշխանությունը ռազմական դրությունը պահպանում է՝ միայն քաղաքական նպատակներից ելնելով։