«Այսօր պատերազմի վտանգը հավասարեցված է զրոյի՝ պատերազմի վտանգ չկա». Արմեն Խաչատրյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը բոլորին հորդորում է՝ Սյունիքի դիրքերից արված տեսանյութը պետք չէ լուսաբանել ու սարքել քաղաքական շահարկումների առարկա, որը նաև տագնապի զգացողություն է առաջացնում ողջ բնակչության մոտ։
«Այդ տեսանյութի հետ կապված՝ սպասում եմ Դատախազության պարզաբանմանը, որի հանձնարարությամբ այս առիթով նյութեր են նախապատրաստվում, ստուգվում է այդ տեսանյութում եղած փաստերը՝ պարզելու՝ դրանք իրականությո՞ւն են, թե՞ ոչ։ Ամեն դեպքում ասեմ, որ զինվորականությունը նպատակ չունի նման հրապարակումներ անել։ Եթե զինվորականների մոտ կան խնդիրներ, ապա այդ ամենը պետք է ներկայացվի սահմանված կարգով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը։
Պատգամավորը նաև ասաց, թե խիստ կասկածում է, որ այդ տեսանյութը քաղաքական նպատակներով չի արվել։
«Եթե անմխիթար վիճակում կան նման հենակետեր, ապա այստեղ նույնպես պետք է մեղավորներ փնտրել, թե ինչու է այն անմխիթար և ինչու է այդ վիճակում գտնվում։ Բայց իմ խորին համոզմամբ՝ սա այլ նպատակներով իրականացված հրապարակում էր՝ սպասենք արդյունքներին»,- հավելեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է Սյունիքի դիրքերին ու ընդհանուր անվտանգությանը՝ Արմեն Խաչատրյանը լրագրողներին ասաց, որ պետք է հաշվի առնեն, որ մեծածավալ պատերազմ է տեղի ունեցել, սահմանների լայնամասշտաբ փոփոխություններ են եղել։
«Այս ամենից ամիսներ են անցել, և սա մեկ ամսվա աշխատանք չէ, որ պետք է արվի, որևէ մեկը մեկ օրում նման բան չի կարող անել՝ ամբողջ սահմաններն ամրակցել՝ մի քանի հարյուր կիլոմետր սահման ամրապնդել և դարձնել 100 տոկոսանոց անվտանգ և վերահսկելի, նման բան որևէ երկիր չի կարող անել։ Բայց այն, որ ինտենսիվ, քայլ առ քայլ այդ խնդիրները լուծվում են՝ միանշանակ այդպես է։ Խնդրում եմ նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ շատ բան հրապարակման ենթակա չէ, մենք չենք կարող շատ բան հրապարակել, որը կարող է հակառակորդի կողմից օգտագործվել՝ ի վնաս մեզ։ Այդ պատճառով էլ շատ մեծ ծավալի աշխատանքներ չի լուսաբանվում»,- շեշտեց Ա. Խաչատրյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ Հայաստանին կպարտադրեն իրականացնելու իրենց պահանջները, Արմեն Խաչատրյանն ասաց, որ այդ հայտարարությունը որակում է՝ որպես ցինիկ հայտարարություն, և ցանկություն չունի նույն ցինիկ տոնով ու բառապաշարով պատասխանել Ադրբեջանի նախագահին։ Հետևաբար՝ ըստ նրա, այս պահին ՀՀ իշխանություններին որևէ մեկը չի կարող որևէ բան պարտադրել։
«Եթե մեղադրում ենք, որ համարժեք չենք պատասխանում՝ պետք է ասեմ, որ պատասխանելու դեպքում նույն տոնով պետք է պատասխանել, բացի այդ, մի շարք հանգամանքներ ևս պետք է հաշվի առնեն, մասնավորապես՝ այն հանգամանքը, որ մենք Ադրբեջանում գերիներ ունենք։ Մեր գերխնդիրն այն է, որ դեպի խաղաղություն գնացող գործընթացն ամրապնդվի, այնուհետև քաղաքական գործընթացները դրա հիման վրա կատարվեն»,- շեշտեց նա։
Իմքայլական պատգամավորը նաև ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ներքին գործընթացներն ազդում են հայ ռազմագերիների վերադարձի վրա։
Ինչ վերաբերում է զորավարժություններին, որոնք անցկացվելու են և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և դրա համատեքստում հնարավոր պատերազմին, Արմեն Խաչատրյանն ասաց. «Ես համարում եմ, որ այսօր պատերազմի վտանգը հավասարեցված է զրոյի, պատերազմի վտանգ չկա, սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է իր անվտանգության հնարավորությունները չվերանայի։ Պաշտպանական հնարավորությունները պետք է հնարավորինս վերանայվի, մեր պաշտպանական հնարավորություններն ավելի բարձր նշաձողի վրա պետք է դնենք»,- եզրափակեց Արմեն Խաչատրյանը։