Բաժիններ՝

«Ընթերցողը հո լուսնից չի՞ ընկել, որ հավատա՝ կարող է՝ ոստիկանություն ընդունվելուց հարցնեն՝ տրանսվեստիտին մասաժ անելո՞ւ ես, թե՞ չէ»․ Դանիել Իոաննիսյան

«Ես սա չեմ մեկնաբանելու, որովհետև անհեթեթությունը չափ ու սահման պետք է ունենա»,– Դանիել Իոաննիսյանը 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ոստիկանության նախկին աշխատակից Հայկ Սարգսյանի գրառմանը, թե՝ նոր ստեղծվող պարեկային ծառայությունում  ներդրվել է «Անկեղծության թեստ», որում ոստիկանին հարցնում են՝ արդյոք նա ՄԱՍԱԺ կանի՞ տրանսվեստիտին: Ի դեպ, ըստ  գրառման հեղինակի աղբյուրների պնդման, «այս ամենի հետևում կանգնած է բոլորին հայտնի սորոսական Դանիել Իոաննիսյանը»։

Ի դեպ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավարը ևս 3 այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ընդգրկված էր ոստիկանության համակարգում բարեփոխումների խորհրդում: Արձագանքելով մեր հարցին՝ Իոաննիսյանն ասաց.

«Ընթերցողը հո լուսնից չի՞ ընկել, որ հավատա՝ կարող է՝ ոստիկանություն ընդունվելուց մարդկանց հարցնեն՝ մասաժ անելո՞ւ ես, թե՞ չէ, որևիցե մեկին՝ տրանսվեստիտին կամ ոչ տրանսվեստիտին։ Վաղը-մյուս օրը կարող են հայտարարել, որ այլմոլորակայինների ենք հավաքել պարեկայինում։ Սա մեկնաբանելու չէ, ուղղակի մեկնաբանելու չէ»,-  հավելեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավարը:

Անդրադառնալով ոստիկանության նախկին աշխատակից Հայկ Սարգսյանի նույն գրառման մեկ այլ դրվագի, որտեղ նա նշել էր, թե՝ նոր ստեղծվող պարեկային ծառայության համար հատուկ դասավանդողներ են բերվել ԱՄՆ-ից և Վրաստանից, որոնց վճարում են ՀՀ պետական բյուջեից, և այդպես մսխվում է հերթական 20 միլիարդ դրամը, և, որ նրանք իրենց հերթին՝ վարում են հակառուսական քաղաքականություն, այսինքն՝ բոլոր այն անձինք, որոնք լավ են վերաբերվում ՌԴ-ին կամ ուղղակի լավ չեն վերաբերվում ԱՄՆ-ին, ուղղակի հեռացվում են պարեկային ծառայությունից, Դանիել Իոաննիսյանը զարմացած ասաց՝ ի՞նչ հակառուսական, ի՞նչ պրոարևմտյան․

«Ընդունելության կարգը հրապարակված է, փաստաթղթերով կա, որտեղ դրված է նույնիսկ հարցերի ցանկը, որը հարցազրույցին տրվում է։ Իրենք այդ հարցերի ցանկից դուրս հարցեր չեն կարող տալ։ Փաստաթղթավորված է հարցերի ցանկը, փաստաթղթավորված է թեստային հարցերի ցանկն առանձին, բանավոր հարցերի ցանկն առանձին, հարցազրույցի հանձնաժողովի անդամներն իրավունք չունեն դրանից դուրս հարցեր տալու։ Ինչ վերաբերում է դասախոսներին, կրթական ծրագրերին, կներեք, էլի, ասենք՝ հրաձգությա՞ն դասախոսն է իրենց սովորեցնելու պրոարևմտյան կամ պրոռուսական լինել, թե՞ էքստրեմալ վարորդության դասախոսը։ Մի բան էլ հստակեցնեմ, բոլոր դասընթացավարները հայեր են, դասընթացավարների մեջ ոչ վրացի կա, ոչ ամերիկացի կա, բայց դասընթացավարների դասընթացը արել են, այո, այդ թվում՝ նաև Ամերիկայից ու նաև Վրաստանից»։

Հարցին՝ այնուամենայնիվ բացառո՞ւմ եք, որ այդ հարցաշարից դուրս որևէ հարց կարող է եղած լինել, Իոաննիսյանը պատասխանեց․

«Ոչ թե բացառում եմ, այլ չկա նման բան։ Դուք պատկերացնո՞ւմ եք իրականության մեջ, որ նման հարց լինի երկիր մոլորակի որևիցե պետության ոստիկանության ընդունելության հարցազրույցում»։

Իոաննիսյանից հետաքրքրվեցինք, թե նոր ստեղծվող պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար քանի՞ դիմորդ է եղել, այս պահին քանի՞սն են, և ե՞րբ կանցնեն ծառայության․

«2800 հոգի դիմել  էր դեռ ամռանը, և կրթությունը պետք է սկսվեր հոկտեմբերին, բայց պատերազմի պատճառով հետաձգվեց և սկսվեց գարնանը։ Կարծեմ՝ 770-ն են այս պահին, որոնց մի մասը, հնարավոր է, որ քննություններից կտրվեն, վերջնական 700-ը կմնան և կանցնեն ծառայության հունիսի երկրորդ կեսում։ Դա լինելու է 4 գումարտակ՝ 3 ավտոմոբիլային և 1 հետիոտնային։

Ապատեղեկություններ են տարածվում, թե ՊՊԾ-ի ծառայողները մնալու են գործազուրկ, դա այդպես չէ, ՊՊԾ-ի ֆունկցիաները գերակշռապես կանցնեն պարեկայինին, բացառությամբ հանրահավաքների հետ աշխատանքի։ Հանրահավաքների, զանգվածային միջոցառումների հետ կապված աշխատանքը պարեկայինին չի անցնելու, և ՊՊԾ-ի այն ծառայողները, որոնք պարեկայինում չեն ներգրավվելու՝ այդ թվում՝ կարմիր բերետավորների գումարտակը, հրեշտակների գումարտակը, ներառվելու են ոստիկանության զորքերում»։

Իոաննիսյանը հավելեց, որ այժմ 770 հոգուց մոտավորապես 500-ը նոր մարդիկ են, մյուսները՝ ոստիկանության ծառայողներ»։

Իոաննիսյանը պատահական չհամարեց ամերիկացի և վրացի դասավանդողների ընտրությունը, որոնք Հայաստան են եկել և թրեյնինգներ անցկացրել դասընթացավարների հետ, նա օրինակ բերեց «Glock 19» ատրճանակի կիրառումը, ինչպես նաև էքստրեմալ մեքենավարման դասընթացը, ապա նշեց, որ 2 երկրներում էլ պարեկային ծառայության այս մոդելը գործում է։

Հարցին, թե Հայաստան եկած մասնագետների մեջ եղե՞լ են Ռուսաստանից ժամանած մասնագետներ, որոնք թրեյնինգ են անցկացրել դասընթացավարների հետ, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց՝ կարծես թե՝ ոչ, ապա ավելացրեց, որ Ռուսաստանում պարեկային ծառայությունը չի էլ ներդրվել։

Դիտարկմանը, որ, օրինակ՝  նույն էքստրեմալ մեքենավարման համար այնքան էլ պարտադիր չէ պարեկային ծառայության ներդրումը, Իոաննիսյանն ասաց․

«Այնտեղ էլ էքստրեմալ մեքենավարում չեն անցնում»։

Իոաննիսյանից հետաքրքրվեցինք, թե որքա՞ն գումար է ներդրվել նոր պարեկային ծառայության համար․

«Ես այդ թվից այդքան տեղյակ չեմ, որովհետև ես դրանով չեմ զբաղվում։ Ես զբաղվում եմ, որպես հասարակական կազմակերպություն, վերահսկում ենք և նայում ենք բովանդակային հարցերը, ֆինանսական հարցերով մենք քիչ ենք բան անում, բայց Ամերիկայի կառավարությունը բավականին շատ փող ներդրել է, բայց ես պետք է  ասեմ, որ նրանք փողը որպես փող չեն տվել, իրենք գնումները կազմակերպում և տալիս են գույքով։ Օրինակ՝ «Glock 19» ատրճանակներն իրենք առնում տալիս են, իրենք վճարում են դրա համար, նոր մեքենաները՝ իրենք վճարում են դրա համար, և այլն։

Հարցին, թե ի՞նչ շահ ունեն, որ ֆինանսավորում են այս մոդելի ներդրումը, Իոաննիսյանը պատասխանեց, որ Ամերիկայի կառավարությունը միշտ է Հայաստանի ոստիկանությանը տեխնիկայով օգնել։

«Առնվազն սկսած Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներից, առնվազն, Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակ ուղղակի չգիտեմ, միշտ օգնել է։ Իրենց մոտեցումը հետևյալն է, որ օրինականությունն աշխարհում բխում է իրենց շահերից՝ թմրանյութերի դեմ պայքար, թրաֆիքինգի դեմ պայքար և այլն, որոնց մասով իրենք համարում են, որ պայքարը բխում է իրենց շահերից, և իրենք միշտ տվել են»,- ասաց Իոաննսիյանը։

Ամփոփելով խոսքը՝ մեր զրուցակիցն անդրադարձավ «հոգեբանական թեստ» ասվածին։

«Որ ասում են՝ հոգաբանական թեստ, դա ընդհանրապես ուրիշ բան է, դա, օրինակ, դալտոնիզմն է ստուգում, վարորդական վկայական ստանալուց ցանկացած մարդ այդ հոգեբանական թեստը հանձնում է, ստուգում է մարդու հիշողությունը․․․ Հոգեբանական թեստը լրիվ ուրիշ բան է, ստուգում է մարդու հիշողությունը, ինչ որ պատկեր է ցույց տալիս, հետո էկրանն անջատվում է և ինչ որ ժամանակ անց ասում է՝ դե ասա, այս պատկերի մեջ այսինչը որտե՞ղ էր, օրինակ, և ստուգում է՝ այս մարդը հիշողությունից ոնց է»,- եզրափակեց Դանիել Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին ոստիկանության կրթահամալիրում մեկնարկել էր պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելությունը և առաջին հոսքի համար հայտարարվել էր 770 մրցութային տեղ, և հավասար հիմունքներով պետք է մրցեին՝ ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ՝ ոստիկանության գործող ծառայողները: Ընդունելությանը մասնակցելու համար դիմել էր ընդհանուր թվով ավելի քան 2500 դիմորդ:

2020 թվականի սեպտեմբերին մեկնարկել էին ընդունելության ստուգումները, որոնք ներառում էին մշակված նոր համակարգչային ծրագրով դիմորդների մասնագիտական պիտանելիության համալիր ստուգումը և ֆիզիկական պատրաստականության ստուգումը: Դրական միավորներ հավաքած դիմորդներն անցել են նաև հարցազրույց, որի ընթացքում հոգեբանների ներգրավմամբ հանձնաժողովները ստուգել են դիմորդների անձնական որակներն ու արժանիքները, ինչպես նաև ընդհանուր հոգեբանական նկարագիրը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի պատճառով ընդունելության վերջնական արդյունքները հնարավոր եղավ ամփոփել 2021 թվականի հունվարի սկզբին: Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած համարվեցին առավելագույն միավորներ հավաքած և հարցազրույցի դրական եզրակացություն ստացած 770 դիմորդ, որոնցից 496-ը քաղաքացիական անձինք են, 274-ը՝ ոստիկանության ծառայողներ: Դիմորդներից 46-ը կանայք են:

2021 թվականի հունվարի 18-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ազդարարվեց պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով 5-ամսյա ուսուցման մեկնարկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս