Երկիրը թանկ կվճարի այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Հայաստանում

Մինչ իշխանությունը զբաղված է իր քաղաքական ապագայով՝ տնտեսական կյանքը մեր երկրում մատնված է բացարձակ անտարբերության։ Ոչ մեկի մտքով չի անցնում, թե այս իրավիճակն ինչպիսի անասելի վնասներ է հասցնում մեր տնտեսությանը։ Տնտեսություն, որն առանց այդ էլ ծանր օրեր է ապրում անցած տարվա հարվածներից հետո։

Այս տարի դրանց ավելացել են նաև անորոշություններն ու անկայունությունը։

Սրանք մեր տնտեսության ամենամեծ մարտահրավերներն են։ Բայց իշխանությունները չեն ուզում դրանք տեսնել։ Հանուն իրենց աթոռների՝ չեն ուզում քայլեր անել և պայմաններ ստեղծել անկայունությունն ու ներքաղաքական լարվածությունը երկրում ինչ-որ կերպ թուլացնելու համար։ Իշխանությանը միայն իր քաղաքական ապագան է հետաքրքրում։ Երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած՝ ուզում է առաջ գնալ։ Նրան բացարձակ չի մտահոգում, թե դա ինչ հետևանք է ունենում երկրի համար։

Նիկոլ Փաշինյանի ու կառավարության անտարբեր հայացքի ներքո՝ խաթարվում է երկրի տնտեսական մթնոլորտը։ Թե սա ո՞ւր է մեզ տանելու, դժվար չէ պատկերացնել։

Տնտեսական գործունեության համար մեր երկրում բացարձակ մթնոլորտ չկա։ Չկան տնտեսական ծրագրեր ու զարգացման հեռանկարներ։ Գործարար հատվածը վստահություն չունի երկրի նկատմամբ։ Ամենուրեք անորոշություններ ու ռիսկեր են, անկայունություն ու լարվածություն։ Իշխանությունն իր վարքագծով էլ ավելի է շիկացնում մթնոլորտը, ստիպում է զգուշանալ Հայաստանի տնտեսական միջավայրից։

Կյանքը ցույց է տալիս, որ ներդրումների և ներդրումային ծրագրերի վերաբերյալ երբեմն-երբեմն արվող հայտարարություններն ընդամենը շղարշ են՝ հասարակության աչքին թոզ փչելու համար։ Այն, ինչ կատարվում է Հայաստանում, որևէ տեղ չի թողնում ներդրումների համար։

Հետևանքները հետո ենք «վայելելու»։ Կարևոր չէ, թե այդ ժամանակ ով կլինի իշխանության։ Հետևանքները ծանր են լինելու, ու դրանք բոլորով ենք «վայելելու»։

Հայաստանի տնտեսությունն այսօր դժվար օրեր է ապրում։ Ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակը խաթարել է տնտեսական կյանքը։ Սպասել, որ այս իրավիճակում կարելի է տնտեսություն զարգացնել, տնտեսական ծրագրեր իրականացնել և ներդրումներ ներգրավել՝ անտեղի զբաղմունք է։ Ոչ մի լուրջ գործարար այս պայմաններում չի մտնի տնտեսություն։

Առավել ևս՝ անիմաստ է խոսել արտաքին ներդրողների մասին։ Արտաքին ներդրողները նախկինում էլ ոգևորված չէին Հայաստանի տնտեսական միջավայրով ու մթնոլորտով։ Հիմա առավել ևս՝ հետ են քաշվել։ Մեր տնտեսությունն ընդհանրապես կորցրել է ներդրումային հետաքրքրությունը։

Անցած տարի ունեցանք ներդրումների աննախադեպ նվազում։ Հոսքերը 11 անգամով կրճատվեցին։

Այս տարի պետք է սպասել ավելի վատին։ Քաղաքական անկայունությունը, որի մեջ հայտնվել ենք վերջին ամիսներին, առայժմ հանգուցալուծման հույսեր չի տալիս։ Որքան երկար պահպանվի այս իրավիճակը, այնքան տնտեսության վնասներն ավելի են լինելու, այնքան երկար ժամանակ ու միջոցներ են պահանջվելու կորցրածը հետ բերելու համար։

Թվում է, թե սա առաջին հերթին պետք է մտահոգի իշխանությանը։ Բայց իշխանությունը թքած ունի տնտեսության վրա։ Տնտեսությունը հետին պլան է մղված։

Մինչ այլ երկրներ լծվել են հետճգնաժամային իրավիճակում իրենց տնտեսությունների վերականգնմանը, մեր իշխանություններն ամեն ինչ անում են՝ տնտեսությունն ավելի խորն ընկղմելու ճահճի մեջ։ Ճգնաժամից դուրս գալու, առավել ևս՝ կորցրածն արագ վերականգնելու համար տնտեսությանը գումարներ են պետք, հատկապես ներդրումային գումարներ։ Բայց այս իրավիճակում ներդրումների մասին ընդհանրապես պետք է մոռանալ։

Պետական ներդրումները, որոնք կապիտալ ծախսերի տեսքով իրականացվում են, ևս հարցականի տակ են։ Նախկինում դրանք չէին կատարվում, ուր մնաց թե՝ հիմա կատարվեն, երբ պետական կառավարման ամբողջ համակարգը կաթվածահար վիճակում է։

Էլ չասենք, որ շուտով կարող ենք հայտնվել բյուջեի եկամուտների կատարման այն նույն բարդույթի մեջ, որում հայտնվեցինք անցած տարի՝ ստիպված լինելով 2 անգամ վերանայել պետական ծախսերը։ Եվրոբոնդերի թողարկմամբ ներգրավված գումարները մի քանի ամիս դեռ կբավարարեն բյուջեի ծախսերը կատարելու համար։ Բայց դա չի կարող երկար տևել, եթե տնտեսությունը շարունակի մնալ այս կարգավիճակում։

Տնտեսությունը պետք է աշխատի, որպեսզի բյուջե եկամուտներ գեներացվեն։ Անհնարին է անընդհատ պարտքեր ներգրավել՝ բյուջեի ծախսերը կատարելու համար։ Առանց այդ էլ բյուջեն արդեն խեղդվում է պարտքերից։

Բյուջեի եկամուտների ավելի քան 10 տոկոսը ստիպված ենք ուղղել պարտքերը սպասարկելու համար։ Խոսքը հարյուրավոր միլիոն դոլարների մասին է։

Այս իշխանությունների պարտքային քաղաքականությունն ահավոր ծանրացրել է բյուջեի բեռը։ Հասարակությունը կարող է շատ թանկ վճարել դրա համար։

Այսպես շարունակվելու դեպքում՝ երկիրը շուտով կարող է կանգնել դեֆոլտի առաջ՝ չկարողանալով կատարել իր ստանձնած պարտավորությունները։

Տնտեսական անկայունության հետևանքները միայն ֆինանսական չեն։ Այս անտարբերությունը բացարձակ տեղ չի թողնում տնտեսության ակտիվության համար. աշխատատեղեր են փակվում, աշխատավարձերն են կրճատվում, մարդկանց եկամուտներն են նվազում, խորանում է աղքատությունն ու ընդլայնվում գործազրկությունը։

Սրանք այսօրվա մեր տնտեսական իրավիճակի ուղղակի հետևանքներն են, որոնք առաջիկայում էլ են ուղեկցելու մեր հասարակությանը։ Դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանություններն անտարբերությամբ են նայում այն ամենին, ինչ կատարվում է մեր տնտեսության մեջ։

Տնտեսական մթնոլորտը մեր երկրում ոչ մի կերպ չի նպաստում ճգնաժամից դուրս գալուն։ Դրա համար էլ մենք շարունակում ենք խրվել ճգնաժամի մեջ։ Բայց այդ մասին մտածող չկա։ Կառավարությունն ու վարչապետը տնտեսության համար ժամանակ չունեն։ Նրանք զբաղված են իրենց քաղաքական ապագայով։ Ոչինչ, որ դրա հետևանքները երկրի ու հասարակության վրա ծանր են նստելու։ Կորուստները սպասեցնել չեն տա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս