Ինչքան կարելի է շարունակել այս բարդակը   

Այն, որ բյուջեի եկամուտները կարող են թերակատարվել, դեռ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ։ Բայց, որ գումարները կան, բայց ծախսերը չեն կարողանում ժամանակին կատարել, ուղղակի նոնսենս է։

Սա խոսում է պետական կառավարման համակարգի անգործության կամ անկարողության մասին։

Երեք տարում այդպես էլ կառավարությունը չսովորեց ճիշտ կառավարել պետական բյուջեն։ Տնտեսական ծրագրերը ֆինանսավորելու փոխարեն՝ գերադասում են փողը բանկերում ավանդ դնել։ Ոչ թե նրա համար, որ փողի կարիք չկա, այլ նրա համար, որ չեն կարողանում ժամանակին իրականացնել նախատեսված բյուջետային ծրագրերը։ Արդյունքում՝ դրանք միշտ թերակատարվում են, իսկ տնտեսությունը չի ստանում այն, ինչ պիտի ստանար, եթե ժամանակին կատարվեին այդ ծրագրերը։

Այս խնդիրը մեզանում կար և՛ անցած, և՛ նախորդ տարիներին։ Բայց իրավիճակը ոչնչով չի փոխվում։

Ամեն հերթական տարում թվում է, թե կառավարությունը հետևություններ կանի, սակայն ոչինչ էլ չի արվում։ Չի արվում, որովհետև խնդիրը հետևություններ անելու մեջ չէ, խնդիրը կառավարության կարողությունների մեջ է։

Կառավարության ունակությունները թույլ չեն տալիս տանել այն բեռը, որն ամեն տարի ստանձնում են։ Ստանձնում են ու ձախողում։ Վերջում կրկին կանգնում ենք նույն կոտրած տաշտակի առաջ։ Վարչապետն արդարացումներ է փնտրում, բայց դրանից բան չի փոխվում։

Այս մասին բազմիցս է խոսվել, սակայն օգուտ չկա։ Կառավարությունն իրենն է առաջ տանում՝ չհասկանալով, որ դրանով լուրջ հարված է հասցնում տնտեսությանը։

Սա անթույլատրելի է, առավել ևս հիմա, երբ տնտեսությանը փող է պետք։ Երբ տնտեսական ակտիվությունը խթանելու համար հարկավոր են նոր ծրագրեր, այդ թվում՝ բյուջեի միջոցների հաշվին։ Բայց տնտեսական ակտիվությունը խթանելու փոխարեն՝ կառավարությունը խոչընդոտներ է ստեղծում տնտեսության համար։

Տարին նոր է մեկնարկել, ու կրկին նույն խնդիրը. փողը հանել են տնտեսությունից ու ավանդ դրել բանկերում, ինչ է թե՝ դա հեշտ փող աշխատելու տարբերակ է։ Ոչինչ, որ դրանից տուժում է տնտեսությունը, ընկնում է տնտեսական ակտիվությունը։ Տնտեսությունը զրկվում է ֆինանսական միջոցների շրջանառությունից։

Տեսեք, թե ինչ են արել. հունվարին բյուջեի եկամուտների տեսքով տնտեսությունից ավելի քան 130 մլրդ դրամի հարկ են հավաքել։ Այնինչ՝ ծախսել են ընդամենը 70,5 միլիարդը։ Նախորդ տարվա համեմատ՝ ծախսերը նվազել են ավելի քան 13 տոկոսով կամ 10,7 մլրդ դրամով։

Այնպես չէ, որ ծախսելու տեղ չեն ունեցել։ Ունեցել են, բայց թերացել են։ Նախատեսել են ծախսել ու չեն կարողացել, որովհետև ձախողել են բյուջետային ծրագրերը։

Հունվարին բյուջեի ծախսերի կատարողականը կազմել է առաջին եռամսյակի համար նախատեսվածի ընդամենը 17 տոկոսը։ Եռամսյակի համար նախատեսված է եղել կատարել 405 մլրդ դրամի ծախս։ Առաջին ամսում կատարվել է ընդամենը 70,5 միլիարդի ծախս։

Արդեն իսկ պարզ է, որ եռամսյակի համար նախատեսված ծախսերի ծրագիրը ձախողված է։ Անհնարին է լինելու դրանք իրականացնել հետագա 2 ամիսներին։

Ու ինչպես միշտ թերացել են այն նույն ծախսերի կատարման հարցում, որոնց վերաբերյալ վերջին տարիներին մշտապես խոսվել է։ Խոսքը՝ մասնավորապես, կապիտալ ծախսերի մասին է։ Կապիտալ ծախսերը դարձել են այս կառավարության ու իշխանությունների աքիլեսյան գարշապարը։

«Ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները 2021 թվականի հունվար ամսին կազմել են 777,5 մլն դրամ կամ եռամսյակային ծրագրային ցուցանիշի 2,6 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները նվազել են 89,7 տոկոսով (6,8 մլրդ դրամով), որը պայմանավորված է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի նվազմամբ: Վերջիններս կազմել են 789,5 մլն դրամ, որոնց եռամսյակային ծրագրված ցուցանիշը կատարվել է 2,7 տոկոսով: Ցածր կատարողականը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով, որոնց շրջանակներում օգտագործվել է եռամսյակային ծրագրված միջոցների 3,7 տոկոս՝ 738,1 մլն դրամ»,- սա հատված է բյուջեի կատարման վերաբերյալ Ֆինանսների նախարարության հունվար ամսվա հաշվետվությունից։

Ըստ այդ հաշվետվության՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են 89,7 տոկոսով կամ 6,9 մլրդ դրամով։ Խոսքը վերաբերում է կապիտալ ծախսերին, որոնք կարող են խթաններ ստեղծել տնտեսության համար, նպաստել ճգնաժամից դուրս գալու համար որոշակի հիմքերի ստեղծմանը։

Բայց ինչպես միշտ, այդ ծրագրերը հետաձգվել են։ Հետաձգվել են, որովհետև կառավարությունը չի կարողացել կատարել իր պարտավորությունները և ժամանակին իրականացնել նախատեսված ծրագրերը։ Ու քանի որ ավել փող են ունեցել, որոշել են տնտեսության հաշվին գումար աշխատել՝ «Հաշվետու ժամանակահատվածում բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների օգտագործումից ստացվել են 885,3 մլն դրամ մուտքեր, որոնք եռամսյակային ծրագրային ցուցանիշն ապահովել են 86,2 տոկոսով»։

Մեկ ամսում, ըստ էության, ավանդադրված միջոցներից ստացել են այնքան գումար, որքան նախատեսել էին ստանալ 3 ամսվա ընթացքում։ Զուտ այն պատճառով, որ թերացել են ժամանակին կատարել ծրագրերը, իսկ դրանց համար նախատեսված գումարները դրել են բանկերում ու ավանդ ստացել։

Սա է մեր կառավարության աշխատանքի որակը։ Այն էլ հիմա, երբ տնտեսությանը լուրջ խթաններ են պետք՝ այս իրավիճակից ինչ-որ կերպ դուրս գալու համար։

Ի վերջո, բյուջեի կապիտալ ծախսերը ոչ միայն տնտեսական խթաններ են, այլև ունեն ոչ պակաս կարևոր սոցիալական նշանակություն։ Դրանք նաև աշխատատեղեր ու աշխատավարձեր են։ Բայց կառավարության թերացման, մեղմ ասած՝ թերացման հետևանքով՝ չի եղել թե՛ մեկը, և թե՛ մյուսը։

Բնավ զարմանալի չէ, որ մեր տնտեսությունը գտնվում է այսպիսի իրավիճակում։ Դրա համար գուցե կան օբյեկտիվ պատճառներ։ Սակայն հիմնական պատճառները պետք է փնտրել կառավարության անկարողության հետևում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս