Կարճաժամկետ կտրվածքով պատերազմի հավանականությունը բարձր չէ. առաջին հերթին՝ դա պայմանավորում եմ Արցախում և Հայաստանում ռուսական կոնտինգենտի ներկայությամբ. փորձագետ
Պատերազմից հետո արդեն երրորդ անգամ Ադրբեջանն ու Թուրքիան անցկացնում են զորավարժություններ, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տարածքային հավակնություններով ագրեսիվ հռետորաբանությունն արդեն հասել է Զանգեզուրին. ակնհայտ է՝ տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է:
Եթե թուրք-ադրբեջանական նկրտումներին հավելենք նաև այն, որ 2021-ին Ադրբեջանի պետական բյուջեի նախագծում երկրի պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, դատական ու իրավապահ մարմինների ապահովմանը ծրագրվում է տրամադրել ավելի քան 6,6 մլրդ մանաթ (4 մլրդ դոլար), ինչը 16,3 տոկոսով ավելի է, քան 2020-ին, պարզ է դառնում, որ եթե ոչ կարճաժամկետ հեռանկարում, ապա ոչ հեռու ապագայում այս ամենն աշխատելու է հենց Հայաստանի դեմ:
Իսկ թե ինչո՞վ են այս ընթացքում զբաղված հայրենի իշխանությունները՝ հասկանալի չէ. գուցե «մակունցյան» հայտնի վստահությունն ունեն, որ, օրինակ, հաջորդ անգամ էլ Թուրքիան չի ներգրավվի պատերազմում:
Քանի որ Հայաստանում տիրող ճգնաժամային իրավիճակն առավել խոցելի է դարձնում Հայաստանը, ու քանի որ տարածաշրջանային զարգացումները կարող են փոփոխվել կայծակնային արագությամբ, 168.am–ը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է այս փուլում հավանական նոր պատերազմի վերսկսումը:
Փորձագետն ի պատասխան՝ նշեց. «Այս իրավիճակում գոնե կարճաժամկետ կտրվածքով պատերազմի հավանականությունը բարձր չէ. առաջին հերթին՝ դա պայմանավորում եմ Արցախում և Հայաստանում ռուսական կոնտինգենտի ներկայությամբ՝ այստեղ՝ 102-րդ ռազմաբազայի, Արցախում՝ խաղաղապահ զորախմբի միջոցով: Հաշվի եմ առնում նաև այն հանգամանքը, որ դրա համար եղել է նաև իրավական բազա, որը համաձայնեցվել է այն երկրների հետ, որոնք կարող են լայնամասշտաբ առճակատման տանել տարածաշրջանը:
Իհարկե, կան մի քանի գործոններ, որոնք պետք է հաշվի առնել սրան զուգահեռ՝ հավանական փոփոխություններ Ռուսաստանի ներքաղաքական դաշտում, ռեգիոնում ռուսական արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխություններ, և այլն: Այսինքն՝ գործոններ են, որոնք կարող են աշխատել, և հաշվարկներում փոփոխություն տեղի ունենա, բայց զուտ կարճաժամկետ կտրվածքով ավելի շատ համարում եմ, որ պատերազմի հավանականությունը քիչ է, քան հավանական է, որ պատերազմական գործողություններ ծավալվեն»:
Ի պատասխան հարցադրումներին, թե այդ դեպքում ինչի՞ն են միտված զորավարժությունների առատությունը Ադրբեջանի և Թուրքիայի օրակարգերում, արդյո՞ք կարող ենք դիտարկել՝ որպես ուժի ցուցադրություն, որպեսզի ինչ-որ քայլերի ստիպեն հայկական պարտված իշխանություններին, և ինչի՞ն է միտված Ալիևի հռետորաբանությունը՝ Սյունիքի և «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, Տիգրան Աբրահամյանը նկատեց. «Հայաստանն այսօր մի վիճակում է, որի պարագայում Ադրբեջանը և Թուրքիան, օգտագործելով իրավիճակը, փորձելու են հասնել առավելագույնի՝ դա կլինի քաղաքական մակարդակով, կլինի հայտարարությունների, տեղեկատվական, շանտաժի, կոմպրոմատների, թե մեկ այլ ձևով՝ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց այդ հնարավորությունն օգտագործելու են:
Հաջորդը՝ ադրբեջանական բանակը, այնպես չէ, որ այսօր պատրաստ է հաջորդ ռազմական գործողություններին. անկախ նրանից, որ այս պատերազմում իրենք հաղթանակ են տարել՝ իրենք մեծ թվով տեխնիկական միջոցների, սպառազինության, զրահատեխնիկայի կորուստներ ունեն, նաև մարդկային ուժի, իսկ դա պահանջում է վերակոմպլեկտավորում, վերանայումներ, փոփոխություններ, այդ թվում՝ կառուցվածքային և այլն: Մյուս հանգամանքը՝ Ադրբեջանը դեռևս իր վերահսկողության տակ անցած տարածքներում՝ օկուպացված տարածքներում, դիրքավորում չի ապահովել:
Այսինքն՝ այն գործընթացները, որոնք և անհրաժեշտ բարենպաստ պայմաններ են ստեղծելու նոր գործողությունների համար, դեռևս ապահովված չեն: Եվ ռուսական գործոնը, որն այս դեպքում ևս պետք է հաշվի առնել. այս պահին ռուսական զորքեր կան՝ ինչպես Արցախում, այնպես էլ՝ մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Սյունիքում, Երասխավանի ուղղությամբ հենակետեր կան, և այլն:
Այդպես հեշտ չի լինելու Ադրբեջանի կողմից հաջորդ գործողությունների ծավալումը նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից. օրինակ՝ Իրանի և Ռուսաստանի դեպքում էլ, եթե նույնիսկ ռուսական զորքերի ներկայությունը հաշվի չառնենք, ապա որոշակի կարմիր գծեր կան, որոնք շոշափում են հենց Իրանի և Ռուսաստանի շահերը, և այս պարագայում չեմ կարծում, թե այդ գործողություններն այս պահին ռեգիոնալ պետությունների համար կարող են ձեռնտու լինել, ինչը ևս զսպիչ միջոց է լինելու»:
Ճշգրտմանը՝ այսինքն՝ զորավարժությունների անցկացումը կարող ենք համարել միայն ուժի ցուցադրությո՞ւն, փորձագետն արձագանքեց. «Թուրքիան և Ադրբեջանը, հատկապես վերջին տարիներին, իսկ անցյալ տարվա ամառվանից հետո՝ Տավուշին հետևած իրադարձությունների արդյունքում, որոշում ունեն, որ իրենց գործողությունները՝ ռազմական, տնտեսական, քաղաքական, արտաքին քաղաքական ուղղություններով պետք է ներդաշնակեցվեն. դրանով պայմանավորված՝ շատացրել են թե՛ համատեղ զորավարժությունները, թե՛ առհասարակ զորավարժությունները: Եվ հետո, ինչպես ասացի, զորքերում մեծ աշխատանք կա՝ մարտունակության բերելու, անհրաժեշտ մարտական պատրաստվածության վիճակի բերելու և այլնի առումով, և այս իրավիճակում Ադրբեջանն անընդհատ զորավարժությունների միջոցով փորձելու է վերագտնել ինքն իրեն»:
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունն էլ էր հայտնել մարտի 16-20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվող մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների մասին, այդ նկատառումով վերլուծաբանին խնդրեցինք անդրադառնալ նաև այդ զորավարժությունների նպատակներին, ինչին ի պատասխան՝ նա մանրամասնեց. «Որպես կանոն՝ ՀՀ ԶՈՒ ամենտարյա պլանում նախատեսված են տարբեր մասշտաբի զորավարժություններ: Մենք խնդիր ունենք հետպատերազմյան իրավիճակում բարելավելու մեր մարտական պատրաստվածությունը, կատարելու զորքերի տարբեր զորամիավորումների, տարբեր օղակների ներդաշնակցություն. այս տեսանկյունից այս զորավարժության անցկացումն ընկալելի է և տեղավորվում է ներկայումս ընթացող բոլոր պրոցեսների տրամաբանության մեջ»: