Ադրբեջանական բանակը մարտի 15-18-ը խոշոր զորավարժություններ կանցկացնի
Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-ից զորատեսակների ներգրավմամբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն, հայտնում է minval.az–ը՝ հղում տալով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:
«Զորավարժություններին, որոնք անցկացվելու են պաշտպանության նախարարի ղեկավարությամբ, ներգրավված կլինեն մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 100 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, Համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր», – ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Զորավարժությունների ընթացքում, որոնք անցկացվելու են բարդ ռելիեֆով լեռնաանտառային տարածքներում, ռազմական փորձը հաշվի առնելով` հիմնականում ուշադրություն է դարձվելու զորքերի կառավարմանը, նրանց մարտական պատրաստության վիճակի հասցնելուն և վերախմբավորմանը, այդ թվում նաև բարելավելով մարտական համակարգումը և փոխազդեցությունը համակցված զինված կազմավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ջոկատների միջև:
«Զորավարժությունների ընթացքում, որոնք կտևեն մինչև մարտի 18-ը, զորքերը կատարելու են ահաբեկչական խմբերի, ինչպես նաև անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ դրված խնդիրներ և հակաահաբեկչական գործողություններ են իրականացնելու», – նշել է Պաշտպանության նախարարությունը: