Ինչո՞ւ էր Մակունցը «փափուկ բարձ» դնում ժողովրդի գլխի տակ
Արցախի կապիտուլյացիայի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո, երբ հասարակության զգալի հատվածը պահանջում է ներկա իշխանությունների հրաժարականը, նրանք ոչ միայն չեն պատրաստվում հեռանալ, այլև հանդես են գալիս մանիպուլյատիվ հայտարարություններով, մեղադրում բոլորին և չեն ընդունում սեփական ապաշնորհ կառավարման, իրավիճակին չտիրապետելու փաստերը: Կամ էլ գուցե տիրապետել են իրավիճակին… Խոսենք փաստերով:
2020թ. տավուշյան մարտերի ժամանակ ակտիվացավ Թուրքիան և ամենաբարձր մակարդակով հայտարարեց, որ աջակցում են Ադրբեջանին:
2020թ. հուլիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն աջակցություն էր հայտնել Ադրբեջանին՝ շեշտելով. «Թուրքիան երբեք չի վարանի դիմակայելու Ադրբեջանի իրավունքի, օրենքի, տարածքի նկատմամբ ամեն տեսակ հարձակմանը»: Էրդողանն ընդգծել է՝ իրենց պարտքն են համարում հարցի առնչությամբ մոբիլիզացնել համաշխարհային և տարածաշրջանային մակարդակով քաղաքական, դիվանագիտական և հասարակական բոլոր կապերը:
Սա Թուրքիայի նախագահի միակ հայտարարությունը չէր: Փորձագիտական դաշտը, ընդդիմությունը զգուշացնում էին սպասվելիք վտանգի մասին, բայց նույնիսկ տավուշյան մարտերից հետո թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ֆոնին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը բառացի հետևյալը հայտարարեց, թե չի կարծում, որ Թուրքիան կներգրավվի այս կոնֆլիկտում:
«Սեփական ուժերի, սեփական զինված ուժերի անզորությունը հստակ գնահատելով՝ Ադրբեջանի իշխանությունները հնարավորինս անում են առավելագույնը, որպեսզի Թուրքիան ներգրավվի այս կոնֆլիկտում: Ես ինքս կարծում եմ, որ Թուրքիան չի գնա նման քայլի և որևէ կերպ կողմ չի հանդիսանա, և դա հիմնավորում հետևյալ ենթադրությունով՝ առաջինը, որովհետև կարծում եմ, որ կողմ դառնալու պարագայում այն դեպքում, երբ խոսքը գնում է Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման մասին Հայաստանի Հանրապետության պետական սահմանների նկատմամբ, Թուրքիայի կողմ դառնալու պարագայում դա ոչ միայն ՀՀ-ում, այլև աշխարհում ընկալվելու է Ցեղասպանության համատեքստում: Երկրորդ հանգամանքը՝ ինչու եմ կարծում, որ Թուրքիան չի ներգրավվի որպես ուղղակի կողմ՝ այն պարագայում, երբ աշխարհի շատ պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Թուրքիան արդեն իսկ մի շարք տարածաշրջաններում ներգրավված է՝ որպես կոնֆլիկտի ուղղակի կողմ, պարզապես Թուրքիայի այս գործողությունները չեն ընկալվելու աշխարհի շատ պետությունների կողմից: Եվ դրա համար չեմ կարծում, որ այս պարագայում նրանք կներգրավվեն: Առավել ևս, որ իրենց ներգրավվածության հիմնական շարժառիթը, որքանով կարողանում ենք ըստ վերլուծությունների հասկանալ, պայմանավորված է Ադրբեջանի ստահոդ քարոզչությամբ, որով, գիտեք՝ իրենք փորձում են ներկայացնել, որ Հայաստանը փորձում է գազատար և նավթատար խողովակների նկատմամբ ոտնձգություն իրականացնել, և դրանով փորձում էին խրախուսել Թուրքիային՝ ներգրավվել»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Լիլիթ Մակունցը:
Թուրքիան և Ադրբեջանը նախապատրաստվում էին Արցախի և Հայաստանի դեմ պատերազմի, իսկ ԱԺ-ում ձևավորված հանձնաժողովը, որն իբր պետք է քններ ապրիլյան պատերազմի հանգամանքները և վերլուծություններ կատարեր, զբաղված էր ապրիլյան պատերազմը հայկական կողմի պարտություն ներկայացնելով այն դեպքում, երբ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Հայկական դիվանագիտությունը կարողացավ հասնել Վիեննայի, Ժնևի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևը նույն տարվա հոկտեմբերին կառավարության նիստում խոստովանել էր, որ կուլիսների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:
Սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը հարձակում իրականացրեց ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ ոտնձգություն կատարելով նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի նկատմամբ:
Լիլիթ Մակունցը, երբ հայտարարում էր, թե Թուրքիան չի ներգրավվի, ի՞նչ նկատի ուներ, և ինչո՞ւ է «Իմ քայլը» խմբակցությունը հիմա հայտարարում.
«Պատերազմական գործողությունների ընթացիկ վերլուծությունը հիմք է տալիս արձանագրելու, որ հայ ժողովուրդը միասնական ջանքերով ըստ էության պատերազմել է ոչ միայն Ադրբեջանի, այլև աշխարհի խոշորագույն զինված ուժերից մեկի, գերժամանակակից սպառազինություն և անսահմանափակ մարդկային ռեսուրս տիրապետող բանակի, վարձկան ահաբեկիչների և տարբեր պետություններից հավաքագրված հատուկ նշանակության զորամիավորումների դեմ»:
Լիլիթ Մակունցը, լինելով ամենամեծ խորհրդարանական խմբակցության ղեկավար, չէ՞ր տիրապետում իրավիճակին, չէ՞ր հետևում թուրք-ադրբեջանական տանդեմի հայտարարություններին, չէ՞ր նախաձեռնել հանդիպում ՀՀ ռազմական ղեկավարության հետ, որպեսզի հասկանար, թե Թուրքիան ինչ ձևաչափով ու ինչպես կներգրավվի այս կոնֆլիկտի մեջ, թե՞ պարզապես «հաղթելու ենք»-ի նման՝ հասարակությանը փորձում էր կտրել իրականությունից:
Իշխանության գալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցությունները սկսում է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իր սեփական կետից: Նա ասում էր, որ իր «կիրթ» Ալիևը կառուցողական է տրամադրված: Ազգային ժողովում գոռում էր՝ ինչ պետք է՝ դա էլ բանակցում է: Իսկ հիմա, երբ ստորագրել է կապիտուլյացիայի փաստաթուղթը, ինչ-որ անհայտ վայրից լայվերով և ուղերձներով մեղադրում է բոլորին և ՀՀ «հպարտ» քաղաքացիներին պայծառ ապագա խոստանում: Իշխանական խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները՝ Լիլիթ Մակունցի գլխավորությամբ, Նիկոլ Փաշինյանի բոլոր թեզերն առաջ էին տանում և հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնում՝ ասելով, թե Թուրքիան չի հարձակվի Հայաստանի Հանրապետության վրա: Իսկ հիմա հնարավորություն են տալիս պանթուրքիստական ծրագրի իրագործմանը՝ Սյունիքից ճանապարհ տրամադրելով, որպեսզի իրար կապվեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները:
Ի դեպ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր վերջին ասուլիսին հստակ հայտարարեց, որ «եթե հաջողվեր Ղարաբաղի հարցում ավելի շուտ պայմանավորվածության գալ դիվանագիտորեն, ապա 5 շրջանները, միևնույն է` անցնելու էին Բաքվին պարզապես խաղաղ ճանապարհով».
«Մենք կնախընտրեինք, որպեսզի ողջ հակամարտությունը կարգավորվեր շատ վաղուց՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց մասին, ի դեպ, մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում խոսել է և ընդգծել սեփական պատրաստակամությունը՝ այդ սկզբունքների հիման վրա իրականացնել այն, ինչ առաջարկվել էր համանախագահների կողմից: Եթե այդ ուղիով ընթանայինք, ապա արդյունքը, երևի թե, կլիներ համարյա թե նույնական այն հարցում, ինչ վերաբերում է 5 շրջանների, իսկ հետագայում՝ 2 շրջանների ազատմանը, բայց, առաջին հերթին՝ դա կարվեր անարյուն, և երկրորդը՝ դա կարվեր վերջնական քաղաքական կարգավորման հետ համատեղ»: