«Մինչ մարտի 19-ը Արտակ Դավթյանը չի կարող համարվել իրավունքի ուժով գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված». Գոհար Մելոյան
ՀՀ նախագահի աշխատակազմից այսօր տարածեցին, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հրամանագրիրը և Սահմանադրական դատարան չի դիմելու։ Հիշեցնենք, որ մարտի 10-ին Նիկոլ Փաշինյանը միջնորդել էր նախագահին Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու համար, սակայն մեկ օր հետո նախագահն առարկություններով հետ էր ուղարկել Ն.Փաշինյանի գրությունը, նույն օրը վարչապետի աշխատակազմից առարկությունները հիմնավորելով հերթական նույն գրությունը հետ էր ուղարկվել նախագահին։
168.am-ի հետ զրույցում իրավաբան Գոհար Մելոյանն ասաց, որ արդեն երկրորդ անգամ անընդմեջ ականատես են լինում գրեթե նույն վիճակին։ Եթե առաջին դեպքում ականատես եղան բոլորովին հակասահմանադրական գործընթացի, երբ փորձում էին Գլխավոր շտաբի պետին ազատել կամ լիազորությունները դադարեցնել, ապա այս դեպքում, երբ ՀՀ նախագահը և վարչապետը չունեին նմանատիպ լիազորություն։
«Նախորդ գործընթացը ես ամբողջովին համարում եմ հակասահմանադրական և այդ առ ոչինչ և հակաիրավական ակտի վրա դադարեցվել են ԳՇ պետի լիազորությունները։ Այս պարագայում գործընթացը պետք է դիտարկենք Սահմանադրության համատեքստում, ուղղակի այս պարագայում ևս արձանագրում ենք, որ երկրի նախագահը երկրորդ անգամ անգործություն է ցուցաբերում։ Այսինքն՝ նախագահը փորձում է խուսափել որևէ պատասխանատվությունից՝ չի ստորագրում կոնկրետ փաստաթուղթը և եթե չի ստորագրում, ուրեմն՝ կարծում է, որ այն իրենից հակաիրավական գործընթաց է ներկայացնում։ Բացի այն, որ չի ստորագրում, չի էլ ներկայացնում ՍԴ»,-նշեց Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով՝ պատահական չէ, որ Սահմանադրությունը նախագահին այդ երկու հնարավորությունն է տվել։ Հետևաբար, եթե ՀՀ նախագահը չի ստորագրել փաստաթուղթը, նշանակում է՝ առարկություններ ունի և պատահական չէ, որ առաջին անգամ այն վերադարձրել էր Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին։ Եթե այն կրկին վերադարձրել են նախագահին, ապա նա հնարավորություն ունի դիմելու ՍԴ։
«Ուզում եմ կրկին ընդգծել, որ նախագահը խուսափում է իր հիմնական անկյունաքարային գործառույթն իրականացնելուց։ Հարկ է նկատել, որ այստեղ իշխանությունը պետք է գործի այն ժամկետների մեջ, որը կիրառեց Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցնելիս, մասնավորապես գործել է 5+3 բանաձևը։ Օնիկ Գասպարյանի դեպքում իրենք այս բանաձևի վրա աշխատեցին ու կանխորոշեցին։ Քանի որ մենք տեսնում ենք, թե ինչպես է իշխանությունը ձեռք ու ոտք ընկած փորձում Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակել, այս դեպքում առնվազն նրանք այդ ընթացակարգից ետ կանգնելու հնարավորություն չունեն»,- հավելեց սահմանադրագետը։
Նա նաև նկատեց, որ եթե 5-օրյա ժամկետում նախագահը չի ստորագրում վարչապետից ստացած գրությունը և վարչապետն այդ ժամկետում նախագահի առարկությունները չի ընդունում, ապա դրանից հետո նախագահը 3-օրյա ժամկետում կա՛մ ստորագրում է հրամանագիրը5 կա՛մ դիմում է ՍԴ։ Եթե 3-օրյա ժամկետում նախագահն այդ քայլերից որևէ մեկը չի անում, իսկ նա արդեն հայտարարել է, որ ՍԴ չի դիմելու, ապա այդ ժամկետի ավարտից հետո իրավունքի ուժով իրավական ակտն ուժի մեջ է մտնում և Արտակ Դավթյանը նշանակվելու է ԳՇ պետ։
Հետևաբար, ըստ իրավաբանի, «5+3» բանաձևով նախատեսված ժամկետն ավարտվում է մարտի 20-ին և մինչ մարտի 19-ը Արտակ Դավթյանը չի կարող համարվել իրավունքի ուժով գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված։