Իշխանության սիրտը հիմա էլ բանկային հաշիվներն է ուզում. Տնտեսությունը քանդեցին, անցան բանկերին

Այս իշխանությունները հատուկ վերաբերմունք ունեն պետական ինստիտուտների նկատմամբ։ Իրենց ճանապարհին համառորեն քանդում ու ոչնչացնում են ամեն ինչ։

Քիչ էր՝ կոլապսի են ենթարկել պաշտպանության ու անվտանգության, պետական կառավարման ու տնտեսական ինստիտուտները, հիմա էլ հասել են ֆինանսական համակարգին։ Այս համակարգը դեռ դիմակայում է, բայց հասցրել է բավականաչափ թուլանալ՝ իշխանությունների հետևողական գործողությունների հետևանքով։

Բանկային գաղտնիքի հասանելիությունը թուլացնելուց հետո, հիմա էլ ուզում են վերահսկողություն ստանալ ֆինանսական բոլոր շարժերի նկատմամբ։ Այն էլ՝ ոչ միայն ընթացիկ, այլև՝ նախորդ տարիների։ Անունը դրել են կոռուպցիայի դեմ պայքար, ու ինչ խելքներին փչում է, անում են՝ չմտածելով հետևանքների մասին։

Քնել-զարթնել են ու որոշել ստեղծել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որին պարտադիր պետք է միանան Հայաստանում գործող բոլոր բանկերը։ Այդ ռեեստրում պետք է հավաքվեն բանկային հաշիվների ու պահատուփերի շարժերը, այն էլ՝ նախորդ 5 տարիների կտրվածքով։

«Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ներառում է բացված, փակված (այդ թվում՝  սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվան նախորդող 5 տարիների ընթացքում փակված) բանկային հաշիվների, ինչպես նաև տրամադրված, օգտագործումը դադարեցված (այդ թվում՝  սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվան նախորդող 5 տարիների ընթացքում օգտագործումը դադարեցված) բանկային պահատուփերի վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես՝ բանկի հաճախորդի բանկային հաշվի համարը, բանկային հաշվի բացման և փակման, բանկային պահատուփի տրամադրման և օգտագործման դադարեցման ամսաթվերը, հաճախորդի և հաճախորդի կողմից լիազորված անձի նույնականացման՝ պետական իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի տվյալները, ինչպես նաև բանկի վերաբերյալ տեղեկությունները,- ասվում է Կենտրոնական բանկին մասին օրենքում առաջարկվող օրենսդրական նախաձեռնության մեջ:

Սա իշխանությունների հերթական քայլն է՝ բանկային գաղտնիքի ինստիտուտը թուլացնելու համար։ Նպատակը հասկանալի է՝ հետևել նախկինների դրամական հոսքերին։ Կարևոր չէ, թե դա ինչ հետևանք կունենա համակարգի վրա։

Այս քայլով իշխանությունները հետևողականորեն մեծացնում են ճնշումը բանկային համակարգի նկատմամբ։ Նախաձեռնության արդյունքում ավելի կխորանա վերջին տարիներին ի հայտ եկած անվստահությունը։ Սա դառնալու է հերթական քայլը, որպեսզի հաճախորդները հնարավորինս խուսափեն առնչվել բանկային համակարգի հետ։ Դեռ հարց է, թե դրանից ինչ է շահելու կոռուպցիայի դեմ պայքարը։ Երեք տարի շարունակ իշխանությունները բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներն ունեցել են կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար։ Բայց ի՞նչ է տվել մինչև հիմա այդ պայքարը, որ հիմա էլ նոր գործիք ստանալու անհրաժեշտություն է առաջացել։ Կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա ստեղծելով՝ անընդհատ խոսում են կոռուպցիայի կանխարգելման ու նախկինների թալանը վերադարձնելու մասին, իսկ արդյունքներ չկան։ Երեք տարում այդպես էլ իշխանությունները չբացահայտեցին այն միլիարդների հասնող «թալանները», որոնց մասին տարիներ շարունակ հեքիաթներ էին հյուսել ու դրանցով կերակրել հասարակությանը։ Հիմա հերթական իմիտացիան են փորձում ստեղծել։

Կասկած չկա, որ այն ավելի շատ վնասելու է բանկային համակարգին, քան օգնելու է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը։

Բանկային գաղտնիքի հասանելիության ցանկացած թուլացում ի վնաս բանկային համակարգի է։ Նախաձեռնության հեղինակները չեն էլ թաքցնում, որ ռեեստրը լինելու է մի գործիք, որը թույլ է տալու ավելի հեշտ առնչվել բանկային գաղտնիք պարունակող տեղեկտվությանը՝ «Ռեեստրի ստեղծման արդյունքում կբարձրանա իրավասու մարմինների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման արդյունավետությունը»։

Այդ տեղեկատվությունը, ըստ էության, այսօր էլ իրավասու մարմինները կարող են ստանալ։ Բայց ավելի բարդացված տարբերակով, ինչն էլ բանկային գաղտնիքի պաշտպանության կարևոր տարրերից մեկն է։

Հանդես գալով բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր ստեղծելու ոչնչով չարդարացված նախաձեռնությամբ՝ իշխանությունները հերթական անգամ թուլացնելու են բանկային համակարգի հիմքերը։ Հատկապես այն բանից հետո, որ վերջին շրջանում բանկային համակարգը հասցրել է բավական ծանր հարվածներ վերցնել իր վրա։

Ավելացել են ֆինանսական հատվածի մարտահրավերները՝ կապված տնտեսական ճգնաժամի ու վարկառուների եկամուտների նվազման հետ։ Վարկային շուկայի չափազանց բարձր ծանրաբեռվածության հետևանքով առաջացել են խնդիրներ՝ ինչպես վարկային միջոցների տեղաբաշխման, այնպես էլ՝ տեղաբաշխված միջոցների վերադարձելիության հետ կապված։

Աննախադեպ բարձր մակարդակի են հասել վատորակ վարկերը։ Դրանք ընդհուպ մոտեցել են բանկերի վարկային պորտֆելի 7 տոկոսին։ Բանկերի երկարաձգված և ժամկետանց վարկերն անցնում են 500 մլն դոլարից։ Դրանք շարունակում են ավելանալ, և դեռ հույս չկա, որ շուտով կանգ են առնելու։

Տնտեսական իրավիճակը երկրում այնպիսին չէ, որպեսզի հնարավոր լինի մտածել մոտ ապրագայում կայունության վերականգնման մասին։ Ու այս պայմաններում իշխանությունները պատրաստվում են հերթական անգամ փորձության ենթարկել բանկային համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը։

Ո՞ւմ համար և ի՞նչ նպատակով, պարզից էլ պարզ է. ուզում են տպավորություն ստեղծել, թե գնում են նախկինների թալանի ու կոռուպցիայի հետևից։ Նախորդ 3 տարիներին էլ այդպես էին ասում, բայց արդյունքներն այդպես էլ չտեսանք։

Փոխարենը՝ հետևանքներն ամենուրեք են. ունենք քանդված ու ավերված տնտեսություն, անգործության մատնված պետական կառավարման համակարգեր ու ինստիտուտներ։ Դեռ դիմակայում է բանկային համակարգը, սակայն քիչ-քիչ ուզում ենք այն էլ քանդել ու ոչնչացնել։ Հանուն ինչի՞։ Հանուն նրա, որ որոշ մարդիկ կարողանան բավարարել իրենց սեփական ամբիցիաները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս