Ո՞ր դեպքում Փաշինյանը հրաժարական կտա և ինչո՞ւ չի տվել մինչև հիմա

Այսօր մարտի 9-ն է, և լրանում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկով ՍԴ դիմելու վերջնաժամկետը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկությանն ու դրա շուրջ ընթացող զարգացումներին,  «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը կարծիք հայտնեց, որ եթե հանրապետության նախագահն առաջին փուլում արձանագրել էր, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու առաջարկում առկա են սահմանադրականության հետ կապված խնդիրներ, ու այն ետ էր ուղարկել Փաշինյանին, ապա դա պետք է հիմք դառնար, որպեսզի Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ այդ առաջարկը ստանալուց անմիջապես հետո դիմեր Սահմանադրական դատարան, և ոչ թե՝ սպասեր  ժամկետների ավարտին։

«Փաշինյանի ներկայացրած առաջարկում Սահմանադրության մեկնաբանման խնդիր կա, հետևապես, եթե հանրապետության նախագահը հիմա էլ չդիմի Սահմանադրական դատարան, ապա դա հանրության նկատմամբ կլինի անազնիվ մոտեցում, և նախագահը բաց կթողնի այն պահը, երբ կարող է իրապես ապացուցել, որ ինքը Սահմանադրության կրողն է։  Եթե նա չի դիմում ՍԴ, ապա դա ինձ թույլ է տալիս ենթադրելու, որ Արմեն Սարգսյանն առաջնորդվում է ոչ թե պետական, այլ անձնական շահերով»,- ասաց Վարդանյանը՝ հակադրվելով նախագահի նախկին խորհրդարական Լևոն Մարտիրոսյանի այն տեսակետին, ըստ որի, Սահմանադրությամբ հանրապետության նախագահին տրված են նվազագույն գործիքներ, ուստի պետք էլ չէ ինչ-ինչ սպասումներ ունենալ նրանից, քանի որ նախագահը գործում է այն գործիքների շրջանակում, որոնք ունի։

Մարտիրոսյանը նաև ընդգծել էր, որ գործող Սահմանադրությամբ ՀՀ նախագահին չի տրվել ո՛չ վետո կիրառելու, ոչ էլ միանձնյա ճգնաժամային իրավիճակներում խորհրդարանը ցրելու լիազորություն։

«Հանրապետության նախագահը, երբ օրենքը կամ որևէ այլ ակտ չի ստորագրում և դիմում է Սահմանադրական դատարան, դա արդեն իսկ հարաբերականորեն հենց վետոյի իրավունք է։ Եթե նախագահն իրավունք ունի դիմել ՍԴ, բայց իր այդ իրավունքից չի օգտվում, այլ ի՞նչ լիազորության մասին կարող է խոսք գնալ, ինչի՞ց կարող է դժգոհել, հետևապես, ես չեմ հասկանում, այն նախագահը, ոը երկու ամիս առաջ պահանջում էր Կառավարության ու դրա ղեկավարի հրաժարականը, այսօր ինչպե՞ս է այդ նույն Կառավարության ղեկավարի  առաջարկած ակտը ՍԴ չուղարկելու։ Ստացվում է նոնսենս»,- ասաց Էլինար Վարդանյանը։

Ինչ վերաբերում է իշխանության՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից ամեն գնով ազատվելու ցանկությանը, ապա «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամը հարց հնչեցրեց՝ եթե  նույնիսկ իշխանությանը հաջողվի Օնիկ Գասպարյանից ազատվել, այդ դեպքում ի՞նչ են անելու՝ նշանակելու է նոր շտաբի պետ, որը գալու և ի՞նչ է անելու արդեն իսկ տարածված և ամբողջ ԳՇ-ի ստորագրած հայտարարության հետ։

«Մի՞թե Գլխավոր շտաբի  նոր պետը գալու է և ասի՝ մենք հրաժարվում  ենք հայտարարությունից, որում ասված է, որ իշխող կառավարությունը երկիրը տանում է կործանման»,- հարցրեց Վարդանյանը։

Շարունակելով կործանման եզրին գտնվող երկրի վարչապետի կողմից ճգնաժամը օր օրի խորացնող գործողությունների քննարկումը՝ Էլինար Վարդանյանը հավելեց, որ իշխանությունը կարողանում է երկրում ճգնաժամը ավելի խորացնել՝ հիմնվելով միայն ու միայն ուժային կառույցների վրա, որոնք դեռ հանդիսանում են Փաշինյանի իշխանության միակ հենարանը։

Հարցին՝ եթե ուժայինները ամուր կանգնած են Փաշինյանի թիկունքին, այդ դեպքում ինչո՞վ է բացատրում այն, որ իշխանությունը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է պետական պահպանության ծառայությունը դուրս բերել ԱԱԾ-ի ենթակայությունից և դարձնել վարչապետին ենթակա մարմին, Էլինար Վարդանյանը պատասխանեց.

«Այդ որոշումը ցույց է տալիս, որ Փաշինյանն ունի վախեր. նրա բոլոր գործողությունները խոսում են Փաշինյանի վախերի մասին, և հենց այստեղ է, որ անելիք ունի ընդդիմությունը։ Նրանք պետք է Փաշինյանին անվտանգության եաշխիքներ ու հումանիտար միջանցք տան։ Եթե ընդդիմությունը Փաշինյանին անվտանգության երաշխիք չտա, ապա ականատես ենք լինելու Փաշինյանի անկանխատեսելի որոշումներին, մենք դեռ ականատես կլինենք  նրա վախերից բխող որոշումների»,- ասաց Վարդանյանը։

Հարցին՝ եթե այդ ընդդիմությունը հայտարարում է, որ Փաշինյանն Արցախը պատերազմի, ապա պարտության տարած գերագույն գլխավոր հրամանատար է, այդ դեպքում ինչո՞ւ պետք է այդ  մարդուն տա անվտանգության երաշխիք, չէ՞ որ ընդդիմությունն ասում է, որ գործ ունենք դավաճանության հետ, իսկ եթե դատարանով դա ապացուցվի, ինչո՞ւ պետք է այդ մարդը  պատասխանատվություն կրելու փոխարեն՝ անվտանգության երաշխիք ստանա, և, ի վերջո, պարտված առաջնորդին անվտանգության երաշխիք տալով՝ ի՞նչ նախադեպ կստեղծվի երկրում,

Էլինար Վարդանյանը պատասխանեց.

«Եթե մենք պետք է այսպես պայքարենք նրա դեմ, ապա նա շարունակելու է կառչած մնալ աթոռից, իսկ երկիրն այդ դեպքում մենք կորցնելու ենք։  Մենք պետք է հասկանանք, թե ո՞րն է մեզ համար առաջնահերթությունը՝ փրկել երկի՞րը, թե՞ թույլ տալ, որ նա շարունակի վերջնականապես կազմալուծել Հայաստանը։ Մենք իսկապես կկորցնենք Հայաստանը, եթե նա մնաց»,- ասաց Վարդանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս